Site icon politcom

Անկրակ ծուխ չի լինում

Մինչ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Բաղերին շրջայց էր կատարում Ռուսաստանում, եւ քննարկվում կողմերի միջեւ ռազմական համագործակցության պայմանագրի մինչեւ տարեվերջ ստորագրման հավանականությունը, հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է Իսրայելի վարչապետ Նավթալի Բենետին: Սեպտեմբերի 8-ին Մոսկվա էր այցելել Իսրայելի արտաքին գործերի նախարարը, որը կոալիցիոն կառավարության վարչապետի հաջորդ թեկնածուն է:
Սոչիում ռուս-իսրայելական բանակցությունները տեւել են ռեկորդային երկար՝ ավելի քան հինգ ժամ, որից հետո Ռուսաստանի նախագահը եւ Իսրայելի վարչապետը եւս որոշ ժամանակ քայլել են ճեմուղիներով՝ միայն թարգմանչի ուղեկցությամբ: Բանակցությունների արդյունքների մասին, բնականաբար, պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել: Inosmi.ru կայքը կարճ տեղեկատվություն է տարածել արաբական «Աշարք ալ-Աուսաթ» թերթից, որի դիվանագիտական աղբյուրն ասել է, որ եթե երկու ամիս առաջ Իսրայելի վարչապետը մեկնել էր ԱՄՆ՝ վերականգնելու նախորդի կողմից խաթարված հարաբերությունները, ապա Ռուսաստան նա այցելել է՝ «պահպանելու ռուս-իսրայելական փոխվստահությունը»:
Որ բանակցությունների ընդհանուր տոնայնությունը հենց դա է լինելու, հանդիպման բաց մասում անոնսավորել է Ռուսաստանի նախագահը՝ հույս հայտնելով, որ Իսրայելի ներքաղաքական «բատալիան» չի խանգարի, որպեսզի երկու երկրները պահպանեն քաղաքական «համագործակցության հաջորդայնությունը»: Ընդսմին, Պուտինը հատուկ շեշտել է, որ հրեական պետության ստեղծման ակունքներում կանգնած է եղել Խորհրդային Միությունը, որի իրավահաջորդն է Ռուսաստանը, իսկ Իսրայելում բնակվում է ամենամեծ ռուսախոս համայնքը: Հաճոյախոսությու՞ն է դա, թե՞՝ հիշեցում, որ Իսրայելն այսպես, թե այնպես՝ բայց խոր պարտավորություններ ունի Ռուսաստանի հանդեպ, կոնկրետ իրավիճակում, կարծես, միայն ֆոնային է:
Էականն այն է, որ Սոչիում կողմերը եկել են, թվում է, չափազանց կարեւոր նախնական համաձայնության. հեղինակավոր Незвисимая газета-ն գրում է, որ Պուտին-Բենետ բանակցություններից հետո՝ ամենամոտ ապագայում, կհայտարարվի Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի անվտանգության խորհուրդների ղեկավարների հանդիպման օրը եւ վայրը: Փաստացի խոսքը վերաբերում է երեք երկրների հատուկ ծառայությունների գործունեության կոորդիանցման հնարավորությանը: Ընդ որում, անոնսավորվում է, որ կքննարկվի Սիրիայի եւ Իրանի շուրջ իրավիճակը:
Ըստ էության, Թուրքիան դուրս է մնում Մերձավոր Արեւելքի ապագայի ծրագրավորման խորքային քննարկումներից: Եւ ակնհայտորեն դրանով է պայմանավորված Թուրքիայի նախագահի ավելի ու ավելի ոչ ադեկվատ դարձող կեցվածքը: Մանավանդ նրա այն հայտարարության համատեքստում, որ Սիրիայից «կարտաքսվեն բոլոր օտար ուժերը»: Ամենայն հավանականությամբ, իրանական կողմի պնդումը, որ Սիրիայի «սահմանադրությունը պետք է գրվի Դամասկոսում» նույնպես ակնարկ է ռուս-ամերիկա-իսրայելական ենթադրյալ համաձայնություններից Թեհրանի դժգոհության մասին, եթե ուշադրություն դարձնենք, որ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը դրանից հետո ավելացրել է, որ իրենք գործընթացի հաջողությունը տեսնում են «Աստանայի ձեւաչափում»:
«Աստանայի ձեւաչափը» Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռյակն է, որ ձեւավորվել է Սիրիայի հարցում կողմերի մոտեցումները եւ քայլերը կոորդինացնելու նպատակով, բայց գործնական որեւէ նպատակ չի հետապնդել: Սիրիայում Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը գործել եւ շարունակում են գործել՝ ելնելով բացառապես յուրաքանչյուրն իր պետական-ազգային շահից: Իհարկե, չկա որեւէ երաշխիք, որ ռուս-ամերիկա-իսրայելական կոորդինացման փորձը կատարյալ հաջողություն կունենա, բայց երկրորդ դեպքում խոսքը վերաբերում է գերտերություններին եւ մերձավորարեւելյան-տարածաշրջանային տերությանը: Այս ձեւաչափում, վստահաբար կարելի է պնդել, բոլորովին այլ «խաղադրույքներ» են դրվելու:
Տպավորություն է, որ ամերիկա-իսրայելական կողմի Ռուսաստանից ակնկալիքը մեկն է՝ չնպաստել, որ Իրանը միջուկային զենք ունենա, ինչի դիմաց, կարծես, Մոսկվան փորձում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին համոզել, որ Սիրիայում ներքաղաքական կարգավորումը հնարավոր է երկրի ամբողջականության պահպանման եւ Ասադի իշխանության ճանաչման դեպքում՝ ապագայում նոր ընտրությունների անցկացման հեռանկարով: Սա շատ սկզբունքային է: Թուրքիան Սիրիայում ազատ գործել է Ասադի ռեժիմի նկատմամբ ամերիկյան կտրուկ մերժողականության պայմաններում: Պարզ ասած, Սիրիայում Թուրքիան տարածքային ձեռքբերումներ է ունեցել Ասադի «բռնապետության դեմ պայքարի հիմնավորմամբ»:
Եթե Ռուսաստանին հաջողվի ԱՄՆ-ին եւ Իսրայելին բերել Ասադի իշխանության ճանաչման, թեկուզ «անցումային փուլի» տարբերակով, ապա Սիրիայի հյուսիսում թուրքական էքսպանսիան կապալեգիտիմանա: Անկարան Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի կոնսոլիդացված պահանջին դիմակայելու ոչ մի ռեսուրս չունի եւ ստիպված կլինի լքել Իդլիբի շրջանը, որից հետո տեղաշրջանում թուրքմեն զինյալների զինաթափումը եւ հնազանդեցումը կդառնա զուտ տեխնիկական հարց:
Խնդիրն այն է, թե Ռուսաստանին կհաջողվի՞ Իրանին ետ պահել միջուկային զենքի ծրագրից: Որքանո՞վ է Ռուսաստանը դրանում շահագրգռված: Եւ, ամենակարեւորը՝ կա՞ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ վստահության բավարար ռեսուրս, որպեսզի կողմերից մեկը մյուսին չկասկածի մեծ խաղում ինտրիգի զոհ դառնալու մեջ: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը «միանգամայն իրական» է գնահատել մինչեւ տարեվերջ Պուտին-Բայդեն հանդիպումը: ԱՄՆ-ը միաժամանակ հայտարարել է Իրանի հետ ուղղակի բանակցությունների պատրաստակամության մասին: Նկատելի են թուրք-իրանական բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու միտումներ:
Այս իրավիճակում մեծ է հավանականությունը, որ Էրդողանը փորձ կանի ինստիտուցիոնալացնել Թուրքական խորհուրդը՝ ներգրավելով նաեւ Թուրքմենստանին: Քաղաքական դիտորդները դա գնահատում են «թուրքական բանակ» ստեղծելու նախագիծ, ուժի զուտ թուրքական բեւեռ ձեւավորելու փորձ: Միջազգային քաղաքականության «բարձրագույն լիգա» մտնելու համար Էրդողանը ներկա փուլում այլ խաղաքարտ, թվում է, չունի, իսկ միայն «թիմի անդամի» կարգավիճակը նրան չի բավարարում:
Գուցե հավանական-հնարավոր զարգացումների տրամաբանությա՞մբ է Վլադիմիր Պուտինը վստահաբար պնդում, որ հայ-ադրբեջանական սահմանազատման-սահմանագծման քննարկումներին որեւէ մեկը՝ կողմերից եւ Ռուսաստանից բացի, չի կարող մասնակցել: Ամերիկյան The National Interest-ը վերջերս գրել էր, որ աշխարհի «նոր վերաբաժանմամբ» ամբողջ հետխորհրդային տարածքը, իսկ Եվրոպայից՝ Սերբիան միանշանակորեն «կճանաչվեն Ռուսաստանի կենսական շահերի գոտի»: Անկրակ ծուխ չի լինում:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version