«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Սուրեն Սուրենյանցը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Սուրեն Սուրենյանցը
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի նախագահի ելույթը ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար հանդիպմանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ու պատասխանը՝ Ալիևի հնչեցրած մեղադրանքներին։

– Ալիևը իր ավանդական «մեղադրանքների» շարքը համալրեց ևս մեկով՝ նա Հայաստանին և Իրանին, ըստ էության, մեղադրեց նարկոթրաֆիկի մեջ, որը չափազանց ծանր մեղադրանք է։ Մենք, իհարկե, սովոր ենք Ալիևի անպատասխանատու հայտարարություններին, բայց նկատի ունենանք, որ նման պնդում արվեց շատ բարձր ամբիոնից, ու կասկածից վեր է, որ այդ հայտարարությունը տիրաժավորվելու է։

Իրանն արդեն մի քանի բարձրաստիճան ղեկավարի մակարդակով շատ կոշտ արձագանքել է Ալիևի այդ ելույթին, իսկ Ադրբեջանի նախագահից անմիջապես հետո ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը տվեց շատ ոչ համարժեք պատասխան: Այնպիսի տպավորություն էր, թե Փաշինյանը չի լսել՝ իրենից առաջ ի՛նչ է խոսում Ալիևը։

Ընդհանրապես, Փաշինյանի երեկվա ելույթը բովանդակային առումով շատ թույլ էր: Նա նախ՝ պատասխան չտվեց Ալիևի՝ նարկոթրաֆիկին վերաբերող մեղադրանքին, ընդհանրապես չանդրադարձավ նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին, որի հետևանքով վեց վիրավոր ունեցանք, ընդհանրապես, Ղարաբաղի խնդրին շատ մակերեսային և դիլետանտ անդրադարձ եղավ վարչապետի կողմից։ Այսինքն՝ մենք գործ ունենք Ալիևի հերթական ագրեսիվ ելույթի ու Նիկոլ Փաշինյանի բովանդակազուրկ պատասխանի կամ արձագանքի հետ։

– Իսկ նման պատասխանը ինչո՞վ եք բացատրում։

– Միշտ հակված եմ կարծելու, որ գործող իշխանության ձախողումների կամ ֆիասկոյի հիմնական պատճառը շատ խորքային դիլետանտիզմն է, քաղաքականության չիմացությունը, ամբարտավանությունը, պոռոտախոսությունը, պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայությունը։

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ համակարծի՞ք եք այն տեսակետներին, որոնց համաձայն՝ Փաշինյանը, լինելով պարտված երկրի ղեկավար, այլ կերպ չէր էլ կարող պատասխանել Իլհամ Ալիևին։

– Նախ սկսենք նրանից, որ պատերազմը ձախողած ու պարտության խորհրդանիշ համարվող վարչապետը, իսկապես, պետք է այլևս չպաշտոնավարեր։ Ինքը՝ որպես մարդ, ունի բարդույթներ, և դա տեսանելի է նույնիսկ անզեն աչքով, ու գուցեև օբյեկտիվ են այդ բարդույթները, որովհետև եթե մարդը ձախողել է պատերազմը, ու իր անունը ասոցացվում է մեր ժողովրդի ու պետության համար ամոթալի եռակողմ փաստաթղթի հետ, այդ մարդը, բնականաբար, քաղաքական, դիվանագիտական հարթություններում մանևրելու սահմանափակ դաշտ ունի։ Բայց դա չի նշանակում, որ մենք դատապարտված ենք նման կեցվածքով վարչապետ ունենալուն։ Այսինքն՝ սա արդարացում չէ, կան բազմաթիվ պետություններ, որոնք պարտվել են, սակայն իրենց արժանապատիվ կեցվածքով կարողացել են վերագտնել ոչ միայն իրենց սուբյեկտայնությունը, այլ նաև արժանապատվությունը։

– Այսինքն՝ բնավ կապ չունի՞, որ պարտված երկրի ղեկավար է, կարող էր փաստարկված ու կոշտ պատասխանե՞լ Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին։

– Այո՛, իհարկե, բացի այդ, շատ կարևոր բան արձանագրեմ․ այդ պարտված երկրի պարտված վարչապետը երկրի ներսում իրեն շատ ամբարտավան է պահում, քարը քարին չի թողնում, երբ ընդդիմախոսների մասին է ելույթ ունենում, շատ ագրեսիվ հռետորաբանությամբ է խոսում, կարծես բարիկադները երկրի ներսում լինեն։ Այսինքն՝ եթե պարտությունն ազդել է Նիկոլ Փաշինյանի վրա, ապա միայն արտաքին հարաբերություններում՝ ի վնաս պետության։

– Ադրբեջանի ղեկավարը Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին ինչո՞ւ նման մեղադրանք հնչեցրեց, պարո՛ն Սուրենյանց, ի՞նչ նպատակ է հետապնդում Իլհամ Ալիևը։

– Իրանա-ադրբեջանական լարվածությունը շարունակվում է, և Ալիևի այս հռետորաբանությունը պետք է դիտարկել այս համատեքստում։ Վերջին շաբաթներին Թեհրանից ու Բաքվից պարբերաբար հնչում են փոխադարձ մեղադրանքներ, և սպասվում էր, որ Ալիևն այս առիթը կօգտագործի՝ Իրանի հետ իր հարցերը պարզելու համար։ Այս ամենից մենք չպետք է ոգևորվենք, որովհետև Թեհրանն ու Բաքուն իրենց հարցերն ինչ-որ ձևով կկարգավորեն, մենք պետք է մտածենք մեր օրակարգի ու պետական շահերի մասին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

նման նյութեր