Site icon politcom

Գահազրկության մեկնարկը

Regnum-ի Բաքվի թղթակիցը պարբերաբար սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից հանրային-փորձագիտական տեսակետների «ծաղկաքաղ» է ներկայացնում: Դրանք չափազանց ուշագրավ են եւ վկայում են մի իրողություն՝ Ադրբեջանում քառասունչորսօրյա պատերազմից հետո Իլհամ Ալիեւն այլեւս առաջին դեմք չէ: «Սրբապատկերի» տեղը կայուն ներկայությամբ պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանին: Որ դա հղի է ադրբեջանական պետականության հանդեպ վստահության կորստով՝ ավելի խորքային ուսումնասիրության թեմա է: Առայժմ գործ ունենք իրողության հետ, երբ ադրբեջանական հանրության մեծամասնությունը, դատելով փոխանցվող գրառումների բացահայտ կամ ենթատեքստային հղումներից, անցյալ աշնան ռազմական գործողություններում հաջողությունը պայմանավորում է ոչ այնքան Թուրքիայի՝ որպես դաշնակից երկրի, որքան անձնապես նրա նախագահի նվիրվածությամբ եւ վճռականությամբ: Օգտատերերից մեկն, օրինակ, գնահատելով ադրբեջանական բանակում երկու տասնամյակից ավելի տիրող կոռուպցիան, կարգապահության ցածր մակարդակը, զինվորների թերսնումը, հրամանատարական կազմի ոչ պրոֆեսիոնալիզմը, շատ անկեղծորեն խոստովանում է, որ եթե Էրդողանը «մի փոքր հապաղեր, ապա մենք պատերազմը տանուլ կտայինք»:
Ակնհայտ է, որ այն, ինչ Իլհամ Ալիեւը խոսում է կառավարական նստավայրի շքեղ կահավորված սրահներից՝ ի տես տեղական եւ օտար հեռուստաընկերությունների տեսախցիկների, հանրային ընկալումների հետ, մեղմ ասած, հեռավոր աղերս ունի. Ադրբեջանի միջին-վիճակագրական քաղաքացու համոզմունքն այն է, որ պատերազմը շահել է Ռեջեբ Թայիփ Էրդողանը: Եւ այդ հիման վրա էլ նա կառուցում է երկրի ապագայի իր տեսլականը՝ այս դեպքում իր համար ցանկալին պայմանավորելով ռուս-թուրքական հարաբերություններով: Նրա ընկալումներում տեղի է ունեցել արմատական ճեղքում: Ադրբեջանցի մտավորականը, գյուղացին, ուսուցիչը կամ բժիշկն այլեւս չի համարում, որ Հայաստանի հետ հարաբերությունների, ԼՂ վերջնական կարգավորման հարցերում Իլհամ Ալիեւը կարող է ինքնուրույն պայմանավորվել Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես ասում են՝ կրակին յուղ են ավելացնում նաեւ թուրքական, որոշ դեպքերում՝ նաեւ ռուսական քարոզչամիջոցները, որ հաճախակի անդրադառնում են հարյուրամյա վաղեմության իրավիճակին՝ բոլշեւիկա-քեմալական պայմանավորվածություններին եւ Էրդողանին նույնացնում Քեմալի, Պուտինին՝ Ստալինի հետ:
Ադրբեջանում փլուզվում է անձի պաշտամունքը: Սոցիալական ցանցերի օգտատերերից ոչ ոք այլեւս չի խոսում Հեյդար Ալիեւի փրկչական առաքելության, խորիմաստ ներքին ու արտաքին քաղաքականության մասին: Դրանից ուղղակիորեն բխում է, որ Իլհամ Ալիեւն էլ այդ իմաստուն ուղեգծի հետնորդը եւ նպատակ իրագործողը չէ: Երեւույթն, իհարկե, քաղաքական չէ: Թեեւ պետք է նկատել, որ այս իմաստով էլ, կարծես, գաղափարական մոնոլիտն արդեն այն չէ. իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորներ, դարձել են գաղտնի տեսագրությունների զոհ: Ակնհայտ է, որ նման արտահոսք առանց Իլհամ Ալիեւի իմացության չէր կազմակերպվի: Առավել քան ուշագրավ է, որ սեպտեմբերի առաջին օրերին «Ենի Ազերբայջան» կուսակցության Բաքվի եւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տարածքային կառույցների ղեկավարները մեկ որոշմամբ պաշտոնանկ են արվել եւ փոխարինվել նոր մարդկանցով: Ըստ երեւույթին, ԼՂ հարցը Թուրքիայի հովանավորությամբ ուժի կիրառմամբ եւ «ընդմիշտ» լուծելու որոշում Իլհամ Ալիեւը կայացրել է՝ գիտակցելով, որ դա կարող է գահազրկության գործընթացի մեկնարկ դառնալ: Խնդիրը բավական խորքային է:
Տեղեկություններ կան, որ թուրքական լրատվամիջոցները Շուշիի ճանապարհին Ալիեւի եւ Էրդողանի կնոջ միջեւ խոսակցությունը տեսասփռել են ամբողջովին: Ըստ այդմ, Ամինե Էրդողանը հետաքրքրվել է Իլհամ Ալիեւի որդու՝ կրտսեր Հեյդարի, առողջական վիճակով: Բանն այն է, որ «թագաժառանգը» տեւական ժամանակ է՝ հանրությանը չի ներկայանում: Որոշ տեղեկություններով՝ նա տարվա մեծ մասը մոր հետ անցկացնում է Հայֆայի առանձնատանը՝ իսրայելցի բժիշկների խիստ հսկողության տակ: Շուշիի ճանապարհին, ինչպես թուրքական մամուլին է հայտնի դարձել, Իլհամ Ալիեւը խոստովանել է, որ որդին ծանր հիվանդ է: Սա կենցաղային խոսակցություն չէ: Ըստ էության, Էրդողան ամուսինները ստիպել են Ալիեւին՝ խոստովանելու, որ իշխանությունը որդուն փոխանցելու կամ «գահաժառանգության» նրա ծրագիրն անիրականանալի է: Կարելի է վստահաբար ասել, որ կրտսեր Հեյդարի անխուսափելի վախճանի կամ առնվազն ցկյանս անգործունակության մասին տեղեկությունները նաեւ ադրբեջանական հանրությունը եւ քաղաքական շրջանակներն են քննարկում: Նախապատերազմական շրջանում Ալիեւի իշխանության գլխավոր երաշխավորը Ռուսաստանն էր, անձամբ նախագահ Պուտինը: Ադրբեջանում այսօր հենց նրան են թիրախավորում պատերազմը կանգնեցնելու, ԼՂ հայ բնակչության վերադարձը կազմակերպելու եւ նրա անվտանգությունը պաշտպանելու համար: Եւ միաժամանակ պանծացնում Էրդողանին՝ նրան վերագրելով «դյուցազնական ամենազորություն» եւ ակնկալում, որ «եւս մի քայլ՝ եւ Թուրքիան ռուսների վերջը կտա»:
Խորքային ինչ խոչուխութեր կան ռուս-թուրքական հարաբերություններում՝ դա ադրբեջանական հանրության լայն շրջանակներին, երեւում է, հետաքրքիր չէ: Նրանք պահանջում են «գնալ մինչեւ վերջ»: Սոչիի հանդիպումը ցույց տվեց, որ նման ռեսուրս Էրդողանը չունի: Բայց շատ հավանական է, որ անվճռականության պատասխանատվությունը կբարդվի Ալիեւի վրա:
Ունի՞ նա այս իրավիճակից ելք: Տեսականորեն՝ այո, եւ դա Ռուսաստանի «հովանու տակ պատսպարվելն» է: Բայց Էրդողանը թույլ կտա՞: Դեպի Ռուսաստան թեքվելու Ալիեւի շահագրգռվածությունը, թերեւս, շատ պրագմատիկ է՝ ֆորս-մաժորի դեպքում իշխանությունը փոխանցել կնոջը: Բայց այդ տարբերակն, ինչպես վկայում են Ադրբեջանի ներքաղաքական «խոհանոցի» գիտակները, չի արժանանում Էրդողանի աջակցությանը: Էրդողանը Բաքվում ունի՞ Ալիեւին փոխարինողի թեկնածու(ներ): Խնդիրը, գուցե, այդքան չխորանա, բայց որ սեփական երկրում Ալիեւն արդեն իսկ հանրայնորեն գահազրկված է, թվում է շատ հավանական:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version