Թուրքական Bayraqtar-ի վրացական ձախողումը

Ուկրաինան Դոնբասում թուրքական հարվածային ԱԹՍ է կիրառել: Կիեւը տեսանյութ է տարածել, թե ինչպես է ԱԹՍ-ի արձակած հրթիռը խոցում դոնբասականների հրետանային մարտկոցի մեկ հաուբից: Մարդկային զոհեր չկան: Քաղաքական արձագանքն ավելի քան խոսուն է: Միջադեպին անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Լավրովը, Կրեմլի խոսնակ Պեսկովը: Անգամ Գերմանիայի ԱԳՆ-ն է Կիեւին հորդորել զերծ մնալ իրավիճակի ապակայունացումից: Դոնբասի հարցում ռուս-ուկրաինական հարաբերությունները վաղուց են լարված, դիվանագիտական-քարոզչական «փոխհրաձգությունը» տեւում է արդեն ավելի քան յոթ տարի: Կիեւում քաջ գիտակցում են, որ ոչ մի ՆԱՏՕ կամ Միացյալ Նահանգներ Դոնբաս կամ Ղրիմ չի «ազատագրելու»: Իսկ Ռուսաստանի հետ զինված առճակատումը նման կլինի ինքնասպանության, ռուս-ուկրաինական սահմանը կարող է հասնել Դնեպրին: Թուրքական Bayraqtar-ը լայնածավալ պատերազմի սպառազինություն չէ: Այստեղ, թվում է, գործ ունենք բոլորովին այլ ենթատեքստի հետ:
Ուկրաինական կողմը հոգեբանական գրոհ կազմակերպեց Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից երկու-երեք օր առաջ: Այդ ընտրությունների նկատմամբ միջազգային հետաքրքրությունը մեծ էր: Վրաստանի խորհրդարանական վերջին ընտրությունները վիճահարույց էին: Նախկին նախագահ Սաակաշվիլիի կողմնակիցները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը: Եվրամիության միջնորդությամբ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ եթե ՏԻՄ ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» չստանա առնվազն 43 տոկոսի վստահության քվե, ապա կնշանակվեն խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Խաղադրույքն, այսպիսով, այնքան մեծ էր, որ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ նախկին նախագահ Սաակաշվիլին զարտուղի ճանապարհով ԿԻեւից հասավ Թբիլիսի, որտեղ եւ ձերբակալվեց: Սաակաշվիլին հազիվ թե այլ սպասելիքներ ուներ, բայց գիտակցաբար գնաց «ինքնազոհության»՝ բարձրացնելու բողոքի ալիք, հասնելու լայն կոնսոլիդացիայի: Հաշվարկն, ըստ երեւույթին, այն էր, որ, ներկայանալով իբրեւ Ռուսաստանի նախագահից հալածյալ՝ ինքը կշահի պատվախնդիր վրացիների աջակցությունը, կհաղթի Թբիլիսիի, Բաթումի, Քութաիսիի եւ այլ քաղաքների ընտրություններում, որից հետո արմատական իշխանափոխությունը կվերածվեր զուտ տեխնիկական խնդրի:
Խորքում, այսպիսով, Վրաստանի աշխարհաքաղաքական ընտրությունն է: Արեւմուտքը, Միացյալ Նահանգները՝ հատկապես, ֆորմալ առումով շարունակում է Վրաստանը համարել «դեմոկրատիայի մաս»: Այդուհանդերձ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության եւ երկրի փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին դիտարկվում է որպես «ռուսաստանցի օլիգարխ» եւ նրան վերագրվում է Կրեմլի հետ «գաղտնի համագործակցություն»: Քաղաքական դիտորները նույնիսկ նկատել են տալիս, որ Իվանիշվիլին է հովանավորում վերջերս Վրաստանում ասպարեզ իջած մի քանի գործիչների, որ հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին: Այս առումով հետաքրքիր է, որ ավանդական «ռուսամետ» գործչի համարում ունեցող Նինո Բուրջանաձեն ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ հայտարարեց, որ աջակցում է նախկին նախագահ Սաակաշվիլիի կուսակցությանը: Թբիլիսիի եւ այլ խոշոր քաղաքների ընտրությունների արդյունքների վրա նկատելի ազդեցություն է թողել նաեւ նախկին վարչապետ Գախարիայի կոչը՝ ոչ մի դեպքում չքվեարկել Սաակաշվիլիի կուսակցության օգտին: Գախարիան ընտրությունների առաջին փուլում ավելի քան ութ տոկոս քվե էր ստացել: Ընդհանուր տպավորությունն, այսպիսով, այն է, որ Դոնբասում Bayraqtar-ի կիրառումը եւ հատկապես Թբիլիսիի քաղաքային իշխանությունը գրավելու՝ նախկին նախագահ Սաակաշվիլիի բավական լուրջ հայտը մեկ գծի մեջ են՝ հնարավորինս սրել ռուս-ուկրաինական հարաբերությունները, իսկ Վրաստանում՝ հարուցել ներքաղաքական տուրբուլենտություն՝ երկիրը վերադարձնելով թուրքական ազդեցության գոտի, խաթարել ռուս-վրացական հնարավոր համաձայնությունները եթե ոչ քաղաքական, ապա առնվազն՝ տարածաշրջանի հաղորդուղիների գործարկման, տնտեսական ինտեգրացիայի հարցերում: «Վրացական երազանքին» հաջողվել է կանխել լուրջ ապակայունացումը: Թբիլիսիի ընտրություններում գործող քաղաքապետն ստացել է քվեների ավելի քան 55 տոկոսը, բայց Սաակաշվիլիի կուսակցությունն էլ իր հերթին 44 տոկոս է ստացել: Թե հաղթանակը, թե ընդդիմության բավական շոշափելի հաջողությունը պայմանավորված է «կոալիցիոն համաձայնություններով»: Վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլիի կուսակցության դարաշրջանն ավարտվում է, երեք տարի հետո՝ խորհրդարանի հերթական ընտրություններով, վրաց ժողովուրդը «հրաժեշտ կտա «Ազգային շարժում» կուսակցությանը, իսկ Սաակաշվիլին վեցամյա բանտային ժամկետը կնստի մինչեւ վերջ»:
Սա, իհարկե, քարոզչություն է: Շատ բան, եթե ոչ՝ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե Վրաստանի հարցում Միացյալ Նահանգները կշարունակե՞ն Թուրքիայի դերակատարության վրա խաղադրույքի քաղաքականությունը, ի՞նչ եզրակացություն կանեն Կիեւում վրացական ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներից: Վրաստանն, իհարկե, չի մոռանա Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Իր հերթին Ռուսաստանը չի հրաժարվի նախկին վրացական ինքնավարություններից: Բայց Մոսկվայում չեն կարող հաշվի չառնել, որ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի սուվերենացման հարցում միջազգային ոչ մի աջակցություն չունեն եւ չեն ունենա: Իրավիճակի երկկողմ սթափ եւ հաշվենկատ գնահատումը կարող է ռուս-վրացական «ձնհալ» սկզբնավորել: Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կողմ կդնի Bayraqtar-ի գործոնը: Դրանով Ռուսաստանին չես վախեցնի: Մանավանդ որ Սաակաշվիլին մեծ հաշվով Վրաստանում ոչինչ չկարողացավ անել:

Շատ բան, եթե ոչ՝ ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե Վրաստանի հարցում Միացյալ Նահանգները կշարունակե՞ն Թուրքիայի դերակատարության վրա խաղադրույքի քաղաքականությունը, ի՞նչ եզրակացություն կանեն Կիեւում վրացական ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներից: Վրաստանն, իհարկե, չի մոռանա Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Իր հերթին Ռուսաստանը չի հրաժարվի նախկին վրացական ինքնավարություններից: Բայց Մոսկվայում չեն կարող հաշվի չառնել, որ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի սուվերենացման հարցում միջազգային ոչ մի աջակցություն չունեն եւ չեն ունենա: Իրավիճակի երկկողմ սթափ եւ հաշվենկատ գնահատումը կարող է ռուս-վրացական «ձնհալ» սկզբնավորել: Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կողմ կդնի Bayraqtar-ի գործոնը: Դրանով Ռուսաստանին չես վախեցնի: Մանավանդ որ Սաակաշվիլին մեծ հաշվով Վրաստանում ոչինչ չկարողացավ անել:

 

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր