Ինչի՞ց է անհանգստացել Regnum-ը

Առաջին հայացքից առտնին թվացող տեղեկատվությունը երբեմն ավելի խորքային է լինում, քան, ասենք, պաշտոնական հանդիպումների մասին արվող մեկնաբանությունները: Մենք, սակայն, շարունակում ենք իրականությունը գնահատել ինչ-որ վճռական, դարակազմիկ իրադարձության սպասումով: Ռուսաստանյան Regnum-ը վերլուծական է հրապարակել՝ դիտարկելով Ամենայն հայոց կաթողիկոսի այցը Վատիկան: Ռուս մեկնաբանի հայացքն անմիջապես կենտրոնացել է մեկամյա վաղեմության փաստի վրա. Գարեգին Բ-ն Հռոմում էր, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց եւ, չնայած ժամանակի սղությանը, հասցրեց հանդիպել Ֆրանցիսկոս պապին: Ճիշտ է, Վատիկանը բացահայտ հայանպաստ դիրքորոշում չորդեգրեց, բայց եւ հետպատերազմյան շրջանում էլ բացահայտ չի սատարում Արցախի պատմա-մշակութային եւ կրոնական սրբությունների նկատմամբ Ադրբեջանի ժխտողականությանը: Եթե բացենք ասվածը, ապա կունենանք մոտավորապես հետեւյալը. ավելի քան տասը տարի է՝ Ադրբեջանը ֆինանսավորում է մշակութային եւ կրոնական հուշարձանների վերականգնման Վատիկանի ծրագրի մի զգալի մասը: Փոխարենը Բաքվում ակնկալում են, որ Սուրբ աթոռը «օրհնության գիր կշնորհի» Արցախի քաղաքակրթական ժառանգությունը ոչ հայկական, աղվանական կոչելու եւ այդ ժխտողականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու նկրտումներին:
Պատերազմից մեկ տարի անց Վատիկան կատարած Գարեգին Բ-ի այցը վկայում է, որ Ադրբեջանը Վատիկանին համոզել չի կարողացել: Եւ սա արդեն ձեռքբերում է, եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանում Իլհամ Ալիեւի հրամանագրով արդեն իսկ կազմավորվել է «ուդի-աղվանական քրիստոնեական համայնք»: Նպատակը քաղաքական է. ոչ թե հայերն են ներկայիս Ադրբեջանի տարածքով մեկ սփռված քրիստոնեական հավատի հուշարձանների տերը, այլ՝ «ուդի-աղվանական համայնքը»: Փույթ չէ, որ այդ «համայնքը» միայն մի գյուղի՝ Նիժի, բնակչության կեսից էլ պակաս թվով մարդու է համախմբում: Փույթ չէ, որ նրանք մինչեւ 1989 թվականը սովորել են հայկական դպրոցում: Կարեւորը՝ որ աշխարհին ներկայացվի Ադրբեջանում «ուդի-աղվանական եկեղեցու» հետնորդների առկայությունը, եւ «ուդի հոգեւորականը» Դադիվանքում ծիսակատարություն անցկացնի:
Այս հարցում, երեւում է, Ադրբեջանը փորձել է քննարկումներ ունենալ Ռուս ուղղափառ եկեղեցու հետ, որի Բաքվի թեմը բազմիցս է քաղաքական հարցերի միջամտել եւ բացահայտ ադրբեջանամետ կեցվածք ցուցաբերել: «Ուդի-աղվանական համայնքը» նախագահական հրամանագրով կոչվում է «ուղղափառ»: Բայց եթե մի պահ ընդունենք, որ Աղվանից եկեղեցի իրոք գոյություն է ունեցել, ապա նույնիսկ այդ դեպքում այն ուղղափառ չէր կարող լինել, որովհետեւ օրհնություն ստանում էր Ամենայն հայոց կաթողիկոսից, այսինքն առաքելական էր, լուսավորչական: Եւ ցարական Ռուսաստանի բոլոր մարդահամարներում Բաքվի նահանգի հյուսիսային շրջանի ոչ հայ քրիստոնյա բնակչությունը նույնպես նշված է որպես «լուսավորչական»:
Այս իրողությունների նկատառմամբ բավական արտառոց է թվում Regnum-ի անհանգստությունը: Վերլուծաբանը Գարեգին Բ-ի Վատիկան այցի ենթատեքստում տեսնում է ԼՂ հարցում Արեւմուտքի հետ լրացուցիչ հաղորդախողովակ ստեղծելու քաղաքական նպատակ եւ հիմնավորում, որ կաթողիկոսին ուղեկցել է Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, իսկ դա նշանակում է «Թուրքիայի ներգրավվածություն»: Ընդսմին, նա շատ ցցուն նկատել է տալիս, որ Գարեգին Բ-ն, ամենայն հավանականությամբ, որոշ իմաստով նախապատրաստել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը Հռոմի պապի հետ՝ այս ամենը զուգահեռելով Սուրբ աթոռի Վրաստանում եւ Հայաստանում նվիրակի Մայր աթոռ այցին եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ բանակցություններին: Ի վերջո վերլուծությունը հանգում է նրան, որ Ռուս ուղղափառ եկեղեցին Արցախի քրիստոնեական ժառանգության հարցում դեռեւս սպասողական է, եւ շատ բան կախված կլինի նրանից, թե Վատիկանի հետ Գարեգին Բ-ի բանակցություններն ինչպես են կորելացվում Լեռնային Ղարաբաղի ապագայի մասին Ռուսաստանի պատկերացումներին:
Սա արդեն նույնիսկ չափազանց զգաստացնող է: Վատիկանի եւ Ռուս ուղղափառ եկեղեցու հարաբերությունները միշտ միջնորդավորված են եղել Արեւմուտք-Ռուսաստան, մեղմ ասած, բանավեճով, իսկ վերջին շրջանում կողմերը բացահայտ մրցակցության մեջ են Մերձավոր Արեւելքում եւ Ուկրաինայում: Եւ եթե այդ դիմակայությունը փոխանցվի նաեւ Արցախի քրիստոնեական ժառանգության շուրջ հավանական զարգացումներին, ապա խնդիրը կրոնա-մշակութայինից վերածվելու է բացառապես քաղաքականի: Քառասունչորսօրյա պատերազմից ռուսական մամուլի մի հրապարակման մեջ անցյալ տարի ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն անվանվել էր «կաթողիկոս»: Աղվանից կաթողիկոսությունը եւ Ղարաբաղի խանությունը լուծարվել են նույն տարում՝ 1825 թվականին: Ռուս ուղղափառ եկեղեցին ունի՞ «ուդի-աղվանական ուղղափառ համայնքի» լեգիտիմացման մտադրություն: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը նման հեռանկարը չի բացառում: Խորհրդային շրջանի պատմագիտությունն ակադեմիական մակարդակում Արցախի եւ ամբողջ Արեւելյան Անդրկովկասի հայության էթնիկ-քաղաքակրթական ինքնության հարցում ոչ Ադրբեջանի տեսակետն է վճռականորեն պաշտպանել, ոչ՝ Հայաստանի: Վատիկանի հետ Ամենայն հայոց կաթողիկոսի շփումների քաղաքականացումը, որ, ամենայն հավանականությամբ, ոչ միայն Regnum-ի մեկնաբանի «երեւակայությունն» է՝ կարելի՞ է դիտարկել որպես Ռուսաստանի անհանգստություն:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր