Site icon politcom

Իսկ եթե Իրանը եւ Ադրբեջանը դաշնակցե՞ն

Հայաստանի պաշտոնակցի հետ բանակցությունների ավարտին Իրանի արտաքին գործերի նախարարը բավական ականջահաճո հայտարարություն է արել, եթե այդ տեքսին մոտենանք զուտ հայկական կանխատրամադրվածությամբ: Այնտեղ եւ համագործակցությունը խորացնելու մասին է խոսվում, եւ մոտ ապագայում նորույթների, բայց՝ առանց որեւէ կոնկրետության: Մինչդեռ ամփոփումը հստակ է. տարածաշրջանի երկրները պետք է հասկանան եւ ընդունեն, որ խնդիրներն իրենք պետք է լուծեն՝ առանց օտար միջամտության: Այստեղ արդեն նա իսկապես «ֆարսերեն է խոսել»՝ թողնելով մտահոգվել, թե Իրանը ու՞մ է համարում ոչ տարածաշրջանային եւ օտար, ի՞նչ է նկատի ունենում միջամտություն ասելիս: Չկա ընդգծված հասցեատեր: Մեկը կարող է հասկանալ,որ օտարը Թուրքիան է, մյուսը՝ «սիոնիստական ռեժիմը»:
Բայց նույն հաջողությամբ կարող ենք ենթադրել, որ Իրանը նկատի ունի  Ռուսաստանին: Ո՞վ է ասել, որ Իրանի համար Թուրքիան արտատարածաշրջանային է, Ռուսաստանը՝ ոչ: Մանավանդ «ֆարսերեն խոսելու» պատճառ Իրանն ունի. Սիրիայի նախագահի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը սահմանել է, որ արաբական այդ երկրից պետք է հեռանան առանց ՄԱԿ-ի ԱԽ մանդատի եւ սիրիական կառավարության հրավերի այնտեղ գտնվող բոլոր ռազմական խմբավորումները: Եւ փորձագետները «գլուխ են կոտրում»՝ հասկանալու՝ Պուտինը նկատի ունի ամերիկացիների՞ն, թուրքերի՞ն, պարսիկների՞ն, թե՞ Իրանի պրոքսի ուժերին կամ, գուցե, հենց բոլորի՞ն… Ձեւակերպման անորոշությունն, իհարկե, դիվանագիտական մանեւրի համար է, բայց այդ իրավունքը նաեւ Իրանն ունի: Իսկ Իլհամ Ալիեւը հարցը դրել է հստակ՝ թող Իրանը ցույց տա, թե Ադրբեջանում որտե՞ղ է հաստատվել Իսրայելը: Եւ ի՞նչ, Իրանի հետ լարվածության իրավիճակում Ադրբեջանը գնում է վա-բա՞նկ: Դա նրան ոչ մի առումով ձեռնտու չէ: Ալիեւը ոչ սեփական ուժերը կմասնատի՝ մեծ մասը կենտրոնացնելով Իրանի ուղղությամբ, ոչ էլ կարող է հուսալ, թե ֆորս-մաժորի դեպքում Թուրքիան ուղղակի կներգրավվի: Եւ տպավորություն է, որ Ալիեւը պարզապես Իրանին հորդորում է ավելի հստակ ձեւակերպել անհանգստությունները, մտահոգությունները եւ ակնկալիքները: Ու՞մ է ձեռնտու, որ արտատարածաշրջանային ուժերը չներգրավվեն քառասունչորսօրյա պատերազմից հետո ձեւավորված նոր ստատուս-քվոյի իրավա-քաղաքական քննարկմանը: Առաջին հերթին՝ Ադրբեջանին: Բաքուն խնդիրները լուծել է, եկել է պատերազմի հաջողությունը ներքին կյանքում եւ արտաքին ճակատում կապիտալիզացնելու ժամանակը: Մի դեպքում Ալիեւին խանգարում է Թուրքիան՝ անընդմեջ հիշեցնելով, թե ում է նա պարտական, երկրորդ դեպքում՝ Ռուսաստանը, որի խաղաղապահ զորախումբն ակտուալացնում է ԼՂ համապարփակ կարգավորման եւ հայ բնակչության ու Ադրբեջանի հարաբերությունների ճշտորոշման (մենք ասում ենք՝ Արցախի կարգավիճակի) թեմաները: Ընդ որում, այս հարցում Ադրբեջանի եւ Իրանի մոտեցումները նույնական են, Թեհրանը համարում է, որ Բաքուն վերականգնել է տարածքային ամբողջականությունը, իսկ «փոքրամասնության (ԼՂ հայ բնակչության) իրավունքները պետք է հարգվեն»:
Եթե ուշադիր վերլուծենք Թուրքիայի նախագահի, արտգործնախարարի կամ Էրդողանի գլխավոր խորհրդականի հայտարարությունները, ապա կտեսնենք, որ նրանք ԼՂ կարգավիճակի թեման նրբորեն շրջանցում են, իսկ Ռուսաստանը՝ համարում, որ խնդիրը կա, բայց դեռ դրան անդրադառնալու ժամանակը չէ: Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունն այդ «ժամանակը չէ» ժամանակը կարող է երկարաձգել տարիներով, տասնամյակներով: Դա, իհարկե, երաշխիք չէ, որ Արցախի անկախությունը կճանաչվի կամ փաստացի հայաբնակ տարածքը կմիավորվի Հայաստանին, բայց դա մեր անհանգստությունն է, Ալիեւը բոլորովին այլ մտահոգություններ ունի: Առաջին հերթին՝ որ ռուսական խաղաղապահ առաքելությունը կարող է միջազգային լեգիտիմություն ստանալ: Իսկ դա նշանակում է նախկին ԼՂԻՄ տարածքի վարչա-քաղաքական առանձնացում, ինչից մինչեւ բնակչություն եւ ինքնակառավարման ընտրված մարմիններ ունեցող ԼՂ-ն միջազգայնորեն համաձայնեցված կարգավիճակով օժտելն արդեն կմնա կես-քայլ:
Ի՞նչն է պետություններին բերում թեկուզ միջանկյալ, ժամանակավոր, բայց այդ պահին խիստ անհրաժեշտ համաձայնության: Անշուշտ՝ ընդհանուր շահը: Այս պահին, որքան էլ արտառոց հնչի, տարածաշրջանից բոլոր օտար ուժերի հեռացումը լիովին համապատասխանում է Իրանի եւ Ադրբեջանի շահերին: Մեծ հաշվով Թուրքիան այստեղ իր գործն արել է. Ադրբեջանը «եղբայրական գրկախառնումներից» փախչելու տեղ չունի, եւ Էրդողանը, որպեսզի Ռուսաստանին անհարմարություն պատճառի, ցուցադրական քայլ կարող է անել: Ասենք՝ Թուրքիա վերադարձնել F-16 կործանիչների էսկադրիլիան:
Խաղը, երեւում է, չափազանց բարդ է: Սպասվում է, որ ՌԴ եւ Իրանի արտգործնախարարները կհանդիպեն: Ըստ երեւույթին, Լավրովին «ծանր քննություն» է սպասվում՝ բացատրություն, թե ինչու՞ Սիրիայի հարցով Աստանայի ձեւաչափը չի գործում, ճի՞շտ են արեւմտյան մամուլում հայտնված տեղեկությունները, որ Իրանի միջուկային եւ հրթիռաշինության ծրագրի շուրջ ձեւավորվել է ռուս-ամերիկյան ժխտողական կոնսենսուս կամ՝ ի՞նչ մանդատ ունի ԼՂ-ում խաղաղապահ զորախումբը, ի՞նչ են քննարկել Ռուսաստանը եւ «սիոնիստական ռեժիմը» եւ այլն: Ընդ որում, անոնսավորված է նաեւ Թեհրանում թուրք-իրանա-ադրբեջանական հանդիպում՝ ԱԳ նախարարների մակարդակով: Իսկ եթե նախապատրաստվում է եռակողմ գագաթաժողո՞վ: Իսկ եթե ամեն ինչ տանում է իրանա-ադրբեջանական լայն համաձայնությա՞ն: Թեհրանից ի՞նչ ռեսուրսով է վերադարձել արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version