Site icon politcom

Գերմանական ընտրություններ ինտրիգը․ ո՞վ է փոխարինելու Մերկելին

Գերմանիայում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, որ 16 տարի երկիրը ղեկավարած Անգելա Մերկելը հրաժեշտ է տալիս քաղաքականությանն ու այդ երկրում սրվել է իշխանության հարցը։
Մերկելի կուսակցությունը կամ Քրիստոնեա-դեմոկրատների շուրջ ձևավորված դաշինքը երեկ իր պատմության մեջ ամենավատթարագույն արդյունքն է գրանցել՝ 24, 1%-ով զբաղեցնելով երկրորդ տեղը ու մոտ երկու տոկոս քվեով զիջելով սոցիալ-դեմոկրատներին, որոնք ստացել են 25, 7% ձայն։
Դժվար է ասել, թե որն է Գերմանիայի պահպանողականների պարտության պատճառը։
Դա կարող է լինել հասարակության հոգնածությունը նրանց տևական կառավարումից, պանդեմիայի դեմ անարդյունավետ պայքարը։ Իհարկե, Գերմանիայում և դրանից դուրս շատերը ֆիասկոյի պատճառ համարում են նրանց կանցլերի թեկնածու Արմին Լաշետին, որի վարքագիծը պատճառ դարձավ, որ ընտրական գործընթացի ընթացքում ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի վարկանիշը հետևողականորեն անկում ապրի։
Գերմանիայի Սոցիալ- դեմոկրատական կուսակցությունն ընտրությունների նոմինալ հաղթողն է, սակայն նրա թեկնածու Օլաֆ Շոլցը կանցլեր կարող է դառնալ, եթե կոալիցիայի շուրջ արդյունավետ բանակցություններ կարողանա վարել «կանաչների» ու լիբերալների հետ, որոնք ընտրությունների արդյունքներով ձևավորել են նոր խորհրդարանի երրորդ ու չորրորդ խմբակցությունները։
Վերջիններս չեն բացառում կոալիցիան թե քրիստոնեա- դեմոկրատների և թե սոցիալ-դեմոկրատների հետ, հետևաբար՝ կանցլեր դառնալու հնարավորությունները պահպանում է անգամ ընտրական գործընթացը ձախողած Արմին Լաշետը։
Առջևում բանակցությունների լարված ռաունդն է, որը կարող է շաբաթներ, նույնիսկ ամիսներ տևել ու դժվար է ասել, թե երբ կիմանանք Մերկելին փոխարինողի անունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version