Վանոյի կարոտած խոսքերը

Վանո Սիրադեղյանին անդրադարձ կա Սուրեն Սուրենյանցի(հրապարակված է Սարգիս Արծրունի հրապարակախոսական ծածկանունով) «1988-ի Շարժման 30-ամյակը» գրքում։

Վանո Սիրադեղյանի թերևս միակ չափածո ստեղծագործությունը` «Երկիր: Ց´պահանջ…»-ը գրվել է 23 տարի առաջ` 1989 թ-ին, ենթադրաբար` Ամանորի օրերին: Այն ժամանակ Սիրադեղյանը ձերբակալված էր և «Ղարաբաղ» կոմիտեի մի քանի անդամների հետ գտնվում էր Մոսկվայի «Բուտիրկա» բանտում:
«Երկիր: Ց´պահանջ…»-ը տաղանդավոր գրողի հույզերի, Հայաստանի ու սիրած կնոջ հանդեպ ներդաշնակ ու գեղեցիկ կարոտի դրսևորում է: Հնարավոր չէ կարդալ այդ տողերը ու չհուզվել, չսիրել Հայաստանը, Վանոյին, նրա ռոմանտիկ ու խենթ սերը:
Վանո Սիրադեղյանի տաղանդավոր գրիչը այնքան պատկերավոր ու գեղեցիկ է ներկայացնում շարժման բարոյական ուժը, էներգետիկան. «…Մի տարվա ազատ կյանքի դիմաց
Մի լրիվ կյանքի գին են ուզում,
Ուզում են ընդմիշտ վերացած տեսնել
Մահապարտ ոգին Ավարայրի,
ո՜նց կուզենային տասը տիկ հանել
դնել դեմը Մայր Հայաստանի,
չլիներ ահը հազար ինն հարյուր ութսունութ թվի Երևանի:
Ի՜նչ սրընթաց տարին բոլորեց,
Ձյան քանի՞ շերտի տակ է փետրվարի
ապստամբ ոգին,
ձնհալի հետ կմաքրվեն հրապարակները
ժանգ ու մետաղից,
ծիրանիները կծաղկե՞ն, արդյոք, այս գարնանը
քրտնախաշ օդում զորանոցային Երևանի»:
Վազգեն Սարգսյանը Վանո Սիրադեղյանին անվանում էր շարժման ասպետ ու թերևս` ոչ պատահաբար: Վանոն բանտում գրած գեղեցիկ գործում ասպետաբար փառաբանում է սերը, իր սիրած կնոջը.
«Ո՞նց ես ապրում Երևանում՝ առանց Վանոյի,
ո՞վ է եփածդ սուրճով հիանում,
ո՞վ է մոտենում հեռախոսին,
որ մի ժամանակ հանգչում էր գոգիդ,
շնչում էր սիրով, խոսում սրտիդ հետ…
Հաշտվիր հետը.
շաբաթ կանցնի, ամիս կանցնի, կանցնի տարի,
առօրյա մի զանգ հանկարծ սիրտդ,
պտղի առաջին զարկի նման, թունդ կհանի,-
եթե ականջդ ձայնի պահես,
եթե սիրտդ սառած չլինի,
եթե սլացիկ, արագ ոտքերդ քեզ ինձանից տարած չլինեն:
Բայց դու սրտիդ հետ մենակ մնա,
եթե բարակ է՝ կկտրվի,
կտրվեց՝ շունչն էր, ուրեմն, կարճ, արյունը՝ սակավ,
սակավի համար չեն ափսոսում,
ես իմն ապրեցի, դու քոնը ապրիր,
ցավդ տանեմ:
Երեկ նայեցի հայելու խորքը,
Տեսա՝ դեպի վերջն եմ գնում
և տեսա քեզ ձմեռային գորշ Երևանում
մենակ ու սիրուն.
օձիքդ՝ թաց,
գլուխդ՝ բարձր,
շուրթերդ՝ սեղմած, որ լաց չլինես…
Արցունքներիդ ճանապարհ տուր,
որ սիրտդ բացվի,
ժպտա՝ քաղաքի դեմքը ծաղկի,
թաց ու լույսի մեջ ջահել սերդ
թող Հայաստանի ցավոտ երկնքին
ծիածան կապի,
Հարսնություն արա Երևանին,
ցավդ տանեմ,
քանզի օրերից աննման մի օր
ես քեզ գտա երջանկության մատույցներում
և ընդունեցի՝ ճակատիս գիր,
կարգեցի՝ մերձավորիս քույր,
հռչակեցի օպերայի հարս»:
««Երկիր: Ց´պահանջ…»-ում Վանո Սիրադեղյանն այնքան գեղեցիկ է միախառնել, միասնական դարձրել Հայրենիքի ու կնոջ, որդու հանդեպ սերը. «…Բայց ես մոռանալ չեմ կարողանում
քեզ, որդուս, Հայաստանը.
քեզ՝ լացակումած,
որդուս՝ մոլոր,
Հայաստանը՝ ավերակ դարձած:
Ես ո՞նց մոռանամ,
ես ձեզ ու՞մ պահ տամ, սիրելիներս,
երբ աստված, այսպես, մեր մեջքը ջարդեց
մեր ձգված պահին…
Տեսնես ի՞նչ կա Լենինականում,
Սպիտակում ի՞նչ են անում,
փրկվածները ո՞նց են ապրում
գնացածները տեսնես ու՞ր հասան,
ո՞վ էր տեսել դասարաններով երկինք
համբառնան.
հրեշտակների այսչափ երամներ
ո՞ր երկնքում կան
բացի նզովյալ Հայաստանից…
…Ձմեռվա կեսին Մոսկվա քաղաքում
կեսգիշերին անձրև է գալիս.
եղանակները ելել են հունից,
աղետաբեր են ժամանակները,-
մենք ու մեր ոխերիմ աստված,
ուշքի եկեք, աղետյալներս,
թոթափվեք թաղից գարնանը հառնող
վազի նման,
խչմարեք իրար ու ապավինեք, ձեր
ցավը տանեմ,
Դու,
որդիս,
Հայաստանը»:
1989-ի Ամանորը մեր ժողովուրդը դիմավորեց անասելի ծանր ապրումներով` երկրաշարժի զոհերի ցավը սրտում, «Ղարաբաղ» կոմիտեի կալանավորված անդամների կարոտը խեղդելով…

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր