Site icon politcom

Գյումրին բոյկոտեց, Գորիսն ընդվզեց․ իշխանության պարտությունը

ՏԻՄ ընտրություններին  մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 55410-ը կամ 33,23 տոկոսը։
Գյումրիում ընդհանուր 109453 ընտրողից մասնակցել է 26417-ը կամ 24.14 տոկոս:
Գյումրիի ցուցանիշն աննախադեպ ցածր է, սա յուրօրինակ հակառեկորդ է Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացված Հայաստանի պատմության մեջ։ Այնպես չէ, որ իշխանությունները տարբեր մեթոդներով չեն «շահագրգռել» ընտրողների ակտիվությունը։
Հոկտեմբերի 17-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ՝ հոկտեմբերի 14-ին, կառավարությունը հերթական անգամ գումար է հատկացրել մարզերին։
Մասնավորապես, այս անգամ պետական բյուջեից 267 միլիոն 441 (267,441.2) դրամ է հատկացվել Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին։
Փաստորեն պետական ռեսուրսն օգտագործվել է ՏԻՄ ընտրություններում իշխանության կուսակցության հաղթանակի համար, ինչը գոնե ենթադրում էր հանրային որոշակի խմբերի կոնսոլիդացիա և ակտիվացում։
Իհարկե, քողարկված ընտրակաշառքին իշխանության ներկայացուցիչներն այլ անուն էին դրել։ Դրանք սոցաջակցություններ են. Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն` 50000 դրամ բաժանելու մասին այսպես էր արտահայտվել։
Կատարյալ է իրավիճակի ողբերգականությունը։ Երբ ԱԺ ընտրություններից առաջ նման «սոցաջակցություններ» բաժանել էին Գորիսի քաղաքապետարանում, բոլորի վրա` քաղաքապետից սկսած, քրգործ հարուցվեց` ընտրակաշառքի գործով։ Հիմա, ՔՊ-ի պարագայում, ընտրակաշառք բառը դարձել է քաղաքակիրթ «սոցաջակցություններ» տերմին։
Բացի այդ, անցած օրվա ընթացքում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որոնց մի մասը հաստատվում էր դիտորդների կողմից, որ ՔՊ-ի համար ուղղորդված քվեարկության են տանում՝ առանց պետհամարանիշների մեքենաներով։
Բայց այս հարակից միջոցները փաստորեն չօգնեցին։
Հատկապես Գյումրին, ըստ էության, բոյկոտեց ընտրությունները։
Պատճառները մի քանիսն են․
-հասարակությունը, կարճ դադարից հետո, վերստին չի հավատում ընտրությունների ինստիտուտին, ավելի ճիշտ՝ դրա միջոցով փոփոխություններ իրականացնելու հնարավորությանը,
-տոտալ անվստահություն կա քաղաքական ուժերի նկատմամբ և դա տարածվում է ինչպես իշխանության, այնպես էլ՝ ընդդիմության վրա,
-ՏԻՄ ինստիտուտը շարունակում է չկարևորվել հասարակության կողմից, իսկ ավտորիտար մեթոդներով իրականացված խոշորացումն ավելի է խորացրել անվստահությունը ՏԻՄ ինստիտուտի նկատմամբ,
-ՏԻՄ ընթացիկ ընտրությունները համարվեցին՝ որպես ԱԺ ընտրությունների իներցիոն շարունակություն, ինչն օբյեկտիվորեն հոգնեցրեց մեր հասարակությանը։
Գյումրիում ընտրություններին ցածր մասնակցությունն, ըստ էության, անվստահություն էր իշխանության նկատմամբ։ Սակայն սա իշխանությանը պատուհասած միակ տհաճ անակնկալը չէր։

 

ՔՊ-ն իր դեմքով պարտվեց Գյումրիում և Մեղրիում

Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն իր դեմքով պարտվեց Գյումրիի ավագանու ընտրություններում՝ հավաքելով 29,56% ու զիջելով Գյումրիի գործող քաղաքապետ սամվել Բալասանյանի կլանի կողմից ձևավորված «Բալասանյան դաշինք» կուսակցությանը, որը հավաքել է 36,59%։ Մոտավորապես նման մի հնարք էլ ՀՀԿ-ն էր կիրառել 2016-ին, կրկին Բալասանյանի դեմքով։
Փաստորեն, նույնիսկ հեղափոխությունը չի փոխել իշխանության բնույթը, որակը։ Կամ գուցե հեղափոխություն չի էլ եղել։
Իհարկե, Բալասանյանին ու նրա կողմնակիցներին դժվար է ընդդիմություն համարելը, սակայն նրանց բարձր ցուցանիշը հետևանք է իշխանությունների հանդեպ գյումրեցիների ունեցած անվստահությանը։ Եթե նույնիսկ Բալասանյանի կուսակցությունը ՔՊ-ի հետ կոալիցիա ձևավորի՝ վերջինիս զիջելով քաղաքապետի պաշտոնը, դրանից Գյումրիում ՔՊ պարտության հետևանքները չեն չեզոքանում։
Ի դեպ, Մեղրի խոշորացված համայնքում ՔՊ-ն նույնպես պարտություն է կրել, այստեղ էլ հաղթանակ է տարել Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որին դժվար է ընդդիմադիր համարել, սակայն չի կարելի նաև նույնացնել իշխանության հետ։

Իշխանության ջախջախումը Գորիսում

Առուշ Առուշանյանի կալանքի տակ գտնվելը, արհեստածին թվացող պատրվակով հենց ընտրության օրը նրա ղեկավարած դաշինքի կենտրոնական գրասենյակի պաշարումը ոստիկանության կողմից ու գործող քաղաքապետի ընտրական թիմի գործունեությունը կաթվածահար անելը՝ չխանգարեցին, որ «Առուշ Առուշանյան» դաշինքը պարզապես ջախջախի ՔՊ-ին ու նրա քաղաքապետի թեկնածուին։
Գորիսն ապտակեց Փաշինյանին
Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 6250 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել 3590 ընտրող։
Սա հետևանք է «չագուչի», որով ամիսներ շարունակ Փաշինյանը սպառնում է հասարակությանը, մարդկանց, ովքեր իրենից տարբերվող կարծիքներ ունեն։
Գյումրին բոյկոտեց ընտրությունները ու նույնիսկ այդ պարագայում իշխանությունն իր դեմքով՝ ՔՊ-ով պարտվեց։
Գորիսում, նույնիսկ ընտրությունների օրը, իշխանությունը փորձեց ոստիկաններով «օկուպացնել» Գորիսը ու ստացավ համարժեք պատասխան՝ Առուշ Առուշանյանը բանտից հաղթեց իշխանությանը։
Իշխանության կուսակցության համամասնական ցուցակները հաղթանակ տարան Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում։ Սակայն այդ ընտրություններն՝ իրենց քաղաքական նշանակությամբ, չեն կարող համեմատվել Գյուրմրիի, Գորիսի ընտրությունների հետ ու չեն կարող կոմպեսացնել Փաշինյանի թիմի երեկվա գլոբալ պարտությունը։
Անկարելի է, որ ԱԺ ընտրություններում ընդամենը երկու ամիս առաջ 53 տոկոս հաղթանակ տարած իշխանությունը նման ողորմելի պարտություն կրի Գորիսում ու Գյումրիում։ Սա մասին զգուշացրել էինք, ասել էինք, որ ԱԺ ընտրություններում արձանագրված տոկոսը ոչ թե Փաշինյանի վստահության, այլ նրա հիմնական մրցակցի հակառեյտինգի ցուցիչն է։
Հենց որևէ ընտրությունում ուղղակիորեն չի երևում Նիկոլ Փաշինյանի ու նրա հիմնական «հակառակորդի» կոնտրաստը, իշխանությունը ջախջախվում է՝ ցույց տալով իր, մեղմ ասած, ոչ բարձր վարկանիշը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version