Կրոնական «կարգավորո՞ւմ»

Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հանդիպումը, կարծես, ավելի խորքային է, քան երեւում է առաջին հայացքից: Համենայն դեպս, ռուսաստանյան մամուլը կրոնական առաջնորդների բանակցություններին ավելի մեծ ուշադրության է արժանացրել, քան նույնիսկ Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Դա, իհարկե, չի նշանակում, թե երկրորդն անկարեւոր է դիտվում, բայց երբ հրապարակումներում դիտարկվում է Պատրիարքի միջնորդության քաղաքական երանգավորում, ապա տպավորություն է ստեղծվում, որ Ռուս ուղղափառ եկեղեցուն հաջողվել է որոշակի «սահման գծել»:
Ինչի՞ մասին է խոսքը: Ռուսական մամուլի մի քանի հրապարակումներում այն տեսակետն է զարգացված, որ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հետպատերազմյան շուրջ մեկ տարում կրոնական տարբեր կենտրոններում սեփական տեսակետին աջակցություն են փնտրել: Regnum-ի մեկնաբանը, մասնավորապես, նշում է, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը մի քանի ամիս առաջ մեկնել է Ստամբուլ եւ հանդիպել Տիեզերական պատրիարքին՝ ենթադրելով, որ Փաշազադեն փորձել է «ուդի-աղվանական քրիստոնյա համայնքի» համար ուղղափառ եկեղեցու կարգավիճակ «պոկել» եւ ավելացնում, որ այդ քայլը, բնականաբար, պետք է «արժանանար ոչ միայն Ռուս, այլեւ Վրաց ուղղափառ եկեղեցու զայրույթին»: Ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ է դրսեւորվել այդ «զայրույթը» եւ արդյոք Ռուս եւ Վրաց ուղղափառ եկեղեցիներն այս հարցով քննարկումներ ունեցե՞լ են՝ կարելի է միայն ենթադրել: Իրողությունը, կարծես, այն է, որ Տիեզերական պատրիարքը կամ ուղղակի մերժել է Փաշազադեի միջնորդությունը, կամ խորհուրդ է տվել թեման արծարծել Ռուս եւ Վրաց ուղղափառ եկեղեցիների հետ: Եւ եթե արդյունքում Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետի միջնորդությամբ կայացել է Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հանդիպում, որին Փաշազադեն չի համարձակվել ներգրավել «ուդի-աղվանական քրիստոնյա համայնքի» ներկայացուցչի, իսկ Գարեգին Բ.-ի հետ Մոսկվա է այցելել նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը, ապա մնում է ենթադրել, որ կողմերը մոտ են խնդրի կրոնական կարգավորմանը: Սա չափազանց կարեւոր հանգամանք է, եթե նկատի ունենանք, որ ադրբեջանական կողմը մշտապես բարձրացնում է Աղվանից եկեղեցու թեման եւ պնդում, որ այն լուծարվել է ցարական Ռուսաստանի կողմից, վերջնականապես օրինականացվել Հայ առաքելական եկեղեցու՝ 1836թ. ընդունված “Положение”-ով, ինչի հետեւանքով «աղվանական ինքնությունը փոխվել է հայկականի»:
Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մերժման «հիմնավորումներից» մեկն էլ այն է, որ Արցախն «ամենեւին էլ հայկական քաղաքակրթական տարածք չէ, այլ՝ աղվանական»: Կրոնական առաջնորդների մոսկովյան հանդիպումը փակե՞լ է այդ թեման: Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ հանդիպմանը Պատրիրարք Կիրիլը մի դիտարկում է արել, թե քաղաքական նպատակահարմարությունը հաճախ գերիշխում եւ խոչընդոտում է հոգեւոր-մշակութային խնդիրներում համաձայնության ջանքերին: Ըստ երեւույթին, նկատի է առնված Ադրբեջանի իշխանությունների անհանդուրժողականությունը, բայց մյուս կողմից բանակցությունների արդյունքում ընդունված եռակողմ հայտարարությունն ընդգծում է կրոնական, մշակութային արժեքների պահպանման, այլադավանության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը: Սա պարտավորությու՞ն է, թե՝ մտադրությունների հռչակագրու՞մ:
Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետի հետ հանդիպմանը Փաշազադեն ներկայացել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի ուղեկցությամբ, եւ դա չի վրիպել ռուսաստանյան մամուլի ուշադրությունից: Ճիշտ է, փաստը ներկայացվել է այն կտրվածքով, թե, հավանական է, Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի կառավարության մոտեցումներում փոխըմբռնում եւ համագործակցություն չկա, բայց մյուս կողմից էլ, կարծես, ակնարկվում է, որ շեյխ ուլ-իսլամը չի կարող շրջանցել Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը եւ նույնիսկ կրոնական հարցերում հայկական կողմի հետ «սեպարատ համաձայնության» հասնել: Իր հերթին ադրբեջանական մամուլն էլ Ամենայն հայոց կաթողիկոսի կեցվածքում «ավելի կոշտ արմատականություն» է արձանագրել, ինչից, թերեւս, արժե եզրակացնել, որ Բաքվում գոհ չեն կրոնական առաջնորդների եռակողմ հանդիպման, բայց հատկապես՝ Պատրիարք Կիրիլի եւ շեյխ ուլ-իսլամ Փաշազադեի առանձնազրույցի արդյունքներից: Ենթադրել, թե Իլհամ Ալիեւը դադարեցնելու է «ուդի-աղվանական եկեղեցու» լեգիտիմացման փորձերը, կլիներ չափազանցված լավատեսություն: Բայց ո՞վ կարող է այդ հարցում նրան աջակից լինել: Իլհամ Ալիեւը վերստին կփորձի Թուրքիայի իշխանությունների ներգրավմամբ բանակցություններ սկսել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքի հե՞տ, կդիմի Վրաց ուղղափառ եկեղեցու՞ն: Ռուս ուղղափառ եկեղեցին, կարծես, Ադրբեջանին հասկացրեց, որ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կարգավիճակն օրինական է եւ փոփոխության ոչ ենթակա: Վրաց եկեղեցին կրոնա-մշակութային, քաղաքակրթական վեճ Ադրբեջանի հետ վաղուց ունի եւ հազիվ թե ընդառաջի Ալիեւի քմահաճույքին: Մնում է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքարանը, բայց նա էլ Ռուս ուղղափառ եկեղեցու հետ արդեն իսկ հարաբերությունները զգալիորեն փչացրել է՝ մասնատելով ուկրաինական հոգեւոր ամբողջությունը: Կգնա՞ Կոստանդնուպոլիսը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքարանի դեմ: Թվում է՝ ոչ: Մանավանդ որ Ադրբեջանում ոչ «ուդի-աղվանական եկեղեցի» կա, ոչ՝ ուղղափառ հավատացյալների հանրություն: Ադրբեջանի միակ ուղղափառ քրիստոնյա համայնքն ռուսականն է, որ հովվում է Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր