«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Սուրեն Սուրենյանցը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարության հիմնական նպատակը, ըստ ձեզ, ո՞րն է, ու հայտարարության այս հատվածի մեսիջն ո՞ւմ է ուղղված, որում ասվում է, թե Տոնոյանը, հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը՝ ունեցած տեղեկատվության մեծ ծավալը չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար։

– Ակնհայտորեն դա քողարկված շանտաժ է, որովհետև ասում է, որ շատ բան գիտի, բայց պետության շահերից ելնելով՝ չի ասում։ Նման դեպքերում կա՛մ այդ մասին ընդհանրապես պետք է չասվի, կա՛մ ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի, որովհետև եթե պետական գաղտնիք է ու չպետք է ասես՝ ավելի լավ է դրա մասին ընդհանրապես չխոսես։

Կոնկրետ այս դեպքում Տոնոյանը Նիկոլ Փաշինյանին հասկացնում է, որ կոմպրոմատներ ունի նրա դեմ։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Տոնոյանը ինքնապաշտպանության իրավունքից ելնելով է նաև նման քայլի դիմում, որովհետև ակնհայտ է, որ կոռուպցիոն սխեմաները, պատերազմի պարտությունը Դավիթ Տոնոյանը միայնակ չէր կարող անել։ Ցավոք սրտի, իշխանության ստեղծած մթնոլորտն է այդպիսին, մեր քաղաքական իրականությունը կառուցվում է շանտաժի հիման վրա, բայց, միևնույն է, այդ շանտաժներն ու փոխադարձ մեղադրանքներն օգուտ չեն տալու։

– Դուք ասում եք, որ շանտաժ է անում Փաշինյանին, բայց այդ հայտարարության մեջ հստակ նշվում է, որ հաշվի առնելով պետական շահը՝ այդ մասին չի խոսելու, այս դեպքում այդ շանտաժի իմաստը ո՞րն է։

– Բա այդ դեպքում ինչո՞ւ է ասում։

– Դե, եթե ասում է՝ չեմ ասելու, Նիկոլ Փաշինյանն էլ ինչո՞ւ պետք է վախենա Տոնոյանի, ինչպես դուք եք ասում՝ շանտաժից։

– Նիկոլ Փաշինյանն այդ գաղտնիքները գիտի՝ ի տարբերություն ինձ և ձեզ: Բացի այդ էլ, ես վստահ չեմ, որ Տոնոյանը պետական գաղտնիքների մասին է լռում, վստահ եմ, որ անցած երեք տարվա ընթացքում եղել են տարբեր բնույթի ստվերային բազմաթիվ գործարքներ, ու նա դրանց մասին է ակնարկում։

Մեր երկիրը հիմա այնպիսի խոցելի իրավիճակում է գտնվում, որ բոլորին ամեն բան պարզ է՝ կապված անվտանգության հետ, այսինքն՝ այնքան թափթփված իշխանություն ունենք, արտահոսքի այնքան ծավալ կա, որ բոլորն ամեն ինչից տեղյակ են։

– Եթե պահը հասունանա, Դավիթ Տոնոյանն այդ գաղտնիքները, որոնք, ինչպես ասում եք, ամենևին էլ պետական գաղտնիքին չեն վերաբերում՝ բարձրաձայնելո՞ւ է, պարո՛ն Սուրենյանց։

– Չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ այս իշխանության օրոք պետք չէ սպասել կոռուպցիոն բացահայտումների թե՛ նախկինում արված, թե՛ իրենց պաշտոնավարման ընթացքում։ Հետևաբար՝ այնքան էլ վստահ չեմ, որ Դավիթ Տոնոյանի ու մյուսների գործը մինչև վերջ իրավական հանգուցալուծում կստանա։

Կհնչեն այսպիսի փոխադարձ ակնարկներ, գործի նկատմամբ հանրային հետաքրքրության անկմանը զուգահեռ ինչ-որ լուծում կգտնվի, և Դավիթ Տոնոյանն էլ, մյուսների օրինակով, ինչ-որ պահի ազատության մեջ կհայտնվի։

– Այդ դեպքում քրեական այս գործի հարուցման նպատակը ո՞րն էր։

– Անցած երեք տարվա ընթացքում չեք կարող ինձ գոնե մի կոռուպցիոն դեպք հիշեցնել, որն ամբողջությամբ բացահայտվել է, որովհետև բոլոր գործերը՝սկսած Մանվել Գրիգորյանի «տուշոնկի գործից», վերջացրած այլ գործերով, ըստ էության, արվել են շոուի, փիառի համար, ատելություն գեներացնելու նպատակով։

Այսինքն՝ 3,5 տարում, երբ իրավական որևէ ակտ չունենք կոռուպցիոն գործերի վերաբերյալ, դա նշանակում է, որ իշխանությունը ոչ թե խորքային, իրական պայքար է մղում կոռուպցիայի դեմ, այլ շեշտը դնում է մասկի շոուների վրա։ Հիմա էլ ակնհայտ է, որ տեղի է ունենում պատերազմի պարտության մեղավորի նշանակման գործընթաց։

Քննիչ հանձնաժողովից առաջ Նիկոլ Փաշինյանին պետք էր հանրային կարծիք ձևավորել «մեղավորի» շուրջ, ու որոշել է աղմուկի միջոցով մեղավոր նշանակել Դավիթ Տոնոյանին։ Ասվածից, սակայն, չի հետևում, որ Տոնոյանը պատասխանատվություն չի կրում, ասվածից հետևում է, որ թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, այնուհետև՝ պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետն ու նրանց հաջորդողները, իսկ մնացածը, ինչ կատարվում է թե՛ Դավիթ Տոնոյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի կողմից, ավելի շատ շոուի է նման։

– Պայմանավորվա՞ծ են գործում, պարո՛ն Սուրենյանց։

– Չեմ կարծում, եթե մինչև պատերազմը տարբեր հարցերում կարող էին պայմանավորվածություններ լինել, ապա հիմա ինչ-որ մարդիկ պետք է մեղավորներ նշանակվեն, իսկ այս պարագայում բոլորը փորձում են մեղավորությունը հասցեագրել ուրիշին։

– Իսկ Դավիթ Տոնոյանը ի՞նչ միջոցով կկարողանա խուսափել, ինչպես ասում եք, պատերազմի մեղավոր նշանակվելուց։

– Նա և մյուսները, որոնք ազատության մեջ են, կարող են բացահայտել ճշմարտությունը՝ պատերազմի սկզբի, ընթացքի ու ավարտի և դրանից հետոյի մասին։ Միայն այդ պարագայում մենք կիմանանք, թե ով ու ինչ աստիճանի պատասխանատվություն ունի կատարվածի մեջ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր