Տոնոյանից հետո Փաշինյա՞նը․․․

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու ԱԱԾ-ի միջնորդությունը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կքննի այսօր՝ ժամը 17։00-ին։
ԱԱԾ-ն երեկ խուզարկություն է անցկացրել Դավիթ Տոնոյանի բնակարանում։ Ըստ շրջանառվող լուրերի Դավիթ Տոնոյանը կասկածվում է 2011թ. անորակ սպառազինության մատակարարման դեպքով ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, ըստ որի ՊՆ-ն շուկայականից բարձր գներով ձեռք է բերել ավիացիոն ռազմամթերք՝ մասնավորապես հրթիռներ։
Այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ ավիացիայի նախկին պետ գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը։
Ձեռնպահ կմնանք որևէ իրավական գնահատական հնչեցնելուց, քանի որ քրեական գործի մանրամասներին չենք տիրապետում ու ակնհայտորեն ժլատ են գործին առնչվող պաշտոնական պարզաբանումները։
Մի բան ակնհայտ է՝ ՊՆ-ում, բանակում տեղ գտած ու, թերևս, այսօր էլ շարունակվող կոռուպցիոն սխեմաները պետք է բացահայտվեն, բոլոր մեղավորները՝ անկախ երեկ կամ այսօր իրենց ունեցած կարգավիճակներից, պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Մյուս կողմից, Դավիթ Տոնոյանի հետ կապված գործում դժվար չէ նկատել քաղաքական նպատակահարմարության, մոտիվների առկայությունը։
Բանն այն է, որ նա կարևոր դերակատարություն ուներ Նիկոլ Փաշինյանի թիմում նախապատերազմյան շրջանում, առնվազն՝ ԼՂ խնդրում պաշտոնական Երևանի դիրքորոշումների ձևակերպման, պաշտոնական Երևանի, այսպես կոչված, նոր քաղաքականության ամբողջացման հարցում ու Հայաստանի գործող վարչապետը հրապարակավ մի քանի անգամ հասկացրել է, որ Դավիթ Տոնոյանի կոշտ հայտարարություններն իր հետ համաձայնեցված են, այլ խոսքով՝ իր ղարաբաղյան քաղաքականության դրսևորումն են։
Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարում էր «Արցախը Հայաստան է և վերջ», դրան զուգահեռ ու ոչ պակաս խանդավառությամբ Տոնոյանը հարցազրույցներ էր տալիս՝ գեներացնելով «Նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը։
Պաշտոնական Երևանի այս արկածախնդրությունն, ըստ էության, լեգիտիմացրեց պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի մտադրությունը։
Հիմա՝ երբ եկել է Տոնոյանի հատուցման պահը, օդում, կարծես կախված է Փաշինյանի հնարավոր պատասխանատվության տեսլականը․․․

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր