Թուրքական ֆրուստրացիա՞

Մեզանում ի՞նչ արձագանքի է արժանացել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպումը՝ դժվար է ասել: Եթե դատենք ԱԽ քարտուղարի ենթատեքստային արտահայտություններից՝ օրվա իշխանությունը որոշակիորեն տեղեկացված է Պուտին-Էրդողան բանակցություններից՝ գոնե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հնարավոր կարգավորման, տարածաշրջանում հաղորդուղիների բացման հարցերի մասով: Կողմերի միջեւ, հավանաբար, տեղեկատվության փոխանակում է տեղի ունենում, եւ «ինչ-որ բան նախապատրաստվում է»:
Նիկոլ Փաշինյանի հետ «նրա համար հարմար պահի» հանդիպելու պատրաստակամության մասին Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ հաջորդեց Հայաստանի եւ ՌԴ արտգործնախարարների միջեւ հեռախոսազրույցին, ազդանշանային է: Մանավանդ որ Թուրքիայի նախագահն էլ շտապում է Ադրբեջան: Ֆիզուլիի «օդանավակայանի բացմանը» մասնակցելու Էրդողանի «բուռն ցանկությունը» միայն, ինչպես նման դեպքերում ռուսներն են ասում՝ информационная шелуха է:
Ադրբեջանում քառասունչորսօրյա պատերազմից հետո մի իրավիճակ է գեներացվել, երբ հանրությունը բառիս բուն իմաստով շունչը պահած սպասում է, որ «դյուցազն» Էրդողանը ոչ միայն Արցախի մնացած մասի, այլեւ իրանական «Ադրբեջանի» հարցը կլուծի, եւ իրականություն կդառնա դեռեւս 1918թ–ին շրջանառված՝ «Բիր-իքի՝ Կավակզ բիզիմդիր» երազանքը, որ ներկայումս ավելի հավակնոտ է ձեւակերպված. «Թավրիզ-Բաքի-Անկարա/Բիզ հարա՞, ֆարսլեր հարա՞»:
Իսկ ի՞նչ են մտածում «մայր Թուրքիայում»: Գրող-մեկնաբան Էմրե Ուսլուի հայացքով՝ Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո թուրքական զինված ուժերը թողել են Սիրիայում իրենց դիրքերը եւ նահանջել մինչեւ թուրքական սահմանը: «Ռեջեբ Թայիփ Էրդողանը երեւում է այնպես, ասես եթե Պուտինը մի փոքր էլ սեղմի, նա կփախչի անգամ Խաթայից (Թուրքիայի հարավային շրջանից)»: Մեկ այլ լրագրող՝ Մերդան Յանրդաղը թվիթերյան այս գրառումն է արել. «Երեւում է, Սոչիում Էրդողանը ետ է վերցրել իր բոլոր հայտարարությունները եւ հավակնությունները… Նրա իշխանությունը կրում է ամոթալի պարտություն: Հանրապետության պատմության ողջ ընթացքում տեղի է ունենում արտաքին քաղաքական խոշորագույն ֆիասկո»: Իսկ Ջելալ Յիլդիրմն ավելացնում է. «Կարճ ասած՝ այդ առաջնորդը (Թայիփ Էրդողանը), որ վաճառքի է հանել իր երկիրը, Բայդենի հետ առաջին հանդիպմանը խոսել է դեմ առ դեմ, որից հետո միլիոնավոր աֆղանստանցիներ ուղղվեցին դեպի մեր երկիր: Այս անգամ էլ նա դեմ առ դեմ է խոսել (Պուտինի հետ): Սպասենք, թե էլ ինչ է բարդվելու մեր ժողովրդի գլխին»: Հեռուստապրոդյուսեր, լրագրող Նեւշան Մենգյուն Պուտին-Էրդողան հանդիպումը պարզապես ծաղրել է՝ գրելով, որ «քննարկվել է տիեզերքի հարցը, Էրդողանն ասել է, որ Ռուսաստանի հետ գործընկերությամբ տիեզերք կուղարկի թուրք աստղանավորդների, ու՞մ ուղարկենք, ի՞նչ եք կարծում»-ինչին օգտատերերից մեկն արձագանքել է, որ «Էրդողանը կփորձի առաջին ինքը լինել, որպեսզի փրկի հարստությունը, հարցն այն է՝ ռուսական տիեզերանավն այդքան բեռ կարո՞ղ է վերցնել»: Հետաքրքրական է թուրք պրոֆեսոր Մահմուդ Աքփինարի մեկնաբանությունը. «Անկյուն քշված, քաղաքական ապագան կորցրած Էրդողանը Սոչիում Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպմանը, հնարավոր է, գնացել է կարեւոր զիջումների, որպեսզի մի փոքր ժամանակ շահի եւ փրկի իր անձնական ունեցվածքը: Այդ մարդն ընդունակ է անգամ … գրավի դնել Թուրքիայի ապագան, նա Սոչի է մեկնել ճիշտ սնանկացած վաճառականի պես: Դա շատ վտանգավոր է այսօր»:
@independent_bir անունով օգտատերն ավելի է խտացրել. «Թող որ այդպես է, նա (Էրդողանը) նույնիսկ երկիրն է ծախել, ով ինչ կարող է ասել, ով ինչ կարող է անել: Ընդդիմությունը, ասես ինչ-որ մեկի հրամանով ձայն չի հանում… Ի՞նչ-որ մեկը կարող է ինչ-որ բան անել: Նրան դեռեւս պաշտպանում է բնակչության 30-40 տոկոսը»: Լրագրող եւ հեռուստապրոդյուսեր Լեւանտ Օզերենը նույնպես հոռետես է. «Դրանից (Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպումից) շատ առաջ նորություններով հաղորդել էին, եւ հանդիպումը տեղի ունեցավ: Բայց ի՞նչ, չկա որեւէ հայտարարություն, ինչի՞ մասին են խոսել, ի՞նչ են որոշել՝ ոչ ոք տեղյակ չէ: Հենց որ հաջողվի ազատվել ԱԶԿ (Թուրքիայում իշխող կուսակցություն)-ից՝ փակ դռների ետեւում առեւտուրը կավարտվի»: Մեկ այլ օգտատեր Էրդողանի պահվածքը բնորոշում է «պետական անբարոյականություն» եւ բացատրում, որ բանակցությունները հայտնի են միայն նրան: «Ի՞նչ է սպասվում թուրք ժողովրդին՝ կիմանանք ժամանակի հետ, եւ դա արդեն իսկ աղետ է»: Իրավիճակն ամփոփել է «Բիր գյուն» թերթը. «Դատարկաձեռն վերադառնալով ԱՄՆ-ից, Էրդողանը սպասված ուշադրության չարժանացավ Պուտինի կողմից՝ Սոչիի հանդիպմանը: Փորձագետների կարծիքով՝ ավարտվում է հավասարակշռման քաղաքականությունը, թեեւ (Պուտինը եւ Էրդողանը) ցույց էին տալիս, թե հաշտվել են»:
Անշուշտ, միամտություն կլիներ միանշանակորեն հավատալ, որ թուրքական հանրության նման արձագանքները բացառապես ինքնաբուխ են, չեն ուղղորդվում իշխանության եւ նրան սատարող խմբավորումների կողմից: Այդուհանդերձ, չափազանց ուշագրավ է, որ մեկ տասնյակից ավելի սոցցանցային գրառումներից եւ մամուլի վերլուծություններից եւ ոչ մեկը չի  անդրադառնում Լեռնային Ղարաբաղի եւ անգամ «Նախիջեւանի միջանցքի» թեմաներին: Հիմնական մտահոգությունը կապված է Սիրիայի, Իդլիբից թուրքական զորքերի հեռացման հետ: Ընդսմին, դա այն հարթության վրա է դիտարկվում, որ Էրդողանը ոչ Միացյալ Նահանգներում, ոչ Ռուսաստանում սիրիական ծրագրի աջակցություն չի ստացել: Իսկ Թուրքիան դեպի Կովկաս եւ Կենտրոնական Ասիա ծավալվել չի կարող, եթե «փորատակին» ունի քրդական հարց եւ չի կարողանում ներսիրիական ռազմաքաղաքական խաղատախտակ մտցնել թուրքոմաններին: Անշուշտ, Սիրիայի իրավիճակը որոշակիորեն սահմանափակում է նաեւ Ռուսաստանին: Մանավանդ որ շատ նկատելի է ռուս-իրանական սառնություն, բայց դա ներգրավված կողմերի խնդիրն է՝ ինչպես են «բաժանելու» Սիրիան կամ առհասարակ կարողանալու՞ են համաձայնության գալ: Մեզ համար էականը ներկա փուլում ռուս-թուրքական, ռուս-թուրք-իրանական «սեպարատ պայմանավորվածության» հարցում ակնհայտ տեղապտույտն է: Դա հնարավորություն է, որպեսզի հետպատերազմյան վերադասավորումներում հնարավորինս առավել պաշտպանվեն Հայաստանի եւ Արցախի շահերը: Կան նախանշաններ, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ վճռական համաձայնությունն առկախում է՝ ակնկալելով ավելի գլոբալ՝ Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություն: Թուրքական ֆրուստրացիան կդառնա՞ հայկական դիվանագիտության ռեսուրս՝ Հայաստանի գերխնդիրը, կարծես, դա է:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր