Կմիավորվի՞ «թուրքական աշխարհը». ԱՄՆ-ը դրա՞ն է մղում Թուրքիային

Հռոմում ԱՄՆ նախագահի հետ շուրջ մեկ ժամ տեւած բանակցություններից հետո, որ, ի դեպ, ամենեւին էլ դեմ առ դեմ չէին, այլ ընթացել են պետքարտուղար Բլինկենի եւ արտգործնախարար Չավուշօղլուի մասնակցությամբ, Էրդողանի շատախոսությունը, հավանաբար, ավելի շատ թուրք-ամերիկյան հարաբերություններում անհամաձայնությունների, քան տեսակետների մերձեցման վկայություն է: Թուրքիան, կարծես, կորցնում է Մերձավոր Արեւելքում եվրաատլանտյան աշխարհի պրովայդերի դերը:
Նման ենթադրության համար առկա են որոշակի հիմքեր: Տարածաշրջանի միակ երկիրը, որ հինգերորդ սերնդի ամերիկյան F 35 կործանիչներ է ստացել, Իսրայելն է: Միջազգային մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ մոտ ապագայում ԱՄՆ-ը F 35-ի խմբաքանակ կվաճառի նաեւ Սաուդյան Արաբիային, եթե վերջինս հարաբերությունները կարգավորի Իսրայելի հետ: Միաժամանակ արդեն փաստ է, որ Միացյալ Նահանգները 270 միլիոն դոլար է հատկացրել, որպեսզի Հունաստանն արդիականացնի զինանոցում առկա ամերիկյան չորրորդ սերնդի F 16 կործանիչները: Հունաստանը նաեւ Ֆրանսիայից ձեռք կբերի հինգերորդ սերնդի 24 կործանիչներ:
Թուրքիան զրկվել է ամերիկյան F 35 գնելու հնարավորությունից, թեեւ արդեն իսկ առաջին վճարումը՝ մեկ միլիարդ չորս հարյուր միլիոն դոլար, կատարել է: Ամերիկյան արգելքի պատճառը Թուրքիայում ռուսական C 400 ՀՕՊ հրթիռային կայանքի տեղաբաշխումն է: Ամերիկյան կողմը պնդում է, որ ռուսական համակարգը եւ F 35 կործանիչները նույն տիրույթում չեն կարող գործել, որովհետեւ այդ դեպքում ամերիկյան տեխնոլոգիաները կդառնան ռուսական համակարգի հետախուզական հնարավորությունների թիրախ: Այս առթիվ թուրքական մամուլը վկայակոչում է Հունաստանում ռուսական C 300 ՀՕՊ հրթիռային համակարգի գոյությունը, բայց դա ընդամենը «հուսահատության ճիչ է»:
Ըստ Էրդողանի՝ Հռոմում ԱՄՆ նախագահի հետ քննարկվել է թուրքական մեկ միլիարդ չորս հարյուր միլիոն դոլարի թեման: Թուրքիան ելնում է նրանից, որ վճարել է եւ «ապրանքը պետք է ստանա»: Եթե դա F 35-ը չէ, ապա Անկարան կհամաձայնի, եթե ԱՄՆ-ը արդիականացնի թուրքական օդուժի 80 F16 կործանիչները եւ մատակարարի նույն սերնդի եւս 40 ինքնաթիռ: Հռոմի հանդիպման նախօրյակին տասնմեկ կոնգրեսական եւ երկու սենատոր նամակ են հղել նախագահ Բայդենին՝ հորդորելով ձեռնպահ մնալ Թուրքիայի օդուժի արդիականացման հարցում օժանդակությունից:
«Ես Բայդենին ասել եմ, որ Կոնգրեսում կշիռ ունի եւ կարող է դրական լուծում տալ հարցին»-ըստ Anadolu պետական լրատվական գործակալության՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Բայդենի վարկանիշը սեպտեմբերին յոթ տոկոսի անկում է արձանագրել, շատ հարցերում Կոնգրեսի դեմոկրատական եւ հանրապետական խմբակցությունները հանդես են գալիս միասնական դիրքերից: Առանձնահատուկ հնչեղություն է ստացել Թուրքիայում ժողովրդավարական արժեհամակարգից կտրուկ նահանջի եւ կոռուպցիայի թեման:
Թուրքական ընդդիմադիր ուժերը շրջանառում են Էրդողանի եւ միջազգային ահաբեկչության կապի հարցը, բերվում են անհերքելի թվացող վկայություններ: Էրդողանին ոչ մի կերպ չի հաջողվում Վաշինգտոնին հեռու պահել Սիրիայի հյուսիսում գործող քրդական շարժումից: Անկարան խոր կասկածներ ունի, որ Միացյալ Նահանգները Սիրիայի հետ իր սահմանի վրա ստեղծում է քրդական ինքնավարություն, իսկ դա կարող է զուգահեռ «անջատողականություն ձեւավորել» Թուրքիայի հարավ-արեւելյան քրդաբնակ նահանգներում:
Թուրքական հանրային կարծիքի որոշ դրսեւորումներ է ներկայացրել Haber7 իշխանամետ կայքը: Քննարկման դրված հարցն այն է, որ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ դիմել են նախագահ Բայդենին, որպեսզի Հնդկաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառվեն՝ կապված վերջինիս՝ ռուսական C 400 ՀՕՊ հրթիռային համակարգ ձեռք բերելու, մտադրության հետ: Թուրքական հանրային տրամադրությունները կարելի է ամփոփել այսպես. «Քանի որ Հնդկաստանն այդ զինատեսակը ձեռք է բերում իսլամական Պակիստանի դեմ, ԱՄՆ-ը նրա նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի»:
Ավելի զայրալի տեսակետներ են արտահայտվում Հունաստանի օդուժն արդիականացնելու, Ֆրանսիա-Հունաստան ռազմա-տեխնոլոգիական համագործակցության թեմաների շուրջ քննարկումներում: Մյուս կողմից, պայմանականորեն ասած՝ «քեմալական» քաղաքական թեւը Էրդողանին մեղադրում է ԱՄՆ-ի եւ եվրաատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները փչացնելու մեջ:
Այդուհանդերձ, Վաշինգտոնում նաեւ մտահոգություն կա, որ եթե Միացյալ Նահանգները շարունակեն Թուրքիայի «մեկուսացման քաղաքականությունը»՝ Անկարան ավելի կթեքվի դեպի Ռուսաստան: Քաղաքական հաշվարկն, ըստ երեւույթին, այն է, որ՝ նախ տեսանելի հեռանկարում ԱՄՆ-Ռուսաստան որոշակի համաձայնությունները հնարավոր են, երկրորդ՝ Էրդողանը քաղաքական հեռանկար այլեւս չունի, եւ 2023-ի համապետական ընտրությունները «կփակեն նրա դարաշրջանը»:
Սրանք, ինչ խոսք, նախնական տպավորություններ են, վարկածային արձանագրումներ: Ամենեւին էլ բացառված չէ, որ Վաշինգտոնում վերագնահատումներ արվեն՝ պայմանավորված Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկով եւ ընթացքով, ինչպես նաեւ նրանով, թե Էրդողանին կհաջողվի՞ ռազմա-քաղաքական դաշինքի ֆորմալ տեսքի բերել «թուրքական աշխարհը»: Նախապատրաստվում է թուրքախոս երկրների գագաթաժողով:
Իրավիճակը, սակայն, միանշանակ չէ: Վերջին շրջանում Կենտրոնական Ասիայի երկրների հետ գործուն շփումների մեջ է Իրանը, մյուս կողմից այդ տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի կանխարգելման խնդիրները մեծ հաշվով լուծում է Ռուսաստանը: Առկա է Չինաստանի բավական ազդեցիկ ներկայություն: Անցած շաբաթ վերսկսվել են թուրք-չինական տեղեկատվա-քարոզչական «փոխհրաձգությունները»: Նկատելի է Պակիստանի զսպվածությունը:
Կգնա՞ն Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրները թուրք-ադրբեջանական նախաձեռնողականությանն ընդառաջ: ԼՂ եւ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերում Թուրքիայի «կամային դիրքորոշման» ռեսուրսները, կարծես, Ադրբեջանում սկսել են կասկածի տակ առնվել: Ինչ էլ որ հրապարակային խոսեն Ալիեւը եւ Էրդողանը, այլեւս ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցք» եւ «Լեռնային Ղարաբաղ չկա, ԼՂ հարց գոյություն չունի» պնդումները չափազանց հեռու են իրականությունից: Ալիեւը փորձարկման կդնի՞ իր քաղաքական ապագան: Պատասխանը, ըստ իրավիճակի գնահատման, պետք է որ բացասական լինի: Եթե, իհարկե, խնդիրն ավելի խորքային չէ, չկա «թուրքական աշխարհի միավորման» նոր աշխարհաքաղաքական նախագիծ, եւ թուրք-ամերիկյան հրապարակային հակասությունները «մեծ խաղի» առերեւույթ դրսեւորումներ չեն: Ընդամենը:

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր