Հույզեր եւ հրամայական

(ՀՀ եւ ԱՀ արտգործնախարարներին բաց նամակի փոխարեն)

Քառասունչորսօրյա պատերազմի հետեւանքների սթափ գնահատումը բերում է եզրահանգման, որ հայկական կողմի մեծագույն կորուստները երկուսն են՝ մարդկային եւ իրավա-քաղաքական: Չորս հազար կյանքն, ավաղ, ոչ մի կերպ վերականգնելի չէ: Բայց արդյոք սպառվա՞ծ է նաեւ Լեռնային Ղարաբաղը որպես վարչա-տարածքային միավոր եւ կարգավիճակի սուբյեկտ վերստին միջազգայնորեն ճանաչելի դարձնելու հնարավորությունը: Այս հարցը, հարկավ, միանշանակ պատասխան չունի, թեեւ Երեւանի եւ Ստեփանակերտի վերջին շրջանի հայտարարությունները բոլորովին այլ երանգավորում ունեն: Իրականում դրանք գերազանցապես հուզական են:
Մինչդեռ օրվա հրամայականը մեկն է՝ հիմնավորել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը լուծարելու մասին Ադրբեջանի օրենքը՝ ընդունված Խորհրդային Միության իրավական գոյության պայմաններում, չի կարող եւ չպետք է դառնա ԼՂ քաղաքական կարգավորման հիմք: Այդ օրենքի վերաբերյալ ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեն 1991թ. նոյեմբերի 28-ին ընդունել է որոշում եւ այն ճանաչել Խորհրդային Միության սահմանադրությանը հակասող:
Այդ կերպ հաջորդիվ Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեն (1991թ. դեկտեմբերի 10-ին), առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունները (1991թ. դեկտեմբերի 28-ին) եւ ԼՂՀ անկախության Հռչակագիրը (1992թ. հունվարի 6-ին) փաստացի ճանաչվել են օրինական: ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեն, համենայն դեպս, 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն Խորհրդային Միության սահմանադրությանը կամ օրենքներին հակասող եւ իրավական ուժից զուրկ չի ճանաչել: Հանրաքվեի անցկացման պահին ԽՍՀՄ-ը որպես միութենական պետություն եւ միջազգային իրավունքի սուբյեկտ գոյություն ուներ:
Եւ եթե Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը լուծարելու մասին Ադրբեջանի օրենքն ընդունելուց ընդամենը երեք օր անց ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեն այն հակասահմանադրական եւ իրավական ուժից զուրկ է ճանաչել, ապա ոչինչ չէր խանգարում, որպեսզի նույն ատյանը Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի հաջորդ օրն այն ճանաչեր իրավազուրկ: Դա տեղի չի ունեցել: Իսկ եթե չկա իրավական ակտը բեկանող՝ ավելի բարձր ատյան վճիռ, ապա այն համարվում է օրինական:
Ինչ վերաբերում է առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրություններին, ապա դրանց օրինականությունը դե-ֆակտո ճանաչվել է ԵԱՀԽ Նախարարների կոմիտեի 1992թ. մարտի 24-ի լրացուցիչ որոշմամբ, երբ Մինսկի խորհրդաժողովի շահագրգիռ կողմ են սահմանվել «Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ այլ ներկայացուցիչները»: ԵԱՀԽ Նախարարների կոմիտեի այս որոշման ընդունմանը մասնակցել է նաեւ Ադրբեջանը: Այսպիսով, նաեւ Ադրբեջանն է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղում կան ընտրված ներկայացուցիչներ: Իսկ ընտրված ներկայացուցիչ է նա, ով ընտրվել է: Ուստի ԵԱՀԽ Նախարարների կոմիտեն փաստացի ճանաչել է առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհրդի՝ 1991թ. դեկտեմբերի 28-ի ընտրությունները:
Այդ կերպ ԵԱՀԽ-ն ըստ էության հիմք է ընդունել Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը լուծարելու մասին Ադրբեջանի օրենքի հակասահմանադրականության վերաբերյալ ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի՝ միութենական հանրապետության իշխանության բարձրագույն մարմնի իրավական ակտը բեկանող որոշումը, ինչը միանգամայն տրամաբանական է եւ իրավաչափ: Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ հետագա բոլոր փաստաթղթերում, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունները, Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգմանը զուգահեռ ԼՂ-ն եւ նրա շուրջ տարածքները սահմանազատված են:
Յոթ կամ վեցուկես շրջանները բնորոշված են որպես «օկուպացված» եւ ենթակա առանց նախապայմանների վերադարձի, իսկ «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը՝ նույնականացված նախկին Ադր. ԽՍՀ ԼՂԻՄ-ի հետ: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի քանի անգամ հայտարարել է, որ երկրի սահմանադրությունը Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր չի ճանաչում, ուստի «չկա Լեռնային Ղարաբաղ, գոյություն չունի ԼՂ հիմնախնդիր»: Այս հայտարարություններին միջազգային որեւէ արձագանք չի հետեւել եւ չի հետեւելու այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական Երեւանը եւ Ստեփանակերտը չեն թոթափի պատերազմում ծանր պարտության մղձավանջը, չեն հրաժարվի հուզական հայտարարություններից եւ չեն անցնի Ռուսաստանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների եւ Ադրբեջանի հետ առարկայական քննարկումների՝ հիմք ընդունելով վերոհիշյալը:
Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ժառանգություն է ստացել Խորհրդային Միությունից: Ըստ էության, ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո բանակցային գործընթացն էլ խորհրդային ժառանգություն է եւ կարգավորման բոլոր առաջարկությունները բովանդակային, իրավական առումով ավելին չեն, քան ԽՍՀՄ փլուզման նախօրերին ՌԴ եւ Ղազախստանի միջնորդությամբ կողմերը որպես մտադրություն համաձայնեցրել էին՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը վավերացված է նրանց՝ փոխադարձաբար ճանաչված ստորագրություններով՝ ըստ Ժելեզնովոդսկի կոմյունիկեի:
Հաջորդիվ Ադրբեջանը Բիշքեկում եւ հրադադարի մասին համաձայնագրում պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի՝ որպես հակամարտության կողմի, կարգավիճակը, եւ բանակցային հետագա ողջ գործընթացը կառուցված է եղել այդ տրամաբանությամբ: Այսօր, հետեւաբար, գերխնդիր է հասնել նրան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի սահմանադրությունը կարգավորման իրավական հիմք չընդունվի՝ ինչպես պնդում է այդ երկրի նախագահը: Մանավանդ որ Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը լուծարելու մասին Ադրբեջանի հակասահմանադրական օրենքի ընդունումն ու գործնական կիրառումը միանգամայն օրինական հիմք են տվել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ձեւավորի ինքնակառավարման մարմիններ:
Այս իմաստով հայկական դիվանագիտությունը պետք է շրջանառության դնի Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թ. նոյեմբերի 24-ի որոշման հրապարակման պահանջ: Այդ որոշումն ունի հետեւյալ անվանումը. «Վերին Ղարաբաղի ադրբեջանական բնակչության անվտանգության միջոցառումների մասին»: Կատարման պարտականությունը դրվել է նորաստեղծ պաշտպանության եւ ՆԳ նախարարությունների վրա: Որոշումը պաշտոնապես չի հրապարակվել, բայց անվանումն արդեն իսկ հուշում է, որ Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինը, ԼՂ ինքնավարությունը լուծարելու մասին օրենքն ընդունելուց անմիջապես հետո տեղաշրջանի հայ բնակչությանը հայտարարել է պետական հոգածությունից եւ պաշտպանությունից դուրս, այսինքն՝ ենթակա ֆիզիկական ոչնչացման կամ լիակատար բռնատեղահանման:
Միայն այս ակտը բավական է, որպեսզի օրինական եւ արդարացի ճանաչվեն Լեռնային Ղարաբաղի հայ մեծամասնության քաղաքական, իրավական եւ ռազմական ինքնակազմակերպվածության հետագա բոլոր քայլերը: Կկարողանա՞ հայկական դիվանագիտությունն ակտուալացնել այս հարցերը: Պետք է կարողանա: Այս դեպքում միջազգային իրավունքը աջակից կլինի:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր