Իրանը կհամագործակցի՞ «Թուրանի» հետ

Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի եւ Իրանի համար, հնարավոր է, նոր մարտահրավեր է հասունանում: Հոկտեմբերի վերջին օրերին Տաջիկստանում ՀԱՊԿ-ի լայնածավալ զորավարժություններ են նախատեսված, իսկ Իրանը «հավաքում է» Աֆղանստանին սահմանակից երկրների արտաքին գործերի նախարարներին: Այս համապատկերին Թուրքիա է այցելել Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահը: Դա կարելի էր համարել «առտնին-արարողակարգին» իրադարձություն, եթե վերջինս Անկարայում արժանացած չլիներ ամենաբարձր մակարդակի՝ երկրի եւ իշխող կուսակցության առաջնորդ Էրդողանի կողմից, ընդունելության:
Ռուսական մամուլը, վկայակոչելով դիվանագիտական իրազեկ աղբյուրներ, տեղեկացնում է, որ քննարկվում է թուրք-տաջիկական ռազմական համագործակցության հնարավորությունը: Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի միակ ոչ թյուրքախոս պետությունն է եւ քաղաքակրթական ու լեզվական ընդհանրություններ ունի Իրանի հետ: Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժման նկատմամբ Տաջիկստանը չափազանց կոշտ դիրքորոշում ունի եւ պնդում է, որ Քաբուլում պետք է ձեւավորվի «ինկլյուզիվ կառավարություն»: Դուշանբեն համարում է, որ Աֆղանստանի բնակչության շուրջ քառասուն տոկոսը էթնիկ տաջիկներն են կազմում եւ ըստ այդմ էլ պետք է ներկայացված լինեն իշխանության մեջ:
Անկարան թալիբների հետ բարդ հարաբերությունների մեջ է: Վերջերս Պակիստան է այցելել Իրանի ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Բաղերին, քննարկվել են ռազմական համագործակցության, աֆղանա-պակիստանական եւ աֆղանա-իրանական սահմանների պահպանման հետ կապված հարցեր: Այս իրավիճակում ի՞նչն է Տաջիկստանին մղում դեպի Թուրքիա: Մանավանդ որ տաջիկա-աֆղանական սահմանի ապահովության երաշխավոր հանդես է գալիս Ռուսաստանը: Ճիշտ է՝ ՀԱՊԿ-ի անվան տակ, բայց ոչ ոքի համար արդեն գաղտնիք չէ, թե ինչ միջոցներ է ներդրել Ռուսաստանը, որպեսզի Տաջիկստանը չենթարկվի աֆղանական ծայրահեղական խմբավորումների թիրախավորման:
Քաղաքական դիտորդները տպավորություն ունեն, որ Տաջիկստանի նախագահը փորձում է «իշխանության տրանզիտի հարց լուծել»: Նա Տաջիկստանի առաջնորդի պաշտոնը զբաղեցնում է անկախության հռչակումից ի վեր, բայց ավանդաբար հենվել է Ռուսաստանի աջակցության վրա: Վերջերս Տաջիկստանի նախագահը կարճատեւ այց է կատարել Եվրոպա, այդ թվում՝ Բրյուսել: Բացառված չէ, որ Թուրքիայի հետ համագործակցության նրան մղում են ՆԱՏՕ-ից՝ ի հակակշիռ Կենտրոնական Ասիայում ռուսական կամ չինական, կամ ռուս-չինական «համատեղ պարեկության»:
Ռուսական վերլուծաբանական հանրության գնահատականը միանշանակ չէ: Ոմանք համարում են, որ դեպի Կենտրոնական Ասիա Թուրքիայի «ցատկը վաղուց կայացած փաստ է, եւ Տաջիկստանը միայն ձգտում է հարմարվել նոր իրավիճակին»: Մեկնաբանների մի մասի գնահատմամբ էլ՝ Թուրքիան «անհանգստացած է աֆղանական ուղղությամբ իրեն դուրս մղելու հեռանկարից եւ աղքատ Տաջիկստանին բազմամիլիարդ ներդրումներ է խոստանում, բայց սկզբունքորեն տաջիկա-թուրքական ռազմավարական դաշնակցություն հնարավոր չէ. այն չէ միջավայրը, քաղաքակրթական արժեհամակարգը տարբեր է»:
Սկզբունքորեն բաց է մնում թուրք-իրանական հարաբերությունների ապագայի հարցը: Միջազգային տեղեկատվական հոսքերում կարծիք է շրջանառված, որ Իրանում «նախապատրաստվում է բարձրագույն իշխանության տրանզիտ, եւ վերնախավի տարբեր թևեր սուր մրցակցության մեջ են»: Վերջին ամսում նախկին նախագահ Ռուհանիի մերձավոր շրջապատի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նրա հարազատ եղբայրը, դատական պատասխանատվության են ենթարկվել: Հերթում է նաեւ նախկին արտգործնախարար Զարիֆը:
Իրանի պետական-քաղաքական ինքնությունը որոշում է հոգեւոր առաջնորդը, որի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերն արդեն մի քանի տարի է՝ մամուլի քննարկման թեման են: Կարծիք կա, որ հոգեւոր առաջնորդի պաշտոնի համար նախապատրաստում են նրա որդիներից ավագին: Չի բացառվում նաեւ այն տարբերակը, որ ֆորս-մաժորի դեպքում Բարձրագույն հոգեւոր խորհուրդը գործող նախագահ Ռեիսիին հռչակի «Ռահբար»:
Ներքաղաքական այս ստվերային պայքարն, ինչպես տեղեկացնում են իրանական վերնախավի ինտրիգներին ծանոթ աղբյուրները, շատ որոշակիորեն ազդում է Իրանի արտաքին քաղաքականության վրա: Պատահական չէ, որ օգոստոսին պաշտոնը ստանձնած  նախագահ Ռեիսին հռչակել է հիմնականում հարեւան երկրների հետ հարաբերությունների վրա կենտրոնանալու ուղեգիծ: Թուրքիան նրանց շարքում է: Իրանն արդեն իսկ Թուրքիայի նախագահին պաշտոնական այցի հրավեր է արել, ենթադրվում է Իրան-Թուրքիա-Ադրբեջան՝ ԱԳ նախարարների մակարդակով խորհրդաժողովի կազմակերպում: Իրանի արտգործնախարարը նաեւ Երեւան եւ Բաքու ուղեւորության անոնս է արել:
Այս իրադարձությունների եւ հավանական զարգացումների համատեքստում Իրանի հարավկովկասյան նախաձեռնողականությունը պատկերվում է իրավիճակային: Ավելի ճիշտ՝ «հրետանային նախապատրաստություն»՝ հետագա ավելի սկզբունքային քննարկումներում որոշակի նշագիծ զբաղեցնելու համար: Ըստ երեւույթին, մեր ուղղությամբ Իրանի խորքային ծրագրավորումների համար չափազանց կարեւոր է լինելու այսպես կոչված՝ «թուրքական բանակի» նկատմամբ արեւմտյան եւ ռուսական կողմերի մոտեցումը:
Նոյեմբերին ծրագրվում է թյուրքախոս երկրների առաջնորդների համաժողով: Կայուն տպավորություն կա, որ դրան կհրավիրվեն նաեւ Թուրքմենստանը (Կենտրոնական Ասիայի միակ թյուրքախոս երկիրը, որ «Թուրքական խորհրդի» անդամ չէ) եւ Տաջիկստանը: Առաջինն, ամենայն հավանականությամբ, կստանա դիտորդի կամ լիիրիավ անդամի, երկրորդը՝ «բացառիկ գործընկերոջ» կարգավիճակ: Խնդիրն այն է, թե արդեն ինստիտուցիոնալացած կառույցն ի՞նչ դիրքորոշում կորդեգրի: Կհանդիսանա ՆԱՏՕ-ի կենտրոնաասիական պրոքսի՞ն, թե կհամագործակցի Ռուսաստանի «Մեծ Եվրասիա» նախագծի՞ն: Իրանա-թուրքական ռազմավարական դաշնակցությունը նվազ հավանական է թվում՝ պայմանավորված Իսրայել-Ադրբեջան սերտ համագործակցությամբ:
Իրանն, այսպիսով, Հարավային Կովկասի նկատմամբ առանձին կամ այլ երկրի, մասնավորապես՝ Հնդկաստանի, հետ ռազմավարական նշանակության ծրագրավորումների ռեսուրսներ, թվում է, չունի եւ, հավանաբար, փորձելու է հնարավորինս հարմար տեղավորվել որեւէ նախագծի համատեքստում: Մինչեւ կկարգավորի ներքին խնդիրները եւ կընդունի վերջնական որոշում՝ գնու՞մ է բարեփոխումների, բացվու՞մ է, թե՞ ավելի է խորացնում «սուվերեն աշխարհընկալման» ուղեգիծը: Իրանական ուղղությամբ, ըստ երեւույթին, Հայաստանը պետք է գործի չափազանց զգուշավոր եւ բացառապես պրագմատիկ քայլերի հաշվարկով:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր