Էրդողանի «նյու-յորքյան  թեզիսները»

ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի նախագահը: Meydan.TV ադրբեջանական կայքը, որ գործում է Եվրոպայում եւ ազատ է ալիեւյան գրաքննությունից ու նաեւ որոշակիորեն պահպանում է լրագրողական էթիկայի չափանիշները, ներկայացրել է այդ խոսքի հիմնական թեզիսները: Ըստ այդմ, Թուրքիայի նախագահն առաջին հերթին անդրադարձել է քառասունչորսօրյա պատերազմին եւ դրա հետեւանքով ստեղծված նոր իրավիճակին:
«Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման տեսանկյունից կարճ ժամանակում կարեւոր քայլեր են արվել,-ասել է Թուրքիայի նախագահը:- Ադրբեջանը, օրինական պաշտպանության իրավունքից օգտվելով, կյանքի է կոչել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չիրականացված որոշումները եւ վերջ դրել իր տարածքների օկուպացիային: Այդ իրադարձությունը նպաստել է տարածաշրջանում տեւական խաղաղության  պատուհանի բացման հնարավորության ստեղծմանը: Թուրքիան որոշել է կողմերի ցանկացած արդյունավետ քայլի աջակցել»:
Այնուհետեւ Էրդողանն անդրադարձել է Ղրիմի հարցին: «Մենք, ներառյալ մեր կողմից չճանաչված Ղրիմը, սատարում ենք Ուկրաինայի ինքնիշխանությանը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելուն կարեւորություն ենք տալիս»:
Նույն հարթության վրա Թուրքիայի նախագահն անդրադարձել «մուսուլման ույղուրների» խնդրին եւ նշել, որ նրանց հիմնական իրավունքները պետք է պաշտպանվեն Չինաստանի «տարածքային ամբողջականության շրջանակներում, եւ Պեկինն այդ ուղղությամբ պետք է առավելագույն ջանքեր գործադրի»:
Թուրքիայի նախագահը նաեւ խոսել է Քաշմիրի հակամարտության մասին եւ ընդգծել, որ կարգավորումը պետք է տեղի ունենա կողմերի միջեւ երկխոսության միջոցով՝ ՄԱԿ-ի բանաձեւերի հիման վրա: Էրդողանը նաեւ շոշափել է Աֆղանստանի եւ Սիրիայի հետ կապված հարցեր: Աֆղանստանի կապակցությամբ նա ասել է, որ Թուրքիան «կկատարի այդ երկրի հանդեպ եղբայրական պարտքը»:
Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Թուրքիայի նախագահն ասել է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի, որ այդ ճգնաժամը եւս տասը տարի տեւի, բայց որեւէ կոնկրետ առաջարկություն չի հնչեցրել:
Էրդողանը բավական ծավալուն անդրադարձ է կատարել Պաղեստինի խնդրին եւ հայտարարել, որ եթե պաղեստինցիների կոտորածը շարունակվի, ապա Միջին Արեւելքում անհնար կլինի հասնել խաղաղության եւ կայունության եւ սուր քննադատել օկուպացիան, բռնակցումը եւ ապօրինի բնակեցումը՝ առանց, սակայն, նշելու Իսրայել պետությանը: Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից Երուսաղեմն անվանել է «Ղուդս» եւ ընդգծել, որ ՄԱԿ-ի ԱԽ 1947թ. բանաձեւով հաստատված՝ այդ քաղաքի միջազգային կարգավիճակը խախտվել է: Պաղեստինի խնդրի կարգավորումն, ըստ Էրդողանի, պետք է տեղի ունենա երկու պետություն՝ երկու մայրաքաղաք սկզբունքով:
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Էրդողանը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում նախ ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի պաշտոնը: Դա վկայում է, որ Իլհամ Ալիեւը միջազգային բավարար հեղինակություն այս փուլում չունի: Հակառակ դեպքում որպես ՄԱԿ-ի ԱԽ «որոշումներն իրականացրած առաջնորդ»՝  ինքը կուղեւորվեր Նյու-Յորք եւ կփորձեր լեգիտիմացնել քառասունչորսօրյա պատերազմից հետո նոր ստատուս-քվոն: Այս իմաստով ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանի հղումները ոչ թե փակում են ԼՂ խնդիրը, այլ հայկական դիվանագիտությանը հնարավորություն տալիս, որպեսզի նույն այդ բանաձեւերի ուժով դրվի ԼՂ էթնիկ-վարչատարածքային ամբողջականության վերականգնման հարցը:
Երկրորդ եզրակացությունը, որ բխում է Էրդողանի ելույթի համատեքստից, այն է, որ նա շարունակում է «լարախաղաց մնալ» Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ: Եթե Ղրիմի հարցում նրա դիրքորոշումը մոտ է արեւմտյան բեւեռի գնահատմանը, ապա Երուսաղեմի միջազգային կարգավիճակի հարցում Էրդողանը կտրուկ հակադրվում է Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին, որը ոչ միայն Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք, այլեւ Գոլանի բարձունքներն էլ նրա անբաժանելի մաս է ճանաչել:
Երրորդ ուշագրավ պահը Չինաստանի նկատմամբ Էրդողանի հռետորաբանության շատ նկատելի փոփոխությունն է: Եթե մինչեւ Աֆղանստանում թալիբների իշխանության գալը Թուրքիայի նախագահը Չինաստանի իշխանություններին մեղադրում էր ույղուրների «ցեղասպանություն կազմակերպելու» մեջ, ապա այսօր հրապարակային ընդունում է, որ նրանց հիմնական իրավունքները պետք է հարգվեն չինական պետության ամբողջականության շրջանակներում:
Այս հռետորաբանությունը, թվում է, պետք է մեզ համար խիստ մտահոգիչ եւ ազդանշանային լինի: Ըստ երեւույթին, Թուրքիան եւ Չինաստանը հասել են որոշ պայմանավորվածությունների, որոնք, բնականաբար, ազդեցություն են թողնելու հայ-չինական հարաբերությունների վրա: Բայց, թերեւս, պետք է առանձնացնել նաեւ Քաշմիրի հարցում Էրդողանի գոնե առերեւույթ «չեզոքությունը»: Նա չի պաշտպանել Պակիստանի դիրքորոշումը:  Ըստ երեւույթին, հաշվարկն այն է, որ տեսանելի ապագայում Հնդկաստանը կարող է Հարավ-արեւելյան եւ Կենտրոնական Ասիայում լուրջ դերակատարության հայտ ներկայացնել, եւ Թուրքիան հանուն Պակիստանի հետ համերաշխության պատրաստ չէ ի սկզբանե նրա հետ խնդիրներ ստեղծել:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր