Site icon politcom

Իրանը գործի է դնում ռազմական դիվանագիտությունը. ի՞նչ սպասել

Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների մոսկովյան ճեպազրույցի ժամանակ կողմերի միջեւ տեղի ունեցավ «հրետանային փոխհրաձգություն»: Իրանցի պաշտոնյան դժգոհեց, որ Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում արտատարածաշրջանային երկրներ: Խոսքը Թուրքիայի եւ Պակիստանի մասին էր, որ Կասպից ծով էին հրավիրվել Ադրբեջանի կողմից: Ակնարկն էլ վերաբերում էր Ռուսաստանի լռությանը: Պատմականորեն Կասպից ջրային ավազանը ռուս-իրանական է, եւ այդ օրինաչափությունը պահպանվել է ԽՍՀՄ գոյության ամբողջ ընթացքում: ՌԴ արտգործնախարարն էլ իր հերթին «կսմթեց» Իրանին, թե ինչու՞ է ձգձգում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացումը, եթե այդպես չլիներ, ապա «կոնվենցիան կգործեր ամբողջ ուժով»:
Պետք է հասկանալ՝ Ռուսաստանը ադրբեջանա-թուրքական-պակիստանյան զորավարժություններ թույլ չէր տա՝ Իրանի հետ համագործակցած: Ռուսաստանը եւ Իրանը, անշուշտ, դժգոհ են Կասպից ծովի նոր ստատուս-քվոյից, բայց եթե Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ադրբեջանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետություններ են, ապա շատ դժվար է մերժել նրանց՝ ջրային ավազանից «ազգային բաժին ունենալու իրավունքը»: Իսկ կարելի՞ է խնդիրն «անվերջ» թողնել առկախ: Իրանը, կարծես, այդ ճանապարհն է ընտրել՝ վստահ լինելով, որ դիվանագիտական դեմարշը բավարար է, որպեսզի Բաքուն եւ մյուսները զգաստանան:
Եւ, կարծես, չի սխալվել: Իրանա-ադրբեջանական բավական լարված հարաբերությունների համապատկերին Պակիստան այցի հրավեր է ստացել Իսլամական հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Բաղերին: Իսլամաբադում նրան ընդունել են բարձր մակարդակով: Բաղերին հանդիպել է նաեւ Պակիստանի վարչապետի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են աֆղանա-պակիստանյան եւ պակիստանա-իրանական սահմանների անվտանգությանը եւ այդ բնագավառում համակողմանի համագործակցությանն առնչվող հարցեր: Ձեւակերպումը՝ ձեւակերպում, բայց ակնհայտ է, որ չի շրջանցվել նաեւ թուրք-պակիստանա-ադրբեջանական զորավարժությունների թեման: Irna պաշտոնական գործակալությունը հաղորդում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները: Բացառված չէ, որ հաջորդ փուլում բանակցությունները շարունակվեն արտաքին գործերի նախարարների մակարդակով: Եթե դա տեղի ունենա, ապա կողմերը կարող են դուրս գալ նաեւ պետությունների առաջնորդների մակարդակով հանդիպման: Բացառված չէ, որ այդ հարցում որոշակի դերակատարություն ունենա Չինաստանը: Համենայն դեպս, Բաղերիի Իսլամաբադից վերադառնալուց հետո Իրանի եւ Չինաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել եւ պայմանավորվել տալ «իրանա-չինական մեծ համաձայնության իրականացման մեկնարկը»:
Չինաստանն, ինչպես հայտնի է, Իրանի հետ քսանհինգ տարում 500 միլիարդ դոլարի ներդրումների պայմանավորվածություն ունի: Մի զգալի մասով ներդրումները նախատեսված են զինված ուժերի արդիականացման եւ տեխնոլոգիական վերազինման նպատակներով: Ըստ երեւույթին, Իրանի ռազմական դիվանագիտության աշխուժացումը հետաքրքրել է նաեւ Մոսկվային: Ավելի վաղ Իրանը մտադրված էր բանակը վերազինել Ռուսաստանի աջակցությամբ: Այժմ, պարզվում է, Իրանի ԶՈՒ ԳՇ պետին Մոսկվա է հրավիրել պաշտպանության նախարար Շոյգուն: Իրանական կողմը տեղեկացնում է, որ գեներալ Բաղերին Մոսկվա կմեկնի «ներկայանալի պատվիրակության ուղեկցությամբ»: Խոսքն, ամենայն հավանականությամբ, բարձրաստիճան զինվորականների եւ ռազմական ոլորտի մասնագետների մասին է: Իսկ դա ենթադրում է, որ ռուսական կողմն Իրանին ինչ-որ «բան» առաջարկելու է: Գերտերությունները նման հարցերում չափազանց զգայուն են, եւ Ռուսաստանն, անկասկած, փորձելու է հնարավորինն անել, որպեսզի Իրանը չվերազինվի բացառապես չինական, պակիստանյան կամ չին-պակիստանյան համատեղ արտադրության սպառազինություններով: Դա, իհարկե, ոլորտի գիտակների վերլուծության եւ կանխատեսումների թեմա է: Կոնկրետ իրավիճակում մեզ ավելի հետաքրքրում է Շոյգու-Բաղերի բանակցությունների՝ իրանական կողմի անոնսավորած մի թեմա՝ համատեղ պայքարն ահաբեկչության դեմ: Հարցն, ամենայն հավանականությամբ, դիտարկվելու է լայն աշխարհաքաղաքական համատեքստում. Իրանը սահմանակցում է Աֆղանստանին եւ Կենտրոնական Ասիային, իսկ Ռուսաստանն այդ տարածաշրջանում փորձում է «շշի մեջ փակել» Աֆղանստանից ահաբեկչության ներթափանցման սպառնալիքը: Իրավիճակն այնպիսին է, որ ԱՊՀ գագաթաժողովի ելույթում Ռուսաստանի նախագահը հրապարակայնացրեց հետախուզական տեղեկություններ. «Աֆղանստանում ահաբեկչական խմբավորումներ են հավաքվում»: Դա՝ Ղանդահարի շիա մզկիթում պայթյունի համապատկերի վրա: Բայց ահաբեկչության դեմ պայքարի խնդիր ունի նաեւ Իրանը եւ կոնկրետ մատնանշում է սպառնալիքի վայրը՝ քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արաքսամերձ տարածքները: Որ Մերձավոր Արեւելքից Ադրբեջան են տեղափոխվել ահաբեկչական խմբավորումներ՝ հաստատել է նաեւ Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը: Իրանական կողմն, այդպիսով, բոլոր հիմքերն ունի հետաքրքրվելու, թե Ռուսաստանը բավարարվում է սոսկ փաստի արձանագրմա՞մբ, թե մտադիր է սպառնալիքը չեզոքացնելու քայլե՞ր ձեռնարկել: Ռուսաստանի ամենաազդեցիկ հատուկ ծառայությունը ԳՇ հետախուզության գլխավոր վարչությունն է (ГРУ): ՌԴ ռազմական գերատեսչության հիերարխիայով ԳՇ պետը պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է, ուստի անկասկած է, որ գեներալ Բաղերին շփվելու է նաեւ գեներալ Գերասիմովի հետ: Ադրբեջանի արաքսամերձ տարածքները ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտարկման տիրույթից դուրս են, բայց Իրանի հետ «կենդանի շփում» կա: Կողմերը կպայմանավորվե՞ն այդ հատվածում ահաբեկչության սպառնալիքի չեզոքացման համատեղ ձեռնարկումների հարցում: Նման խնդիր իրանական կողմը կդնի՞: Եթե Բաղերին Մոսկվա այցելությունից հետո հրավիրվի Անկարա, ապա հարկ կլինի արձանագրել, որ արաքսամերձ տարածքներում հակաահաբեկչական քայլերի ռուս-իրանական համաձայնություն չի կայացել, եւ Իրանն ստիպված խնդիրը քննարկում է գլխավոր շահառուի՝ Թուրքիայի, հետ: Իսկ մեծ հաշվով՝ հնարավոր պայմանավորվածությունները կամ խզումները կապված են լինելու Սիրիայում ռուս-թուրքական, ռուս-իրանական, թուրք-իրանական կամ ռուս-թուրք-իրանական համաձայնությունների կամ անհամաձայնությունների հետ: Հայ-ադրբեջանական դիմակայության արեալը կարող է «սիրիականանալ»: Ամենամեծ սպառնալիքը դա կլինի:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version