Site icon politcom

Հայկական դիվանագիտության մարտահրավերները

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, անոնսավորված է Թուրքիայի նախագահի այցը Ռուսաստան: Պուտին-Էրդողան բանակցություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան Սոչիում: Մինչ այդ տարածվել են ՌԴ նախագահի եւ պաշտպանության նախարարի՝ Սիբիրում անցկացրած հանգստյան օրերից լուսանկարներ, որոնք միջազգային մամուլում գնահատվել են որպես «ուժի եւ վստահության ցուցադրում»:
Պուտին-Էրդողան հանդիպումը տեղի է ունենում Թուրքիայի նախագահի ամերիկյան ձախողված ուղեւորությունից օրեր անց: Այս իմաստով թուրքական Star պարբերականը չափազանց խորհրդանշական դիտարկում է արել՝ անդրադառնալով համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ԽՍՀՄ կողմից Թուրքիային ներկայացված տարածքային պահանջներին, որոնք Անկարային դրդել են օգնություն խնդրել Միացյալ Նահանգներից:
«Եթե Ստալինը նման պահանջներ չներկայացներ, ապա Թուրքիան չէր շրջվի ԱՄՆ-ի կողմը, չէր անդամակցի ՆԱՏՕ-ին եւ չէր դառնա Միացյալ Նահանգների ժանդարմը Մերձավոր Արեւելքում»,- գրել է թուրք մեկնաբանը, ինչից կարելի է հետեւություն անել, որ Նյու-Յորքում չընդունելով Էրդողանի հետ հանդիպման առաջարկը, ԱՄՆ-ը նախագահը Թուրքիային մղում է դեպի Ռուսաստան: Առերեւույթ դա այդպես էլ կա: Եթե համեմատենք ԱՄՆ մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահի հայտարարությունները Նյու-Յորքից վերադարձին արված շեշտադրումների հետ, ապա ակնհայտ երեւում է, որ Էրդողանը ՌԴ նախագահի հետ բանակցությունները համարում է գրեթե պատմական-շրջադարձային:
Վերջին զարգացումները՝ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա եռյակ դաշինքի ձեւավորումը, ինչպես նաեւ ԱՄՆ-Հնդկաստան-Ավստրալիա-Ճապոնիա բարձր մակարդակի հանդիպումը, միանշանակորեն վկայում են, որ Բայդենի վարչակազմը կենտրոնացել է Հարավ-արեւելյան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի զսպման առաջնահերթության վրա: Միացյալ Նահանգները Ռուսաստանը դիտարկում է սպառնալիք, բայց՝ ոչ գլոբալ մասշտաբի:
ՆԱՏՕ-ի՝ որպես միասնական՝ հյուսիս-ատլանտյան դաշինքի, հեղինակությունը խարխլվում է, աշխարհը մտնում է նոր դարաշրջան, որը, կարծես, լինելու է առավել մրցակցային: Եթե խնդիրը մասնավորեցնենք Թուրքիայի վրա, ապա, թերեւս, պետք է ասվի, որ ՆԱՏՕ-ն այլեւս չի երաշխավորում Անկարայի աշխարհաքաղաքական դերակատարությունը նույնիսկ Մերձավոր Արեւելքում:
Հիմնական հարցն, այսպիսով, հետեւյալն է. հնարավո՞ր է ռուս-թուրքական ռազմա-քաղաքական դաշնակցություն: Տեսականորեն՝ այո, որովհետեւ Ռուսաստանն էլ իր հերթին դրա կարիքը կարող է ունենալ: Ռուսաստան ուղեւորվելուց առաջ Էրդողանը լրջորեն դրել է Սիրիայի հյուսիսում Մոսկվայից աջակցության հարցը: Թուրքիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանին անուղղակի մեղադրել է Իդլիբի շրջանում օդային հարվածների ծավալը եւ հաճախականությունը մեծացնելու մեջ:
Թուրքիայում համարում են, որ Իդլիբի հանձնումը Սիրիայի կառավարությանը կամ քրդական զինված խմբավորումներին սպառնալիք է իրենց հարավային շրջանների, երկրի տարածքային ամբողջականության համար: Ռուսաստանին բարդ «քննություն» է սպասում: Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը Պուտինը միանշանակորեն կողմ է արտահայտվել արաբական այդ հանրապետության տարածքից առանց ՄԱԿ-ի մանդատի կամ սիրիական կառավարության հրավերի երկրի տարածքում գտնվող բոլոր օտարերկրյա ուժերի հեռացմանը:
Էրդողանը, բնականաբար, ձգտելու է Իդլիբում մնալու ինդուլգենցիա ստանալ: Միաժամանակ, ԼՂ եւ հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերում Ադրբեջանի ամբողջ խաղադրույքն էլ դրված է Պուտին-Էրդողան հանդիպման վրա: Բայց Էրդողանը միաժամանակ երկու՝ Իդլիբի եւ ԼՂ հարցում Ռուսաստանից քաղաքական պրեֆերանցիաներ ստանալու ռեսուրս ունի՞:
Պուտին-Էրդողան հանդիպման նախօրյակին Բաքվի լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը քննարկում են սպառազինությունների առքուվաճառքի հետ կապված հարցեր: Ադրբեջանի համար դա անհրաժեշտությու՞ն է, թե պարզապես Մոսկվայի ուղղությամբ հերթական ժեստն է արվում: Ռուսաստանից C-400 հրթիռային համակարգի երկրորդ խմբաքանակ ձեռք բերելու մտադրության մասին է խոսել Թուրքիայի նախագահ Էրդողանը, իսկ արտգործնախարար Չավուշօղլուն ասել է, որ բոլոր քայլերը կոորդինացվելու են Ադրբեջանի հետ:
Որոշակի իմաստով այդ կոորդինացիան կարելի է համարել Ռուսաստանի նկատմամբ դիվանագիտական ճնշման դրսեւորում այն իմաստով, որ եթե Պուտին-Էրդողան բանակցություններում սկզբունքային համաձայնություն ձեռք չբերվի, ապա Թուրքիան ավելի կխորացնի Ադրբեջանի հետ ռազմա-քաղաքական ինտեգրացիան՝ ներգրավելով նաեւ Պակիստանին: Որեւէ լուրջ հիմքեր չկան կասկածելու, որ այդ ենթադրյալ ալյանսին կարող է հարել նաեւ Չինաստանը: Ընդ որում, Հնդկաստանի կողմնորոշումը դեպի ԱՄՆ զգալիորեն սահմանափակում է Ռուսաստանի մանեւրի հնարավորությունը, ինչպես նաեւ Պակիստանին դրդում Չինաստանի հետ ավելի սերտ համագործակցության:
Ի՞նչ հայտարարի կգան Ռուսաստանը եւ Թուրքիան՝ չափազանց դժվար է ասել: Regnum-ի մեկնաբանը կարծում է, որ սպասվում են նոր եւ բավական լուրջ զարգացումներ: Որքանո՞վ են դրանց ներգրվում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բարդ հարաբերությունները, ի՞նչ ռակուրսով է դիտարկվելու ԼՂ խնդիրը: Հայկական դիվանագիտության մարտահրավերները շարունակում են մնալ չափազանց լուրջ:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version