Site icon politcom

Միջուկային ճգնաժամ, ամենայն հավանականությամբ, չի ստեղծվի, բայց դրանից տարածաշրջանային «հրդեհները կմարե՞ն»

Հոկտեմբերի 27-ին Իրանում հրավիրվում է Աֆղանստանին սահմանակից երկրների ԱԳ նախարարների խորհրդաժողով: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խաթիբզադեն հայտարարել է, որ առկա ձեւաչափով ներկա կգտնվեն Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Պակիստանի արտգործնախարարները: Խորհրդաժողովին հեռավար կարգով կմասնակցեն նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի ԱԳ նախարարները: Խորհրդաժողովում ելույթ կունենա Իրանի նախագահ Ռեիսին:
Վերջին շրջանում Իրանը սերտ շփումների մեջ է Կենտրոնական Ասիայի երկրների, Պակիստանի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ: Չինաստանը կարճ ժամանակ առաջ անդամակցել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Միջազգային տեղեկատվական հոսքերում խոսվում է «Մեծ Եվրասիա» աշխարհաքաղաքական ծրագրավորման մասին՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հովանու ներքո, որը համաշխարհային ուժի նոր բեւեռ կարող է դառնալ՝ ի հակակշիռ անգլո-սաքսոնական ընկերակցության, որ  ձգտում են ձեւավորել Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան:
Երեւում է, սակայն, որ «Մեծ Եվրասիայի,» եւ անգլո-սաքսոնական ընկերակցության նախագծումները հանդիպում են խոչընդոտների: Ռուսաստանի համար, որքան կարելի է դիտարկել, չափազանց դժվար է սկզբունքային համաձայնության գալ Չինաստանի հետ: Բարդություններ կան նաեւ կապված Իրանի եւ Թուրքիայի հետ: Իսկ անգլո-սաքսոնական ընկերակցության համար  փորձաքար է Հնդկաստանը, որ, ճիշտ է սուր տարաձայնություններ ունի Պակիստանի եւ Չինաստանի հետ, բայց եւ ավանդական կապեր է պահպանում Մոսկվայում:
Վերջին մի քանի իրադարձությունները թույլ են տալիս շատ զգուշորեն ենթադրել, որ անգլո-սաքսոնական ընկերակցությունը շփման եզրեր է որոնում Ռուսաստանի հետ: Իսրայելի վարչապետի Ռուսաստան այցից անմիջապես հետո անոնսավորվել է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահների հանդիպում կկազմակերպվի: Փաստացի սա նշանակում է, որ կողմերը հատուկ ծառայությունների մակարդակով կոորդինացիայի մտադրություն ունեն: Արդեն իսկ կայացել է Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ եւ ԱՄՆ Միացյալ շտաբների պետի հանդիպում, որը տեւել է վեց ժամ:
Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել, որ ռուս-ամերիկյան նման մակարդակի բանակցությունները տառացիորեն հաջորդում են Ռուսաստանի եւ Իրանի ԶՈՒ ԳՇ պետերի մոսկովյան բանակցություններին եւ Իրանի հետ ուղղակի բանակցությունների մտադրության մասին ամերիկյան կողմի պատրաստակամության վերահաստատմանը: Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումներ են ունեցել նաեւ ՌԴ նախագահը եւ Իսրայելի վարչապետը: Բանակցություններին մոտ կանգնած մի աղբյուր հավանական է համարել, որ Իսրայելը եւ ԱՄՆ հրեական լոբբին «կարող են միջնորդ հանդիսանալ ռուս-ամերիկյան քննարկումներում»:
Այս համատեքստում կարելի է սենսացիա համարել Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ ՌԴ նախագահի միջեւ հոկտեմբերի 25-ի հեռախոսազրույցը, որ կայացել է Լոնդոնի նախաձեռնությամբ: Միջազգային մամուլն իսկույն արձանագրել է, որ Ռուսաստանի նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը «վերջին մեկուկես տարում որեւէ շփում չեն ունեցել»: Հունիսին նախագահ Պուտինը հրաժարվել էր մեկնել Անգլիա եւ այնտեղ հանդիպել Ջո Բայդենի հետ: Բրիտանիան եւ Ռուսաստանը մի քանի տարի է, ինչ սառը հարաբերություններ ունեն՝ կապված հայտնի «լրտեսական սկանդալի» հետ, երբ Անգլիայում թունավորվել էր ռուսական հատուկ ծառայությունների նախկին սպա:
Եւ ահա տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետը հարկ է համարել խոսել երկու երկրների «ընդհանուր պատմության» մասին եւ հույս հայտնել, որ, չնայած տարաձայնություններին, իրենք կարող են առանցքային նշանակության հարցերում համագործակցել: Բորիս Ջոնսոնի գրասենյակն, ընդսմին, առանձնացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը: Հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել նաեւ Կրեմլի մամուլի ծառայությունը, բայց՝ առանց կոնկրետության:
Միջազգային իրավիճակի մասին Независимая газета-ի խնդրանքով մեկնաբանություն է արել պաշտոնաթող մի դիվանագետ եւ բավական խորհրդանշական դիտարկում արել: Հիշեցնելով 1962թ. Կարիբյան ճգնաժամը, երբ ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը միջուկային պատերազմից կես քայլ հեռավորության վրա էին, նա ասել է, որ պետական գործիչների իմաստնությունը պետք է չափել ոչ թե նրանով, թե ինչպես են հաղթահարում անելանելի թվացող իրավիճակը, այլ՝ թե որքանով են կարողանում խուսափել այն ստեղծելուց: Ըստ երեւույթին, այս փուլում գերխնդիր է, որպեսզի նման ճգնաժամ չստեղծվի:
Այս իմաստով հավանական է, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները կարող են մի շարք հարցերում առնվազն տեխնիկական համաձայնության գալ: Դա միջուկային զենքի չտարածումն է, առկա զինանոցների նկատմամբ խիստ վերահսկողությունը, կիբերանվտանգությունը, տիեզերքի ռազմականացման նախագծերի հարաբերական սառեցումը: Այս հեռանկարը բավական իրատեսական է:
Հարցն այն է, թե գլոբալ առճակատման սպառնալիքի թուլացումն ինչպե՞ս կազդի միջազգային հարաբերությունների վրա: Դրանք կկանոնակարգվե՞ն «օժանդակ պայմանավորվածություններով»: Տարածաշրջանային հակամարտությունների համար կգտնվի՞ օպտիմալ կարգավորման մոդել: Թե՞ միջուկային բախման սպառնալիքի գոնե տեսական չեզոքացումը նոր լարվածություններ կսադրի: Դիտարկումները, երբ գրեթե տեսանելի է ռեգիոնալ ռազմա-քաղաքական նոր դաշինքների ձեւավորման միտումը, ցավոք, թույլ չեն տալիս լավատես լինել:
Այս չափազանց փխրուն, հեղհեղուկ եւ վտանգաշատ իրավիճակում Հայաստանը պետք է կարողանա իրավա-պայմանագրային նոր եւ ավելի արդյունավետ հիմքեր ձեւավորի, այդ թվում՝ անմիջական հարեւան երկրների հետ, որոշակիորեն դիվերսիֆիկացնի անվտանգության գործիքակազմը եւ Արցախի հարցում որդեգրի ադեկվատ կեցվածք: Կկարողանա՞: Սա հարց է, որ քաղաքական մեկ ուժ, թիմ կամ նույնիսկ կոալիցիա լուծել չի կարող: Հայաստանը պարտավոր է հայտարարել «քաղաքական ամնիստիա» եւ բոլոր գիտակից անձանց ամբողջական «զորահավաք»: Պետք է ելնել մի ճշմարտությունից. պատերազմում պարտություն, թե հաղթանակ՝ վերջնական տեսքի են գալիս հաշտության պայմանագրով: Մենք ռազմական ձախողումը դիվանագիտորեն շտկելու,  ոչ այնքան ցավոտ դարձնելու հնարավորություն դեռ ունենք:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version