Կա՞ն այլ պայմանավորվածություններ

Կա՞ն այլ պայմանավորվածություններ

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում «գաղտնի պայմանավորվածությունների» մեջ եւ ասել, որ սեփական ուժերով կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ չեզոքացնելու իրենց երկրին սպառնացող վտանգները: Խոսքը Սիրիայի հյուսիսային շրջաններում քրդական զինված ուժերի մասին է, որ, ինչպես թուրքական կողմն է ասում, պետք է թուրք-սիրիական սահմանից երեսուն կիլոմետր խորքով հեռանային, բայց շարունակում են մնալ իրենց դիրքերում եւ «հարձակումներ գործել Թուրքիայի դեմ»:
Ի՞նչ է ծրագրում Անկարան, արդյոք Էրդողանը կհատի՞ կարմիր գիծը եւ կրակային շփման մեջ կմտնի Իդլիբի շրջանում ռուսական ուժերի հետ՝ ենթադրությունների ոլորտից հարցադրումներ են, թեեւ մեծ է հավանականությունը, որ թուրքական հիստերիան բոլորովին այլ ենթատեքստ ունի: Բանն այն է, որ Մոսկվա է այցելել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը: Այո, նույն Նուլանդը, ով Կիեւի «Մայդանում» ցուցարարներին բաղցրաբլիթներ էր բաժանում եւ նրանց Յանուկովիչի դեմ պայքարում տոկունություն մաղթում: Նուլանդը Ռուսաստանի ԱԳՆ «սեւ ցուցակում» էր, եւ նրա մոսկովյան այցը բոլոր առումներով թեեւ անսպասելի, բայց փորձագիտական շրջանակներում գնահատվել էր «առանցքային»:  Ոչ մեկը չէր կասկածում, որ նա Մոսկվա է այցելում Ուկրաինայի հարցով: Եւ ահա Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոզակը բացում է խաղաքարտերը. Միացյալ Նահանգներն ընդունել է, որ Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման մի ճանապարհ կա՝ Դոնբասի հատուկ կարգավիճակ՝ Ուկրաինայի կազմում: Ըստ էության, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը փակում են Ուկրաինայի արեւելքում պատերազմի թեման: Իսկ Թուրքիան հենց այդ «լարերի վրա էր խաղում»՝ ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր քննարկելով Կիեւի հետ: Նպատակը Սեւծովյան տարածաշրջանում հաստատվելն է, իսկ դա արդեն ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Միացյալ Նահանգների դեմ է մարտահրավեր:
Իհարկե, Նուլանդ-Կոզակ ձեւաչափով փոխըմբռնումը դեռեւս հստակ երաշխիք չէ, որ Դոնբասի հարցով բանակցությունները կվերսկսեն եւ, մանավանդ, ներգրավված բոլոր կողմերը կհանգեն ընդհանուր հայտարարի, բայց չափազանց կարեւոր է, որ Մոսկվա-Վաշինգտոն քննարկումների օրակարգից, կարծես, Ղրիմի թեման դուրս է բերվել գոնե այս փուլում: Դա նույնպես հարված է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը: Անկարան Ղրիմի հարցն ակտուալացնում էր՝ ակնկալելով, որ այդ կերպ կարող է Ռուսաստանի հետ առանձին «խաղ խաղալ»՝ շահարկելով Մոսկվա-Վաշինգտոն հակասությունները: Պարզվում է, Թուրքիան ամենեւին էլ միջազգային քաղաքականության «բարձրագույն լիգայի» անդամ չէ, եւ ուժի համաշխարհային կենտրոնները նրա թիկունքում կարող են գալ բոլորովին այլ պայմանավորվածությունների: Ըստ երեւույթին, Սիրիայի հարցում էլ կա առնվազն նախնական փոխըմբռնում՝ երկրի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, իսկ քաղաքական կարգավորման, այսպես կոչված՝ ներսիրիական համաձայնության, ժամանակը դեռ կգա: Այս «ջենթլմենական պայմանավորվածությունը» փաստացի ջուրն է նետում Էրդողանի նոր օսմանական նախագծումներ գոնե Մերձավոր Արեւելքում: Գաղտնիք չէ, որ Թուրքիան բաց հավակնություններ ունի Հալեպի եւ Սիրիայի հյուսիսի նկատմամբ, որտեղ առաջ է մղում էթնիկ թուրքմենների «իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը»: Դա Էրդողանի «պահուստային տարբերակն» է այն դեպքում, երբ սիրիական կարգավորումը կմտնի նոր սահմանադրության մշակման փուլ. եթե քրդերը պետք է կարգավիճակ ունենան, ապա նույն «իրավունքն ունեն նաեւ թուրքմենները»,- հեռանկարն այսպես է տեսնում  թուրքական մամուլը, բայց գործնական քաղաքականության մեջ Թուրքիայի նպատակը Սիրիայի «օսմանապատկան» տարածքի մի մասի բռնակցումն է: Եթե Ուկրաինայի արեւելքի հարցում ռուս-ամերիկյան նախնական փոխըմբռնումը բերի քաղաքական պայմանավորվածությունների, ապա Կիեւի իշխանություններին այլ բան չի մնա, քան՝ ձեռնամուխ լինել ազգային օրենսդրությամբ  «Մինսկի սկզբունքների» ամրագրմանը: Առկա է, իհարկե, ներուկրաինական քաղաքական ճգնաժամի վտանգ, բայց նվազ հավանական է, որ նախագահ Զելենսկիին կփոխարինի ավելի արմատական գործիչ: «Հակա-Ռուսաստան» քաղաքական նախագծի կողմնակիցների ամբողջ հույսը  Միացյալ Նահանգներն էր: Ուկրաինայի արեւելքի քաղաքական կարգավորման հեռանկարը, ինչի շուրջ քննարկումներ են ունեցել ԱՄՆ փոխպետքարտուղար Նուլանդը եւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոզակը, բնականաբար նվազեցնում է Թուրքիայի դերը: Ամեն ինչ, անշուշտ, նախնական է: Այդուհանդերձ, փորձագիտական աղբյուրները չեն դադարում խոսել առաջիկայում Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների նոր հանդիպման հնարավորության մասին: Իսկ դա ենթադրում է աշխարհաքաղաքական ավելի լայն շրջագծով քննարկումներ: Ընթանու՞մ են նման շփումներ, դրանցում ներառնված է նաեւ Հարավային Կովկա՞սը: Որոշակի ազդակներ, կարծես, կան: Տեսանելի ապագայում, հավանաբար, նոր զարգացումներ կուրվագծվեն: Տարածաշրջանի երկրներն զգաստացած են: Դա ակնհայտ երեւում է Վրաստանի եւ Իրանի կեցվածքից:
Հայաստանի եւ Արցախի պարագայում, հնարավոր է, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի քաղաքական վերագործարկման պայմանավորվածության հանգեն, եթե Ադրբեջանը շարունակի համառել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի մանդատի համաձայնեցման հարցում: Համենայն դեպս, տպավորություն է, որ Ռուսաստանը նույն եռանդով չի պնդում նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարումը: Հարցն այն է, թե հայկական կողմերի համար դա հնարավորությու՞ն է, թե նոր մարտահրավե՞ր:

նման նյութեր