Վատիկանը եւ Ռուս ուղղափառ եկեղեցին Հայաստանում մրցակցու՞մ են, ո՞րն է հայկական «մշակումը»

Կրոնա-եկեղեցական դիվանագիտությունը, երեւում է, որոշակի տեղ է գրավում հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ԼՂ կարգավորման հարցերում: Независимая газета-ն, անդրադառնալով Ռուս ուղղափառ եկեղեցու Սինոդի՝ Երեւանի եւ Հայաստանի թեմ ստեղծելու եւ Պատրիարքարանի միջեկեղեցական եւ արտաքին կապերի պատասխանատու եպիսկոպոս Լեոնիդին առաջնորդ կարգելու որոշմանը, իր վերլուծական հոդվածը վերնագրել է «ԼՂ ռուս խաղաղապահների թիկունքում կանգնում է Ռուս ուղղափառ եկեղեցին»: Ավելի խոսուն բացատրություն, թե ինչու է ՌՈՒԵ-ն թեմ բացում Հայաստանում, հազիվ թե հնարավոր է գտնել:
Ռուսական փորձագիտական հանրությունը միաժամանակ հատկանշում է, որ Մոսկվայում Պատրիարք Կիրիլի հետ հանդիպումից եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի հետ նրա միջնորդությամբ բանակցություններից առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ն այցելել էր Վատիկան, արժանացել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ընդունելությանը եւ առանձնազրույց ունեցել Սուրբ աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիեդրո Պարոլինիի հետ: Դրան հաջորդել է Հայաստանի նախագահի Վատիկան այցը: Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչեւ տարեվերջ Հայաստան կայցելի Վատիկանի պատվիրակությունը՝ մասնակցելու Երեւանում Հռոմի պապի նվիրակի(դեսպանի) նստավայրի բացման արարողությանը:
Փաստացի գործ ունենք իրավիճակի հետ, երբ Հայաստանում «դեսպանատուն» է բացում թե Ռուս ուղղափառ եկեղեցին, թե՝ Վատիկանը: Հարկ է նշել, որ Ադրբեջանում Վատիկանը դիվանագիտական ներկայացուցչություն ունի 1992թ. մայիսի 24-ից, կողմերի միջեւ անցած շուրջ երեսուն տարում բավական փոխշահավետ համագործակցություն է ձեւավորվել: Ադրբեջանի կառավարությունը ֆինանսավորել է Հռոմում մի քանի պատմական հուշարձանների վերականգնումը եւ նորոգումը:
Հայաստանի պարագայում Վատիկանի դեսպանատան բացումը կարելի է գնահատել որպես արտաքին քաղաքական ճեղքում: Սուրբ աթոռը միջազգային քաղաքականության լուրջ դերակատար է: Այս իմաստով մամուլը սրված ուշադրության է արժանացրել Ֆրանսիայի վարչապետի Վատիկան այցին՝ դա գնահատելով «ոչ արարողակարգային», քանի որ նա ժամանակի մեծ մասը նվիրել է պետական քարտուղար կարդինալ Պիեդրո Պալոնիի հետ բանակցություններին: Արեւմտյան փորձագետները ենթադրում են, որ Ֆրանսիայի վարչապետը «Վատիկանից աջակցություն է խնդրել Հունաստանի հետ ռազմական դաշինքի հարցում»:
Ոչ ոք այլեւս չի թաքցնում, որ Ֆրանսիա-Հունաստան ռազմական դաշինքը «հակաթուրքական է» եւ նպատակ ունի զսպելու Միջերկրական ծովի արեւելյան հատվածում Անկարայի տնտեսական եւ ռազմա-քաղաքական հավակնությունները: Ենթադրվում է, որ  դաշինքին մոտ ապագայում կմիանա  Կիպրոսը, հնարավոր է՝ նաեւ Եգիպտոսը, որի հետ այդ երկրում «Մուսուլման եղբայրների» իշխանության տապալումից ի վեր Թուրքիան լարված հարաբերություններ ունի: Նվազ չէ նաեւ Վատիկանի ազդեցությունը Հյուսիսային Աֆրիկայում:
Ռուսաստանյան մամուլն այս համատեքստում առանձնացնում է օրերս Ռուսաստանի հասցեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի կոշտ հայտարարությունը: Նա Ռուսաստանին մեղադրել է Աֆրիկայի հյուսիսային երկրներում «Վագներ» մասնավոր  կազմավորման միջոցով ռազմական ներկայություն հաստատելու ծրագիր իրականացնելու մեջ: Այդ տարածաշրջանի մի շատ զգալի մասը երկար ժամանակ ֆրանսիական գաղութ է եղել, եւ Փարիզում ռուսական միջամտությունը դիտարկում են որպես «ոտնձգություն Ֆրանսիայի շահերին»:
Այս մոտեցումը շատ զգաստացնող է: Regnum-ի մեկնաբանը, զուգահեռելով Հայաստանի նախագահի այցը Վատիկան, Երեւանում Սուրբ աթոռի «դեսպանատան» բացման մեծ հավանականությունը եւ Ֆրանսիայի վարչապետի ու կարդինալ Պալոնիի բանակցությունները, անսպասելի անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ԼՂ քաղաքական կարգավորման բանակցությունների շուրջ իրավիճակին եւ ընդգծել, որ Ֆրանսիան ՄԽ համանախագահ երկիր է, իսկ համանախագահները «մշակում են ԼՂ կարգավիճակի մասին նոր առաջարկություն, որն ակնհայտորեն ցանկալի չի լինելու Ադրբեջանին եւ նրա մերձավորագույն դաշնակից Թուրքիային»:
Այդ կերպ նա հավանական է տեսնում, որ Ֆրանսիայի վարչապետը Սուրբ աթոռի պետական քարտուղարի հետ քննարկել է նաեւ ԼՂ կարգավորման թեման: Շատ զգուշորեն, քանի որ այլ աղբյուրներ նման ակնարկներ չեն անում, կարելի է ենթադրել, որ ԼՂ կարգավորման «նոր առաջարկությունների հեղինակի» դերում հանդես է գալիս Ֆրանսիան: Եւ, գուցե, այդ հարցում Փարիզը զգացել է Վատիկանի աջակցության կարիքը՝ հաշվի առնելով Սուրբ աթոռի եւ Ադրբեջանի դիվանագիտական հարաբերություններում «բարեխառն մթնոլորտը»:
Կրկնենք, սա զուտ ենթադրություն է: Բայց Ֆրանսիան ԼՂ կարգավորման միջնորդության զգալի փորձ ունի: Քիուեսթյան նախագծի ձախողումից հետո մի որոշակի շրջանում փորձագիտական հանրությունը շրջանառության էր դրել ԼՂ կարգավորման «փարիզյան սկզբունքներ» հասկացությունը, որի մանրամասնություններն այդպես էլ մնացին փակ, իսկ գործընթացը փակուղի մտավ Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ՝ Ռամբուեի ամրոցում կազմակերպված հանդիպումից հետո:
Քառասունչորսօրյա պատերազմից հետո Ֆրանսիայի Ազգային ժողովը, ապա եւ Սենատը խորհրդատվական բանաձեւեր են ընդունել՝ նախագահ Մակրոնին հորդորելով ճանաչել Արցախի անկախությունը: Դա, իհարկե, չի խանգարում, որ Ֆրանսիան այսօր Ադրբեջանին աջակցի ականազերծման եւ «ազատագրված տարածքների ռեաբիլիտացման»  հարցերում, ինչպես ժամանակին «փարիզյան սկզբունքները» չխոչընդոտեցին, որ Ֆրանսիան Ադրբեջանին արհեստական արբանյակ վաճառի եւ իրականացնի տեխնիկական սպասարկումը, բայց ռուսաստանյան Regnum-ն ունի ԱԳՆ-ի «խոհանոցին իրազեկ» լրատվամիջոցի համարում, ուստի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ԼՂ «կարգավիճակի մասին նոր առաջարկության» վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը հազիվ թե վերլուծականի հեղինակային երեւակայության կամ ինքնագործունեության հետեւանք է:
Զգաստացնում է այն, որ ռուսաստանյան փորձագիտական հանրությունը, կարծես, մեղմ ասած՝ հոռետեսորեն է տրամադրված Երեւանում ՌՈՒԵ թեմի եւ Վատիկանի «դեսպանատան» գրեթե համաժամանակյա բացման, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝  ԼՂ կարգավիճակի «մասին նոր առաջարկությունների» նկատմամբ: Մանավանդ երբ բացահայտ խոսվում է Աֆրիկայի հյուսիսում եւ Մերձավոր Արեւելքում Վատիկանի եւ ՌՈՒԵ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ տարաձայնությունների թեմայով:
Հայաստանի նախագահի Վատիկան այցի վերաբերյալ նույն Regnum-ը փորձագիտական տպավորություն էր փոխանցել, որ դա, ամենայն հավանականությամբ՝ «ԼՂ կարգավորման հարցում լրացուցիչ՝ Արեւմուտքի հետ, կապուղի հաստատելու փորձ է»: Հայաստանի դիվանագիտական-քաղաքական  ռեսուրսը բավարա՞ր է, որպեսզի նման «դելիկատ» իրավիճակում ոչ միայն կորուստներ չունենա, այլեւ որոշակի շահեր ձեւակերպի եւ պաշտպանի: Հայաստան-Արցախ հարթության վրա այս մարտահրավերները եւ հնարավորությունը գնահատվու՞մ է:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր