Site icon politcom

Իշխանության քաղաքական անմեղսունակությունը

Դոնթի բանաձևով՝ ԱԺ պաշտպանության անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պատկանում է ընդդիմությանը։ Արթուր Ղազինյանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կոնսոլիդացված թեկնածուն է։
Երեկ խորհրդարանական մեծամասնությունը չորրորդ անգամ մերժեց նրա թեկնածությունը ու, ըստ ամենայնի, այս փակուղին դեռ երկար է շարունակվելու։ Համենայն դեպս, «Հայաստան» դաշինքը, կարծես թե, կրկին առաջադրելու է Ղազինյանի թեկնածությունը, իսկ ՔՊ-ն այն կրկին ու կրկին «ջանասիրաբար» մերժելու է։
Անդրանիկ Քոչարյանի այն փաստարկը, թե հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը պատկանում է ընդդիմությանը, բայց ոչ՝ Ղազինյանին, այս պարագայում պարզապես չի աշխատում, որովհետև ընդդիմադիր երկու խմբակցությունները կոնսոլիդացված դիրքորոշում ունեն և իշխանությանն, ըստ էության, զրկել են մանևրի որևէ հնարավորությունից։
Այլ խոսքով, իշխանություն այս պահին հակադրվում է քաղաքական տրամաբանությանը ու ինքն է փակուղի ստեղծում խորհրդարանի առանցքային հանձնաժողովներից մեկում։
Այս պարագայում քաղաքական ճաշակի, սենտիմենտալ տարբեր բնույթի թեզերը չեն աշխատում, որովհետև ՔՊ-ում ուզեն, թե՝ ոչ, խորհրդարանական ընդդիմությունը հենց այս մարդիկ են, ընդ որում՝ հենց օրվա իշխանության քաղաքականության հետևանքով։ Եթե Ղազինյանն այդ ընդդիմության միասնական թեկնածուն է, բայց մեծամասնությունը փաստացի կասկածի տակ է դնում նրա առաջադրման լեգիտիմությունը, ապա նույն տրամաբանությամբ կարելի է կասկածի տակ դնել նաև գործող ԱԺ-ի մեծամասնության լեգիտիմությունը։
Կամ՝ եթե իշխանության պատգամավորներն ասում են, թե իրենց ընտրողները չեն հասկանա Ղազինյանի ընտրությունը, ապա արձանագրենք, որ հասարակական շատ խմբեր էլ չեն հասկանում, օրինակ, Ալեն Սիմոնյանի կամ Հակոբ Արշակյանի ընտրությունը։
Ընդդիմությունը կարո՞ղ էր այս հանձնաժողովի փոխնախագահի համար ունենալ ավելի պրոֆեսիոնալ ու կոմպրոմիսային թեկնածու։
Թերևս՝ այո, սակայն ընտրությունը կանգ է առել Ղազինյանի վրա։ Իշխանությունը կամ պետք է հաշտվի այս փաստի հետ, կամ էլ՝ միտումնավոր վարկաբեկում է շատ կարևոր հանձնաժողովը։ Թե ինչ նպատակով, մնում է ենթադրել։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version