Սերժ Սարգսյանը բացահայտեց «մեղավորին»

«Տևական ժամանակ է, որ ասում եմ ՀՀ ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել եթե հիմնական ընդդիմադիր ուժերն իրենց առջև մեկ նպատակ դնեն՝ իշխանափոխություն, այլ ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության։ Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չի մտածել»,- Ծաղկաձորում ՀՀԿ կազմակերպած քննարկումների ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը։
Զուտ տեխնոլոգիական առումով՝ Սարգսյանի հետ, անշուշտ, համաձայն չենք, որովհետև միայն իռացիոնալ հիմքով հնարավոր չէ հասնել իշխանափոխության կամ՝ եթե նույնիսկ նման սցենար գործի, ապա ամեն ինչ կնմանվի 2018-ի իրադարձություններին, երբ հեղափոխություն կամ իշխանափոխություն տեղի ունեցավ առանց ռացիոնալ ծրագրի՝ բացառապես Սերժ Սարգսյանին մերժելու հիմքով։
Սերժ Սարգսյանն, անշուշտ, այս ամենը հասկանում է, սակայն նրա երեկվա ասելիքի ուղերձն այլ էր՝ նա ցանկանում էր ցույց տալ, թե ում ամբիցիաների հետևանքով պատերազմից հետո կամ ԱԺ արտահերթ ընտրություններում տեղի չունեցավ իշխանափոխություն։
ՀՀԿ առաջնորդն անուն չի տվել, բայց ակնհայտորեն ակնարկել է Ռոբերտ Քոչարյանին, որովհետև միայն վերջինս, ըստ էության, ցուցաբերեց ակնհայտ վարչապետական հավակնություններ ու իր «այլընտրանքով»(իրականում՝ հակավարկանիշով) նպաստեց Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։
Այսպիսով՝ Սարգսյանի նուրբ ակնարկն ուղղված է Ռոբերտ Քոչարյանին, որի իշխանական հավակնությունների մասին դեռևս նախընտրական փուլում հայտարարել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանը՝ դա հիմնական խոչընդոտ համարելով ընդդիմադիր լայն կոնսոլիդացիայի համար։
Արդյո՞ք Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին առաջարկում է մի կողմ դնել սեփական հավակնությունները՝ ընդդիմության միավորմանը չխոչընդոտելու համար, թե՞ հին համակարգի ներսում նոր թափ է հավաքել ստվերային պայքարը երկրորդ և երրորդ նախագահների միջև։ Այս վարկածն, ի դեպ, միանգամայն իրական է, մանավանդ, որ Սարգսյանի ելույթից հետո այսօր ասուլիս է տալու Ռոբերտ Քոչարյանը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր