Փաշինյանի նոր օրակարգը՝ մոնոպոլացնել ՏԻՄ-երը․ դա կանխել է պետք

Փաշինյանի նոր օրակարգը՝ մոնոպոլացնել ՏԻՄ-երը․ դա կանխել է պետք

Խոշորացված համայնքներից մեծամասնությունում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։ Հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին, դեկտեմբերի 5-ին Հայաստանի խոշորացված համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (ՏԻՄ):
Իշխանությունը քաղաքական որոշումը կայացրել է ու, թերևս, գործ ունենք կայացած փաստի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ ընդդիմությունը վիճարկում է համայնքների խոշորացման գործընթացն ու, ամենայն հավանականությամբ, դիմելու է ՍԴ։
Վստահաբար՝ Բարձր դատարանը որևէ արմատական փոփոխություն չի անելու և իշխանության պլանը դրվելու է գործողության մեջ։
Համայնքների խոշորացման գործընթացը լրջագույն ռեֆորմ է, որը, կոնկրետ մոդելի վրա հիմնվելուց բացի, պետք է ունենա նաև հանրային կոնսենսուսի բաղադրիչ։
Հեղափոխությամբ իշխանության եկած ու «Ագորաների» մասին անընդհատ թմբկահարող Նիկոլ Փաշինյանին այս գործոնը բացարձակապես չի հետաքրքրում․ համայնքների խոշորացման գործընթացը տեղի ունեցավ հանրության կարծիքն անտեսելով, ավտորիտար մեթոդներով։
Խնդիրը շատ պարզ է՝ իշխանությունը մտադիր է մարզային, ռեգիոնալ մակարդակներում հին էլիտաներին փոխարինել իրեն հաճո, այսպես ասած՝ «հեղափոխական» էլիտաներով։
Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է մոնոպոլացնել ՏԻՄ-երը՝ այն բանից հետո, երբ նա ամբողջովին վերահսկում է օրենսդիր և գործադիր իշխանությունները ու գրեթե ծնկի է բերել դատական համակարգը։
Որպես կուսակցության ղեկավար՝ արդյունավետ եմ համարում ընդդիմության ակտիվ մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին։ Իդեալական տարբերակն այն է, որ մի շարք համայնքներում ընդդիմադիր ուժերն ունենան կոնսոլիդացված համամասնական ցուցակներ, նվազագույնը՝ կոնսոլիդացվեն այն կուսակցության/ դաշինքի ու նրա թեկնածուի շուրջ, որն անցողիկության մեծ շանսեր ունի։
Ընդդիմությունը պետք է ձգտի հաղթանակի՝ իշխանության ավտորիտար նկրտումները կանխելու նպատակով կամ գոնե պետք է ակտիվ մասնակցությամբ փոշիացնի իշխանության ռեսուրսները, որը, մեծ հաշվով, հանգեցնելու է գործող իշխանության ինստիտուցիոնալ ճգնաժամին։
Հենց այս նպատակադրմամբ էլ՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն որոշել է մասնակցել դեկտեմբերի 5-ին նշանակված Նոր Հաճնի խոշորացված համայնքի ընտրություններին։ Կուսակցության կամ նրա առանցքով ձևավորված դաշինքի համամասնական ցուցակը ղեկավարելու եմ ես՝ ակնկալիքով, որ այս համայնքում լինելու եմ ընդդիմության միասնական թեկնածուն։

նման նյութեր