Site icon politcom

Ռուս-իրանական հարաբերությունները գործընկերային են, բայց՝ ոչ ռազմավարական

Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, երեւում է, անցկացվել են, այսպես ասած՝ «կրիզիս-ռեժիմում»: Համենայն դեպս, մամուլի համար կողմերի հայտարարություններից պարզ է դառնում, որ նախագահների մակարդակով հանդիպում տեսանելի ապագայում չի ծրագրվում: Իսկ դա արդեն վկայում է հարաբերությունների այլ մակարդակ, քան մեզանում ընկալվում է: Մանավանդ եթե հաշվի առնենք, որ Իրանում կառավարություն է փոխվել: Դատելով միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման վերաբերյալ հարցին Իրանի արտգործնախարարի խուսափողական պատասխանից, թե դա տեղի կունենա, երբ իրենք պատրաստ կլինեն, եւ Միացյալ Նահանգները «կալանքից կազատեն» իրանական տասը միլիարդ դոլարը, Մոսկվային չի հաջողվել համոզել, որ Թեհրանն առանց նախապայմանի վերադառնա բանակցային սեղանին: Ըստ երեւույթին, իրանական կողմն իր հերթին Ռուսաստանին եւս ինչ-որ նախապայման է դրել՝ կապված Ադրբեջանում իսրայելական եւ թուրք-պակիստանյան ներկայության հետ: Դա երեւում է նրանից, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը դիվանագիտորեն կշտամբել է Իրանին՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հնգակողմ համաձայնագրի վավերացումը հետաձգելու համար: Լավրովն ասել է, որ Կասպից ծովում արտատարածաշրջանային երկրները չեն կարող ռազմական ներկայություն ունենալ, բայց համաձայնագիրն ուժի մեջ կմտնի, երբ կունենան վերջին վավերացումը եւ հատուկ ավելացրել, որ հարցը ներկայումս քննարկվում է Իրանի խորհրդարանում: Եթե փակագծերը բացենք, ապա կստացվի, որ Թուրքիան եւ Պակիստանը Կասպից ծովում Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ չէին անցկացնի, եթե համաձայնագրի վավերացումն իրանական կողմից չձգձգվեր: Չափազանց ուշագրավ է, որ Ադրբեջանում իսրայելական ներկայության մասին տեղեկությունները հերքել է Մոսկվայում Իսրայելի դեսպանը: Այն դեպքում, երբ հրեական պետությունը դեսպան ունի Ադրբեջանում: Սա, կարծես, հատուկ է արված՝ որպես ակնարկ, որ Ռուսաստանը չի կիսում Իրանի անհանգստությունը:
Ռուսական փորձագիտական շրջանակներից հնչած գնահատականը, որ Մոսկվան չի ընդառաջի Ադրբեջանի հետ լարվածության հարցում իրեն աջակցելու Թեհրանի ցանկությանը, գալիս է ամրապնդելու այդ տպավորությունը: Ավելին, ռուսական մամուլը Լավրով-Աբդոլահիան բանակցություններից անմիջապես հետո ենթատեքստային հրապարակումներ է անում Իրանում բնակչության շուրջ 40 տոկոս կազմող էթնիկ ադրբեջանցիների եւ Ադրբեջանում իրանական «ազդեցության գործակալական ցանցի» մասին՝ կարծես հասկանալ տալով, որ երկու երկրների միջեւ անվստահությունը փոխադարձ է: Եւ եթե մեկը պահանջներ է դնում, ապա մյուսն էլ ունի դրա իրավունքը: «Ռուսաստանը կարող է միայն միջնորդ լինել Իրանի եւ Ադրբեջանի միջեւ»- ձեւակերպել է Независимая газета-ի մեկնաբանը: Քառասունչորսօրյա պատերազմում հաջողությունից Ադրբեջանը հասկանալի գլխապտույտ ունի: Այլ բան է, որ Իրանը պետք է կանխատեսեր իրավիճակի փոփոխության մարտահրավերը: Թե ինչու՞ չի արել կամ ինչպե՞ս է հուսախաբվել Իրանը՝ դժվար է կողմնորոշվել: Պարզ է միայն, որ Ռուսաստանը նրան առաջարկում է քայլերի «կոորդինացում Սիրիայում» եւ Հարավային Կովկասի կայունության ու համագործակցության մասնակցություն՝ 3+3 ձեւաչափով: Այս հարցում, կարծես, Թեհրանը համաձայնություն տվել է, եւ դա ներկա փուլում առավելագույնն է, ինչին նա կարող է հասնել, եթե ՌԴ արտգործնախարարն անոնսավորում է բարձր մակարդակի եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա հանդիպում, երբ «թույլ կտա սանիտարա-համաճարակային վիճակը»: Ե՞րբ թույլ կտա, արդյոք թույլ կտա՞՝ կարելի է միայն ենթադրություններ անել: Չոր արդյունքում մնում է մի իրողություն՝ Ռուսաստանը փաստացի Իրանին հորդորում է պայմանավորվել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ իր առաջարկությունները սահմանափակում առեւտրա-տնտեսական կապերի ավելի զարգացմամբ: Ընդ որում, որքան հասկացվում է Լավրովի խոսքից, Ռուսաստանը «Հյուսիս-հարավ» լոգիստիկան տեսնում է Ադրբեջանի տարածքով՝ իրանական կողմից հորդորելով արագացնել Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը:
Հարավային Կովկասում կայունության եւ համագործակցության մասին խոսելիս Ռուսաստանի արտգործնախարարը շոշափել է նաեւ Վրաստանի հավանական ներգրավվածությունը: Պետք է ենթադրել, որ դիտարկումն արվել է Իրան-Հայաստան-Վրաստան հաղորդակցության հնարավորությունը քննարկած լինելու համատեքստում, բայց թե կողմերն ի՞նչ հայտարարի են եկել Ադրբեջանի արեւմտյան շրջաններ-Նախիջեւան հաղորդակցության ռեժիմի հարցում՝ մնում է չբացահայտված: Թեեւ Լավրովի ասածը, որ 3+3 ձեւաչափին Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայն են, եւ Ռուսաստանը ներկայումս աշխատում է հայկական կողմի հետ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Մանավանդ որ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, որ մոտ ապագայում Հայաստանի վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը կունենան աշխատանքային հանդիպում: Այս իրավիճակում ի՞նչ ուղեգիծ կորդեգրի Իրանը: Ծրագրված է Իրան-Թուրքիա-Ադրբեջան՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով թեհրանյան հանդիպում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «կողասրահներում» տեղի է ունեցել Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում: Իրանի արտգործնախարարը թուրք պաշտոնակցին է փոխանցել նախագահ Ռեիսիի՝ Թուրքիայի նախագահի Թեհրան այցի հրավեր: Ըստ երեւույթին, իրանական կողմն այդ բանակցություններից առաջ Մոսկվայից դիվանագիտական աջակցության ակնկալիքներ է ունեցել, որոնք, սակայն, չեն առարկայացել: Մեզ համար էական է մի արձանագրում. ռուս-իրանական հարաբերությունները գործընկերային են, բայց՝ ոչ ռազմավարական:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version