Site icon politcom

Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր  հետ բերել մեր բոլոր գերիներին․ Փաշինյան

Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի քանի ուշագրավ հայտարարություններով։

Հայաստանի առաջնահերթությունների մասին

«Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը պաշտպանելը մեր առաջնահերթություններից է, սակայն մենք պետք է իմանանք, որ քայլում ենք ականապատ դաշտով, որում պետք է չափազանց զգույշ եւ շրջահայաց լինենք: Այդ դաշտը միշտ էլ ականապատ է եղել, այլ բան, որ ականների խտությունն ավելանում է, ու դա հենց տեսանք նախորդ տարվա աշնանը։ Ցավոք, պատերազմը մեզ համար ունեցավ դժվար, նույնիսկ աղետալի ընթացք, բայց նաեւ Հայաստանը, հայությունը, Արցախի ժողովուրդը ցույց են տալիս բացառիկ դիմակայունություն եւ դա շատ կարեւոր է:
Մեզ պետք է ուժերի գերլարում՝ մեր առաջ դրված խնդիրները լուծելու համար, եւ դրա գագաթնակետը ես ձևակերպում եմ որպես խաղաղ զարգացման դարաշրջան բացելու անհրաժեշտություն ու հրամայական»:

Հայ-իրանական հարաբերությունների մասին

«Հայաստանը երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև ՀՀ-ի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են և Հայաստանը երբեք չենք մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ»։

Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին

«Տեսեք, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Ասեմ, որ դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա թարգմանաբար նշանակում է, և արտգործնախարարների մակարդակով, և վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել: Վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը սպասում է իր լուծմանը, և կարող եմ ասել, որ մի քանի անգամ արդեն ողջունել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որտեղ նրանք մի քանի անգամ արձանագրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ու այս նպատակով խաղաղ գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա է հայտարարում,  որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։
«Ձեր կոնկրետ նշած հարցին կարող եմ տալ հետևյալ պատասխանը․ ենթադրվող առաջիկա հանդիպմանը ես պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայատանի և Ադրբեջանի զինված ուժերին  իրարից    չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն,  այլ ունեն  միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։
Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր  հետ բերել մեր բոլոր գերիներին։ Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա է հայտարարում, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։
Տեսեք, Ադրբեջանի նախագահը բողոքում է, որ այդ քարտեզների որակը, որ նախկինում փոխանցել ենք, լավը չեն: Տեսեք, մենք երկու արձանագրում ենք անում` առաջինը. մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, այսինքն այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում և նաև գիտեմ, որ  քարտեզների որակի հետ կապված խնդիր կա, ինչո՞ւ, որովհետև քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից, ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք։ Եվ մենք այստեղ անկեղծ ենք, բաց ենք, ու որևէ մեկին խաբելու մտադրություն չունենք, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլև մեր միջնորդ գործընկերների, որոնք մեր բարեկամ երկրներն են, մեր գործընկերներն են։ Սա պատվաբեր չի լինի, ուղղակի այդ իրավիճակում փորձ անել որևէ այլ բան այլ կերպ անել։ Մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, մենք ուրիշ քարտեզներ, նկատի ունեմ, արդեն իսկ փոխանցված տեղանքի առումով, ուրիշ քարտեզներ ուղղակի չունենք։ Եվ սա փաստ է, ու սա պետք է արձանագրել որպես իրողություն։ Ինչ վերաբերում է վստահությանը, պարզ է, որ այս իրավիճակում Ադրբեջանը մեզ չի վստահում, մենք Ադրբեջանին չենք վստահում և ամբողջ խնդիրն այն է, որ փորձենք փոքր քայլերով այնպես շարժվենք առաջ, որ գոնե ինչ որ վստահություն ձևավորվի։ Այդ վստահությունն ինչո՞ւ է կարևոր, որ կարողանանք, այո, նաև հումանիտար հարցերն ավելի արագ լուծել, և մեր գերեվարված եղբայրներին օր առաջ վերադարձնել իրենց ընտանիքներ»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version