Քասախի բեսպրեդելը կամ հին բարքերի լճացումը․․․․․․․․․

Քասախի բեսպրեդելը կամ հին բարքերի լճացումը․․․․․․․․․
Թե ինչ է կատարվում Քասախ համայնքում, մեզ պատմեց համայնքի մի բնակիչ, որի անունը հասկանալի պատճառներով հրապարակել չենք կարող։ Սակայն այն, ինչ կատարվում է համայնքի ներսում՝ բարձրաձայնելու կարիք ունի։
Այսպես, առաջին խնդիրը, որի մասին զրուցեցինք հյուրի հետ, դա համայնքում հոսանքի մատակարարման խնդիրն էր։ Այցելուն պատմեց, որ շատ հաճախ՝ անգամ թեթև քամու պատճառով, գյուղն անմիջապես հոսանքազրկվում է ու թվում է, որ ապրում ես քաղաքակրթությունից դուրս։ Այս խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է, բայց հարցին լուծում մինչ օրս չի տրվել։
Բայց սա չարիքի փոքրագույնն է։ Բանն այն է, որ նմանատիպ անլուծելի վիճակում է նաև տրանսպորտի հարցը։ Նշենք, որ Քասախ ուղևորվող տրանսպորտը միայն 37 համարի երթուղայինն է և մարդիկ հայտնվում են փակուղու առջև, երբ առավոտյան կուտակվում են կանգառում, իսկ ավելի համառները «մեկ ոտքի վրա» հասնում աշխատանքի։ Պարզ է չէ, թե ինչ հետևանքներ են մեզ սպասում համավարակի այս պայմաններում։ Մեր կայքը բազմիցս բարձրաձայնել է տրանսպորտի հետ կապված այս անլուծելի թվացող հարցը։ Այս պարագայում կա ևս մեկ խոչընդոտ, որն, ըստ էության, հին բարքերի շարունակությունն է․ ըստ քաղաքացու պնդման՝ գծի մենաշնորհը գտնվում է Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի «ձեռքում»։ Սա է պատճառը, որ երբ փորձ է արվել երթուղին համալրել ևս մեկ տրանսպորտով՝ թիվ 28 ավտոբուսով, անմիջապես, այսպես կոչված, մոնոպոլիստները «դեմն առել են», իսկ շահագործումը մեկնարկած նոր «գիծը» աշխատել է ընդամենը հինգ օր։ Երևում է, տղերքի գործը «տակ էր տալիս» կամ նրանք սովոր էին խոշոր, չկիսվող ավարին։ Ժողովուրդը կասեր «սերը սովորն է կերել», բայց ինչ արած՝ տուժում է ամեն ինչ հանդուրժող և ամեն ինչին հարմարվող աշխատավոր մարդը։
Համայնքի մյուս խնդիրը, որի մասին տեղեկացանք հանդիպման ժամանակ, դա նախկին մանկապարտեզի հետ կապված հարցն էր։ Քասախցին պատմեց, որ ժամանակին այդ շենքը որոշված էր տրամադրել անօթևան, կարիքավոր և սոցիալապես անապահով մարդկանց, բայց «կերած սերի» պատմության պես, շենքին տեր կանգնեցին և մինչ օրս այնտեղ են բնակվում սոցիալապես ապահով մարդիկ, որոնք, ըստ հավաստի լուրերի, այլ գույքերի սեփականատերեր են և դրանցից մեկն է ոմն Աբրահամ Հակոբյանը, որին բոլորը ճանաչում են «Վոլոդ» անունով։ Այս բարքերը տիրում են համայնքում վաղուց և որևէ դրական տեղաշարժ չի արձանագրվում արդեն հասկանալի պատճառներով։
Զավեշտային այն էր, որ քասախցի մեր հյուրը պատմեց, որ տեղյակ է, թե ինչպես են միայն բարեկամական կապերով վարձակալությամբ տրամադրվում հեկտարներով հողատարածքներ, որոնք այդպես էլ աննպատակ, սակայն կարևորը սահմանազատված մնում են դրանց տերերի տիրապետման տակ, իսկ մի պատահական օր էլ գրոշներով սեփականությամբ տրվում վարձակալներին։ Տեղեկացանք նաև, որ համայնքի ղեկավարի եղբոր որդի Նարեկ Մկրտչյանը դրանցից մեկն է։ Անմիջապես աչքիդ առաջ է հայտնվում հայտնի մուլտֆիլմի կալվածատեր Մարկիզ Կարաբասի կերպարը՝ միայն պակասում է գեղջուկ երգչուհիների խումբը․․․․․․
Անկեղծ ասած, միգուցե տարակուսանքի մատնվեի, եթե ոլորտին ծանոթ չլինեի և ժամանակին չուսումնասիրեի նմանատիպ հազարավոր խնդիրներ։ Դե ինչ, մնում է հուսալ, որ ամեն ինչ ժամանակն իր տեղը կդնի, իսկ համայնքի խնդիրները մեզ համար դառնալու են առաջնային, քանի որ քաղաքը ի վերջո կերակրվում է գյուղով, իսկ հայտնի ասույթի համաձայն՝ քաղաքացին «փողն» ուտել չի կարող։

նման նյութեր