Ստատուս-քվոն պահպանվում է․ Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքը

Երեկ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Սոչիում տևել է մոտ երեք ժամ ու երկու երկրների առաջնորդները քննարկել են հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է թե երկկողմ հարաբերություններին և թե բոլոր այն տարածաշրջաններին, որոնցում Մոսկվան ու Անկարան ունեն ընդհանուր հետաքրքրություններ կամ հակասություններ։
Պուտին-Էրդողան հանդիպումը ինտրիգային էր մի քանի առումով։
Նախ, այն տեղի էր ունենում ռուս-թուրքական հարաբերությունների սրման ֆոնին, ինչի առիթը սիրական Իդլիբի շուրջ ծավալվող իրադարձություններն են, որոնք տարբեր կերպ են մեկնաբանվում Մոսկվայում և Անկարայում։
Բացի այդ, այս հանդիպումից առաջ Պուտինը գտնվում էր, այսպես ասած, քովիդային ինքնամեկուսացման մեջ ու փաստորեն դրանից դուրս եկավ՝ Էրդողանին տեսակցելու համար։ Սա ինքնին ընդգծում է այս հանդիպման կարևորությունը երկուստեք։
Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները ամենևին էլ հարթ են ու դա երեկ արձանագրեցին թե Էրդողանը, թե Պուտինը, սակայն ուշագրավ է Ռուսաստանի նախագահի այն դիտարկումը, թե երկու երկրների գերատեսչությունները սովորել են գտնել Ռուսաստանի ու Թուրքիայի շահերից բխող կոմպրոմիսներ։ Այլ խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան գտնվում են, այսպես ասած, «մրցակցային համագործակցության» ռեժիմում, ինչի մասին առիթ ունեցել ենք գրել մի քանի օր առաջ։
Պուտին-Էրդողան երեկվա հանդիպումից հետո, թերևս, պետք է սպասել դիվանագիտական տեսանելի կամ ստվերային զարգացումների, որոնք միս ու արյուն կհաղորդեն երկու նախագահների երեկվա համաձայնություններին կամ կոմպրոմիսին։
Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, ապա Պուտինը երեկ ասել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը շարունակում է մնալ կայունության լուրջ երաշխիք։ Այս հայտարարությունը խոսում է ԼՂ խնդրում՝ 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունից բխող ռուս-թուրքական պայմանավորվածությունների ստատուս-քվորի պահպանման մասին։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր