Ալիեւը նահանջեց. ինչպե՞ս կօգտագործենք հնարավորությունը

Նյու-Յորքում անցյալ տարվա նոյեմբերից ի վեր առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նստել են բանակցային սեղանի շուրջ: Դրան նախորդել է ՄԽ համանախագահների հետ նրանց առանձին –առանձին հանդիպումը: Համանախագահները նաեւ քննարկումներ են ունեցել քաղաքական հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի եւ ԵԱՀԿ Գործող նախագահի հետ: Բոլոր հանդիպումներին ներկա է եղել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Նման ձեւաչափով եւ մակարդակի շփումները թույլ են տալիս զգուշավոր լավատեսություն արտահայտել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո ԼՂ համապարփակ կարգավորման բանակցությունները կարող են վերսկսվել: Միայն այն փաստը, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իլհամ Ալիեւի չափազանց կոշտ ելույթից հետո Ադրբեջանի արտգործնախարարն, այնուամենայնիվ, մասնակցել է ՄԽ համանախագահների կազմակերպած հանդիպմանը, վկայում է, որ միջազգային բավական ընդգծված կոնսոլիդացիա կա այն հարցում, որ քառասունչորսօրյա պատերազմը չի լուծել ԼՂ հիմնախնդիրը: Այս իմաստով ամենաէականը, թերեւս, քննարկումներին Ռուսաստանի ներգրավվածությունն է՝ փոխարտգործնախարարի մակարդակով: Դա վկայում է, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե ԼՂ հարցում Ադրբեջանը եւ Ռուսաստանը միակարծիք են, հարցը համարում են փակված, միայն քարոզչական հնարք է: Ռուսաստանը շարունակում է մնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ եւ համագործակցում է Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ: Կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունենում ավելի լայն համաձայնության գալու շուրջ քննարկումների համատեքստում: Հայտնի է, որ Ադրբեջանը դեռեւս չի հաստատել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատը եւ անհավանական չէ, որ Ռուսաստանն այս հարցում ստանա միջազգային աջակցություն՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ մանդատով: Թերեւս, այս հեռանկարի պատկերացումն է, որ Իլհամ Ալիեւին ստիպում է ներգրավվել քննարկումներում:
Ադրբեջանի դիրքորոշման նկատելի փոփոխությունը, հավանաբար, պայմանավորված է նաեւ նրանով, որ չնայած դիվանագիտական ահռելի ջանքերի գործադրմանը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին այդպես էլ չհաջողվեց արժանանալ Միացյալ Նահանգների նախագահի ընդունելությանը: Թուրքիայի համար դա սկզբունքային նշանակության ձախողում է: Էրդողանը փորձում էր ԱՄՆ-ի միջոցով առանցքային դերակատարություն ստանալ Աֆղանստանի շուրջ եւ Կենտրոնական ու Հարավ-արեւելյան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ձեւավորվող աշխարհաքաղաքական դասավորություններում: ԱՄՆ այցից առաջ Էրդողանի հակառուսական կոշտ հռետորաբանությունը Վաշինգտոնին հավատարմության երդման ցուցադրում էր, որ, կարծես, չընդունվեց: Էրդողանը մտադիր էր ՌԴ նախագահի հետ բանակցությունների գնալ ԱՄՆ «հուսալի դաշնակցի» դիվանագիտական ռեսուրսով: Որոշակի իմաստով Միացյալ Նահանգների նախագահն Ռուսաստանի պաշտոնակցին Էրդողանին «սեղմելու» քարտ-բլանշ է տվել: Այս իմաստով հատկանշական է, որ եթե Վաշինգտոն մեկնելիս Էրդողանը Պուտինի հետ հանդիպման լայն, նաեւ Հարավային Կովկասն ընդգրկող օրակարգ էր անոնսավորել, ապա Նյու-Յորքից վերադառնալիս հիմնականում կենտրոնացել է Սիրիայի իրավիճակը եւ ռուս-թուրքական համագործակցությունը քննարկելու մտադրության վրա եւ հատկապես շեշտել С-400 հրթիռային համակարգի նոր խմբաքանակ ձեռք բերելու մտադրությունը:
Նյու-Յորքում ԼՂ հարցով քննարկումները, կարծես, վկայում են, որ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի համար անընդունելի է Հարավային Կովկասի «սիրիականացման» թուրքական ծրագիրը: Ի դեպ, դա ազդանշանային պիտի լինի նաեւ Իլհամ Ալիեւի համար: Քառասունչորսօրյա պատերազմին Թուրքիայի վճռորոշ մասնակցությունն այլեւս ամենավերջին ջորեպանի համար է բացահայտել Ադրբեջանի «հզորության» սնանկությունը եւ հանրային կարծիքը հասցրել են այն աստիճանի, որ թուրքական որեւէ խորհրդանիշի բացակայությունն իսկ ընկալվում է որպես վերահաս աղետ: Ադրբեջանում այլեւս ապագան չեն պատկերացնում առանց Թուրքիայի: Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին նույնիսկ կտրուկ պահանջում է դադարեցնել Չմիացած երկրների կազմակերպությանն անդամակցությունը եւ Թուրքիայի հետ հռչակել կոնֆեդերատիվ պետություն: Ըստ էության, նա արտահայտում է հանրության ճնշող մեծամասնության տրամադրությունը: Եւ եթե խնդիրը դիտարկենք այս հարթությունում, ապա ԼՂ հարցով ՄԽ համանախագահների հովանու ներքո բանակցությունների վերսկսումը մի զգալի չափով փրկօղակ է նաեւ Իլհամ Ալիեւի համար գոնե այնքանով, որ միջազգային մակարդակով վերահաստատվում է Ադրբեջանի՝ որպես անկախ պետության ֆորմալ գոյությունը:
Նյու-Յորքում կայացած հանդիպումները գնահատելիս, թվում է, ուշադրություն պետք է դարձնել դրանց շուրջ ռուսական փորձագիտական հանրության հիմնականում դրական կամ առնվազն չեզոք արձագանքներին: Քաղաքական վերաբերմունք առաժմ չկա: Պետք է ենթադրել, որ բոլորն սպասում են Պուտին-Էրդողան «մենամարտին»: Դա, ամենայն հավանականությամբ, բավական ծանր հանդիպում է լինելու: Ռուսաստանում նրանից «հաշիվ են պահանջելու» Ղրիմի հարցով հայտարարությունների եւ «թուրքական բանակ» կազմավորելու մտադրության համար: Էրդողանն ակնկալում է, որ Իդլիբում ռազմական ներկայության հարցում կարող է պայմանավորվել Պուտինի հետ, թեեւ Սիրիայի նախագահի հետ հանդիպման ավարտին նա հայտարարել էր, որ առանց ՄԱԿ-ի մանդատի կամ սիրիական կառավարության հրավերի այդ երկրում գտնվող բոլոր օտար ուժերը պետք է հեռանան: Հնարավոր է՝ Պուտինը Էրդողանից պահանջի չեղարկել Ադրբեջանը «կլանելու» եւ այդ հարթակից Կենտրոնական Ասիայում հաստատվելու նախագիծը: Ռուսաստանի «նուրբ փորատակին»՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, թուրքական հավակնություններն արդեն իսկ հատում են անվտանգային «կարմիր գծերը»:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո, կարծես, ուժային կենտրոններում վերագնահատումներ են արվում: ԼՂ համապարփակ կարգավորման բանակցային գործընթացի վերսկսումը հնարավորություն է, որպեսզի Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Մերձավոր Արեւելք-Հարավային Կովկաս-Կենտրոնական Ասիա աշխարհաքաղաքական «աղեղով» կառավարելի իրավիճակ ձեւավորեն: Հակառակ դեպքում տարածաշրջանը կարող է վերածվել դիմակայության գոտու՝ ավելի խոր ցնցումների հեռանկարով հանդերձ: Իրավիճակը հնարավորություն է նաեւ հայկական կողմի համար, որովհետեւ ակնհայտ է մի բան. ՄԽ համանախագահ երկրների համար սպառնալիք կլինի, եթե նոր ստատուս-քվոն վերածվի թուրքական աշխարհի հավակնությունների սպասարկման գործիքի: Դա կնշանակեր Թուրքիայի վճռական մուտք միջազգային քաղաքականության «բարձրագույն լիգա»: Հայ քաղաքական դասը նույնպես պետք է անցնի վերագնահատումների մի փուլ: Ժամանակը սեղմում է, իսկ առկա հնարավորությունը, պետք է անկեղծորեն խոստովանել, այնքան էլ մեծ, կայուն-երաշխավորված չէ: Մեկ-երկու ամսվա «տնային աշխատանքի» միջոց մենք, ամենայն հավանականությամբ, ունենք եւ պարտավոր ենք այն օգտագործել պատմական պատեհության սթափ գիտակցմամբ եւ բարձր պրոֆեսիոնալիզմով: Կկարողանա՞նք…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր