Site icon politcom

Ալիևի «հաղթական մենությունը»

Ադրբեջանի նախագահն երեկ հանդես է եկել ուղերձով, որում հերթական անգամ հայտարարել է, թե ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կարգավորված է:
«Լեռնային Ղարաբաղ» անվանմամբ վարչական տարածք չկա, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով հանգուցյալին, ապա թող դա անի իր տարածքում՝ իր տարածքում ստեղծի հանրապետություն, հասարակություն, որը կոչվում է «Լեռնային Ղարաբաղ», և մենք կճանաչենք այն: Բայց ո՛չ Ադրբեջանում: Այդ հարցը լուծված է, դա ասում եմ ես` Ադրբեջանի նախագահը, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը: Յուրաքանչյուր ոք պետք է հաշվի նստի այս խոսքերի հետ», – ասել է Իլհամ Ալիևը:
Իհարկե, Ադրբեջանի նախագահը կարող է օրը հարյուր անգամ հերքել հակամարտության ու Լեռնային Ղարաբաղի գոյությունը, սակայն դրանից իրականությունը չի փոխվում, մանավանդ, որ պաշտոնական Բաքվի գործնական քայլերն էապես տարբերվում են Ադրբեջանի նախագահի կոշտ հռետորաբանությունից։ Օրինակ, օրերս Ադրբեջանի ԱԳ նախարարը իր Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Այս փաստն ինքնին խոսում է այն մասին, որ ԼՂ խնդիրը քաղաքական հարթության վրա կարգավորված չէ ու փորձ է արվում վերակենդանացնել համանախագահության ինստիտուտը։
Բացի այդ, երեկ, ԵԽԽՎ-ն աշնանային և եզրափակիչ նստաշրջանի շրջանակներում ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև, որտեղ դարձյալ, ի հեճուկս Բաքվի ջանքերի, օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։
Ալիևն, իհարկե, գիտակցում է, որ համանախագահ երկրներից և որևէ մեկը համաձայն չէ իր օրակարգի հետ ու նրա ցայտնոտային վիճակը, թերևս, պայմանավորված է հենց այդ հանգամանքով՝ Ադրբեջանի նախագահը ագրեսիվ քաղաքականությամբ Հայաստանից փորձում է առավելագույնը կորզել՝ մինչև դիվանագիտական առումով նոր ստատուս-քվոյի ստեղծումը։
Սակայն Ալիևի կոշտ հռետորաբանությունը միանշանակ ընկալում չունի անգամ Անկարայում։
«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագիր դեռ չկա: Փաշինյանը հանդես եկավ հայտարարություններով, մենք դրանք դրական ընդունեցինք: Ադրբեջանը Հայաստանին հաշտության պայմանագրի առաջարկ արեց: Մինչ այժմ Հայաստանից ոչ մի դրական պատասխան չի ստացվել: Բայց մենք կքննարկենք և կձեռնարկենք ցանկացած քայլ Ադրբեջանի հետ», – երեկ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում:
Ճիշտ է, պաշտոնական Անկարան համերաշխվում է Բաքվի օրակարգի հետ ու հայ-թուրքական հարաբերությունները դարձյալ պայմանավորում է ադրբեջանական գործոնով, սակայն նկատելի է, օրինակ, որ Էրդողանը կամ նրա կաբինետի անդամները ձեռնպահ են մնում «Զանգեզուրի միջանցք» տերմինն օգտագործելուց՝ գերադասելով «Նախիջևանի միջանցք» եզրույթը, որն իմաստային առումով մի փոքր այլ նշանակություն կարող է ունենալ։
Ալիևի «հաղթական մենությունը» մեխանիկորեն չի բերելու մեր դիվանագիտական դիրքերի ամրապնդմանը, եթե Երևանը արդյունավետ օրակարգ ու արտաքին քաղաքական հետևողականություն չցուցաբերի։ Ի վերջո, պաշտոնական Երևանը պետք է գիտակցի, որ արդյունավետ դիվանագիտության այլընտրանքը կարող է լինել տարածաշրջանային էսկալացիան՝ նոր պատերազմի ռիսկերով։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version