Էրդողանին կհաջողվի՞ «բռնել սեփական մազերից» եւ դուրս քաշվել նոր օսմանականության ճահճից

Էրդողանին կհաջողվի՞ «բռնել սեփական մազերից» եւ դուրս քաշվել նոր օսմանականության ճահճից

Ռուսաստանի իշխանությունը կոշտ է արձագանքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հասցեին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը: Կրեմլի խոսնակ Պեսկովը հակադարձել է, որ Ռուսաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի Կանոնադրությանը, որը սահմանում է Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների իրավասությունները, այդ թվում եւ՝ «վետո» կիրառելու հարցում: Արտգործնախարար Լավրովը փաստացի ծաղրել է Թուրքիայի նախագահին՝ դիվանագիտական խոսքի ենթատեքստում ակնարկելով, որ նա «սովորական պոռոտախոս է», իսկ Դաշնային խորհրդի անդամ Ջաբարովն ուղղակի ասել է, որ վերջին տասը-տասնհինգ տարիներին միջազգային կայունության եւ խաղաղության համար Թուրքիան «ոչինչ չի արել»:
Այս առումով մենք ենթադրել էինք, որ Ռուսաստանի նման օպերատիվ եւ դիվանագիտական տեսակետից ոչ այնքան նրբամշակված արձագանքը, գուցե, կասկածներն իրենից հեռու վանելու ուղերձ է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ մյուս երկրներին: Ավելի վաղ ամերիկյան պահպանողականների խոսափող The National Interst պարբերականը գրել էր, որ «աշխարհի նոր բաժանման շուրջ ստվերային քննարկումներ են սկսվել» եւ չէր բացառել «Յալթա -2» խորհրդաժողովի գումարումը կամ, նույնիսկ, ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան «սեպարատ պայմանավորվածությունը»:
Երեւում է, աշխարհն, իրոք, կանգնած է վերափոխումների նոր դարաշրջանի շեմին: Միջազգային մամուլում տեղեկություն է հայտնվել, որ մինչեւ տարեվերջ ԱՄՆ նախագահը մտադիր է գումարել «դեմոկրատական խորհրդաժողով»: Նախօրերին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը դադարեցրել է ՆԱՏՕ-ում դիվանագիտական առաքելության գործունեությունը, Մոսկվայում փակվել է Հյուսիս-ատլանտյան դաշինքի տեղեկատվական բյուրոն: Ակնհայտ է, որ «դեմոկրատական խորհրդաժողովին» Ռուսաստանը չի մասնակցի, եթե անգամ հրավիրվի: ԱՄՆ-ի նախագահը դեմոկրատական չի ճանաչում նաեւ Չինաստանի իշխանությունը:
Ռուսաստանյան փորձագիտական հանրությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «բարեփոխման» մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունը դիտարկում է ուժի համաշխարհային երկու՝ «դեմոկրատական խորհրդաժողովի» եւ «Մեծ Եվրասիայի» ձեւավորման հավանականության համատեքստում: Սա, երեւի, իրականությանը չափազանց մոտ գնահատական է: Թուրքիան վերջին տարիներին բալանսավորվել է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ՝ սկզբունքորեն մնալով անվտանգության եվրաատլանտյան համակարգում:
Վերջին զարգացումները, հավանաբար, Թուրքիային մոտեցրել են վճռական որոշում կայացնելու սահմանին. կամ հեռանալ ՆԱՏՕ-ից եւ մաս կազմել «Մեծ Եվրասիային»՝ սեւեռվելով դեպի արեւելք, կամ մնալ եվրաատլանտյան անվտանգային համակարգի մաս: Regnum-ի խմբագրականը Թուրքիային հիշեցնում է, որ 1945թ. փետրվարին Գերմանիային եւ Ճապոնիային պատերազմ հայտարարելն ընդամենը ՄԱԿ-ին անդամակցելու եւ հաղթող երկրների արդարացի պահանջներից խուսափելու քայլ էր, որ Անկարային ներվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի եռանդուն միջնորդությամբ:
Ըստ էության, սա բավական թափանցիկ ակնարկ է, որ Խորհրդային Միությունը բոլոր հիմքերն ուներ տարածքային պահանջներ ներկայացնելու Թուրքիային եւ անջատելու Կարսի մարզը եւ Բաթումի օկրուգի հարավային հատվածները, բայց Մոսկվան անսաց դաշնակից Անգլիայի միջնորդությանը եւ չպնդեց պահանջը: Թե ինչու՞ է դա հիշեցվում Էրդողանին՝ պարզ է դառնում այլ աղբյուրների այն վերլուծություններից, որ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների դեմ Էրդողանի հարձակումների թիրախում Ռուսաստանը եւ Չինաստանն են:
Իրավիճակը գնահատվում է այնպես, որ Վաշինգտոնում «դեմոկրատական խորհրդաժողովի» գումարումը «նոր աշխարհակարգի լեգիտիմացման փորձ է» եւ Էրդողանը «կաշվից դուրս է գալիս, որպեսզի հրավիրվի ԱՄՆ հովանու ներքո անցկացվելիք միջոցառմանը»: Ընդսմին, ակնհայտորեն նկատել է տրվում, որ Թուրքիային նման քայլի դրդել է Սոչիում Պուտին-Էրդողան «ձախողված հանդիպումը»: Ավելի վաղ մենք դիտարկել էինք, որ Ռուսաստանը Սիրիայում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Թուրքիայի առջեւ «կարմիր գծեր է սահմանել»:
Նոյեմբերին Էրդողանը պատրաստվում է թյուրքախոս երկրների հերթական գագաթաժողովին: Արդեն իսկ զգացվում է, որ Ռուսաստանը նյարդայնացած է: Իր հերթին Իրանը հրավիրել է իսլամական հիսուներկու պետության մասնակցությամբ քաղաքակրթական  հարցերով խորհրդաժողով՝ առաջնային տեսնելով ոչ թե էթնիկ, այլ՝ կրոնական ընդհանրության շուրջ համախմբումը: Իրան-Ռուսաստան ռազմական համագործակցության նոր պայմանագիր է նախապատրաստվում, որ, ամենայն հավանականությամբ, կստորագրվի մինչեւ տարեվերջ:
Ընթանում է միջազգային քաղաքականության շախմատային մրցամարտ: Խաղատախտակի երկու կողմերին նստած են Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները, բայց ֆիգուրների դասավորությունը դեռեւս հստակ չէ: Ամենեւին էլ անհավանական չէ, որ երկարաձգվող խաղը մրցակիցներին ստիպի ամեն ինչ խառնել եւ երկկողմ պայմանավորվածության գալ: Խոսվում է, որ մինչեւ տարեվերջ նախապատրաստվում է ՌԴ եւ ԱՄՆ նախագահների նոր հանդիպում:
Իրողություն է մի հանգամանք. Թուրքիան առայժմ չի ընդունում, որ ինքը մնում է «թիմի անդամի» կարգավիճակում, ինքնուրույն բեւեռ ձեւավորելու աշխարհաքաղաքական նրա նախագծին ոչ Ռուսաստանն է աջակցում, ոչ՝ Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն: Բայց ո՞րն է դիմադրությունը «կոտրելու» Թուրքիայի ռեսուրսը: Մերձավոր Արեւելքում նոր պատերա՞զմը, ԼՂ-ում Իլհամ Ալիեւի ձեռքով իրավիճակի ապակայունացո՞ւմը, թե Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի հետ բաց դիմակայությու՞նը: Գուցե խաղադրույք է դրվելու Վրաստանի՞ ճակատագիրը:
Բոլոր տարբերակները հավանական են: Երկու տարի հետո Թուրքիայում նախագահի եւ խորհրդարանի ընտրություններ են, իսկ Էրդողանի եւ նրա գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցության վարկանիշը հասել է պատմական նվազագույնին՝ ոչ ավելի, քան երեսուն տոկոս: Նախագահական աթոռի կորուստն Էրդողանի համար հղի է քրեական պատասխանատվության, գուցե թե՝ միջազգային դատարանի առջեւ կանգնելու միանգամայն իրական սպառնալիքով: Նրան ինչ-որ «թռիչք» պետք է օդ ու ջրի պես: Էրդողանին կհաջողվի՞ «բռնել սեփական մազերից» եւ դուրս քաշվել նոր օսմանականության ճահճից:

նման նյութեր