«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասուլիսով հանդես եկավ: Պատահակա՞ն էր այս ասուլիսը, որը տեղի ունեցավ ՀՀԿ համաժողովից ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, թե՞ Ռոբերտ Քոչարյանն այս կերպ փորձեց պատասխանել Սերժ Սարգսյանին:

– Ձեր հարցադրումը լեգիտիմ իրավունք ունի, որովհետև առաջին դեպքը չէ, երբ նկատում ենք երկրորդ և երրորդ նախագահների համաժամանակյա ակտիվացում: Սերժ Սարգսյանը խոսեց, ընդ որում՝ նրա ելույթում քողարկված մեղադրանքներ կամ ակնարկներ կային Քոչարյանի հասցեին: Նա ուղիղ տեքստով խոսեց այն մասին, որ քաղաքական ուժերի համախմբման արդյունավետ մեխանիզմն այն է, որ բացառապես իշխանափոխության խնդիր դրվի՝ առանց հարցի, թե ո՞վ է գալու իշխանության: Այս ակնարկը, միանշանակ, վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին:

Երկու ենթադրություն կարող ենք անել. կամ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին ակնարկում է, որ իշխանության գալու հավակնություններ չունենա, այդպիսով կհեշտանա ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան, կա՛մ նույն համակարգի ներսում դարձյալ նոր թափ է առել երկրորդ և երրորդ նախագահների ու նրանց թիմերի մրցակցությունը, որը միշտ է եղել:

– Ռոբերտ Քոչարյանի խոսքից ձեզ համար պարզ դարձա՞վ՝ նա պատրա՞ստ է ընդունելու Սերժ Սարգսյանի առաջարկը, այսինքն՝ դադարի ձգտել իշխանության գալ:

– Եթե Ռոբերտ Քոչարյանը նման բանի պատրաստ լիներ, ի սկզբանե կընդուներ առաջին նախագահի առաջարկությունը՝ լայն կոնսոլիդացիա կազմել՝ առանց նախագահների մասնակցության:

«Հայաստան» դաշինքի վարքագծից ու Ռոբերտ Քոչարյանի հրապարակային հայտարարություններից դատելով՝ ենթադրում եմ, որ Քոչարյանն առայժմ օրակարգում պահում է իշխանության գալու հարցը:

Ի դեպ, հենց այդ գործոնը շատ է օգնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կամ նրա շարունակականությանը, ինչի մասին ասել եմ ձեզ հետ հարցազրույցներում, որ Նիկոլ Փաշինյանը վերջին խորհրդարանական ընտրություններում, ըստ էության, ոչ թե վստահության քվե ստացավ, այլ նրա թիմի դիմաց գրվեց այն հակավարկանիշը, որն ունի Ռոբերտ Քոչարյանը:

– Ասում եք, որ Ռոբերտ Քոչարյանն անուղղակի օգնում է այս իշխանության շարունակականությանը, Սերժ Սարգսյանի կողմի՞ց էլ կա նման օգնություն:

– Նախկին համակարգի առաջին դեմքերի ակտիվ դերակատարությունը միշտ օգնում է գործող իշխանությանը, որովհետև հին համակարգի նկատմամբ հանրության անվստահությունն այնքան մեծ է, նույնիսկ անբնական չափերի հասնող մեծ, որ գործող ձախողված իշխանությունը առայժմ կարողանում է խաղարկել այդ հանգամանքը:

Իհարկե, Սերժ Սարգսյանի գործոնն էլ է օգնում Նիկոլ Փաշինյանին, որովհետև դարձյալ գործ ունենք սևի ու սպիտակի տրամաբանության հետ, բայց մի տակտիկական տարբերություն կա. եթե Ռոբերտ Քոչարյանը ուղղակի խոսում է իր հավակնությունների մասին, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ իշխանության գալու հավակնություններ չունի:

– Պարո՛ն Սուրենյանց, խոսեցիք երկու նախկին նախագահների միաժամանակյա ակտիվության մասին, որո՞նք են այդ ակտիվության պատճառներն այսօր:

– Հայաստանում շատ հեշտ է պատճառներ գտնել, որովհետև քաղաքական ճգնաժամը վերացված չէ, իշխանությունն անընդհատ անում է սխալներ, և այս պարագայում ակտիվացման համար բազմաթիվ հիմքեր կան: Այլ խնդիր է, թե ակտիվացողներն արդյունավետ կօգտագործե՞ն իշխանության ձախողումները, թե՞ ոչ:

– Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ շարունակելու են պայքարել իշխանության հեռացման համար, փորձելու են անգամ այս իշխանությանը ձայն տված մարդկանց համոզել, որ Փաշինյանի իշխանությանը սատարելը սխալ է: Կարծում եք՝ այս անգամ նրանց կհաջողվի՞, թե՞ կրկին կհայտնվեն այն վիճակում, ինչ ընտրություններից հետո եղավ:

– Հաջողելու համար մի քանի կարևոր գործոն է անհրաժեշտ. նախ՝ չպետք է կրկնեն «Հայրենիքի փրկության շարժման» սխալները, եթե կրկնեն նույն սխալները՝ հետևանքը լինելու է նույնը, որովհետև հասարակության վերաբերմունքը դժվար թե կտրուկ փոփոխության ենթարկված լինի:

Փողոցային պայքարը չպետք է նույնացվի հին համակարգի ռեստավրացիայի փորձի հետ, պետք է առաջարկվեն իրավիճակից դուրս գալու ռացիոնալ լուծումներ, և անպայման պետք է ներկայացվի Հայաստանի զարգացման տեսլականը, որովհետև միայն իշխանության մերժման հիմքով շատ դժվար է պատկերացնել փոփոխություններ:

– ՀՀ երկրորդ նախագահը իր ներածական խոսքում, ըստ էության, Ադրբեջանի համար պատերազմ սկսելու նպաստավոր պայմաններ ստեղծելու ու այդ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության համար մեղադրեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Համակարծի՞ք եք Քոչարյանի հետ:

– Տարիներ շարունակ Ադրբեջանն ունեցել է պատերազմ սկսելու մտադրություն, բայց չի կարողացել ռեալիզացնել, որովհետև եղել են խանգարող կամ զսպող հանգամանքներ: Ինչո՞ւ տեղի ուենցավ այդ պատերազմը, որովհետև համավարակի հետևանքով ավելի թուլացավ միջազգային իրավունքի հեղինակությունը, սա առաջին ու շատ կարևոր հանգամանքն է, որն անտեսել չի կարելի: Բայց, անշուշտ, Հայաստանի իշխանությունը իր քաղաքականությամբ լեգիտիմացրեց Ադրբեջանի պատերազմելու իրավունքը:

Մյուս հայտարարություններին չանդրադառնալով՝ հիշատակեմ միայն, որ 2020 թվականի օգոստոսին պետական մակարդակով անտեղի արժևորվեց Սևրի դաշնագրի 100-ամյակը, որը, այո՛, լեգիտիմացրեց Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս:

Ավելորդ չէ նշել նաև Տավուշի լոկալ միջադեպի ֆետիշացումը, որը գրգռեց թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին: Այս առումով, Ռոբերտ Քոչարյանի հետ մասամբ համաձայն եմ, որովհետև միայն Ադրբեջանի ռազմատենչությունը կամ միայն միջազգային համատեքստը չէր կարող նպաստել պատերազմի վերսկսմանը, եթե Հայաստանում լիներ ավելի ադեկվատ իշխանություն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր