Site icon politcom

Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի․ ունենք վեց վիրավոր

Երեկ, ուշ երեկոյան, Ադրբեջանն Արցախի սահմանին կազմակերպել է հերթական սադրանք, ինչի հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր։
Իրադարձությունները զարգացել են հետևյալ հաջորդականությամբ։
Նախ, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդել է, որ «հայկական կողմից արձակված դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող»։ Գերատեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն` միջադեպը տեղի է ունեցել 18:15-ին:
Տեղի ունեցածը հետաքննելու նպատակով ադրբեջանական կողմը դիմել է ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնին։
Արցախի պաշտպանության նախարարությունն հերքել է ադրբեջանական կողմի լուրը` հայտարարելով, որ դա կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:
«Արցախի Հանրապետության արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ: Ակնկալելով անաչառ հետաքննություն ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռք բերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը», – նշված է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ:
Ժամեր անց հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Փաստաթղում, մասնավորապես, ասված է․
«Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է:
Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել:
Քիչ առաջ խոսեցի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) հետ, ով այս պահին այցելել է զինվորական հոսպիտալ, քննարկեցինք մանրամասները:
Սա ադրբեջանական իշխանությունների ցեղասպան, ֆաշիստական քաղաքականության ուղիղ արդյունքն է:
Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ լրջագույն սպառնալիք է մարդկանց անվտանգության ու խաղաղ համար, նրանց կյանքի իրավունքի ոտնահարում է:
Հաշվի առնելով, որ Արցախի պաշտպանության բանակի դիրքերը Նոր Շեն ու մյուս համայնքների անմիջական հարևանությամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու անվտանգությունը, ակնհայտ է, որ վիրավորում ստացած բոլոր զինվորների առողջությանը վնաս պատճառելու համար ադրբեջանական զինված ուժերն ուղիղ պատասխանատվություն են կրում իրենց հանցավոր արարքների համար:
Ավելի ուշ, Արցախի ՊԲ-ն հաստատել է լուրը՝ պնդելով նաև, որ «հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: ՊԲ հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը»:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version