«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության երկրորդ(արտահերթ) համագումարի բանաձևը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության երկրորդ(արտահերթ) համագումարը՝ քննարկելով 2020թ-ի 44-օրյա պատերազմի հետևանքով ձևավորված տարածաշրջանային միջավայրը, Հայաստանի համար առաջացած ներքին ու արտաքին անվտանգային ռիսկերն, արձանագրում է․
-44-օրյա պատերազմի պարտության հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունն են՝ դրանից բխող քաղաքական ու իրավական հետևանքներով՝ անկախ հանրային կարծիքն ու իրականությունը մանիպուլացնելու նրանց ջանքերից։ ԱԺ ընտրությունների արդյունքները չեն կարող սրբագրել այս իրողությունը։
-Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի հետ երկկողմ կամ բազմակողմ ձևաչափով որևէ նոր համաձայնագրի ստորագրումը, քանի դեռ Ադրբեջանում պահվում են տասնյակ, գուցե հարյուրավոր հայ ռազմագերիներ, իսկ Հայաստանի սուվերեն տարածքի մի մասը շարունակում է օկուպացված մնալ թշնամու կողմից։ Նման պայմաններում որևէ նոր համաձայնագիր կարող է անվտանգային նոր ռիսկեր ծնել Հայաստանի համար, հանգեցնել Հայաստանի սուվերենության ամբողջական կամ մասնակի կորստին սեփական տարածքների նկատմամբ՝ միջանցքների ստեղծման կամ անկլավների վերադարձման ձևով։
-Կոմունիկացիաների ապաշրջափակման գաղափարը ռացիոնալ է, եթե դրա նպատակը տարածաշրջանային համագործակցության ու անվտանգային միջավայրի ստեղծումն է։ Պետք է բացառել կոմունիկացիաների ապաշրջափակման որևէ սցենար, որը կարող է ծնել Հայաստանը նոր աքցանի մեջ դնելու ռիսկ։
-ԼՂ կարգավորման գործընթացում պետք է բացառել ցանկացած արկածախնդիր մոտեցում՝ շեշտը դնելով Արցախի բեկորների հայկականության, անվտանգության ապահովման վրա, կարևորելով հումանիտար խնդիրների լուծումը։ Այս հարթության վրա կարևոր ենք համարում Հայաստանի սերտ համագործակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, հատկապես՝ Ռուսաստանի հետ,
-Հայ-թուքական երկխոսությունն անհրաժեշտություն է։ Դա, մի կողմից, նպաստելու է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, մյուս կողմից՝ նվազեցնելու է նոր հնարավոր պատերազմի ռիսկերը։ Հարևան երկրների հետ Հայաստանի բնականոն հարաբերությունները նպաստելու են մեր երկրի սուբեկտության մեծացմանը։ Սա բարդ գործընթաց է, որը գործող իշխանությունը սպասարկել չի կարող՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով։
-ԱԺ արտահերթ ընտրությունները չեն հաղթահարել ճգնաժամը, որովհետև խորհրդարանում քաղաքական այն խճանկարն է, որը ճգնաժամի մանրակերտն է։ Այս ընտրությունները ոչ թե գործող իշխանության վստահության, այլ հին համակարգի հետ ասոցացվող նրա հիմնական մրցակիցների հակառեյտինգի ցուցիչ էին, ինչն էլ ապահովեց գործող իշխանության վերարտադրությունը։
Այս խորհրդարանը ներքաղաքական ճգնաժամի ու գործող իշխանության ձախողված քաղաքականության հայելային դրսևորումն է ու ակնհայտորեն չի կարող գործել իր լիազորությունների ամբողջ ժամկետում։ ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են։
-«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խնդիրն է՝ մինչև հնարավոր արտահերթ ընտրությունները, նպաստել որակապես նոր ընդդիմության ձևավորմանը, որն ինստիտուցիոնալ կապ չի ունենալու կապիտուլյացիոն իշխանության և նախկին մերժված համակարգի հետ։
-«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցային ժողովրդավարության կողմնակից է և ակտիվ մասնակցություն է ունենալու քաղաքական գործընթացին, բոլոր մակարդակների ընտրություններին։ Բոլոր լեգալ միջոցներով հարկ է կանխել գործող իշխանության՝ ավտորիտար կառավարում հաստատելու, ՏԻՄ-երը մոնոպոլացնելու մտադրությունները։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր