«Էրդողանի դարաշրջանը» փակվու՞մ է

Թուրքիայի նախագահ Էրդողանը չի մասնակցել Գլազգոյի խորհրդաժողովին։ Իր բացակայությունը նա հիմնավորել է «արարողակարգային անճշտություններով, որ վիրավորական էին ոչ միայն անձնական, այլեւ՝ «Թուրքիայի հեղինակության առումով»։ Խոսքն ինչի՞ մասին է՝ Էրդողանը չի մանրամասնել։ Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում անցյալ օրերին տարածվել է «olmush» (մահացել է) հեշթեգ։ Ըստ տեղեկությունների՝ շուրջ երեք տասնյակ օգտատեր այդ պատճառով ձերբակալվել է։ Դիտորդներն արձանագրել են, որ Էրդողանը ներկա չի գտնվել իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին, որ ավանդաբար անցկացվում է ամեն չորեքշաբթի՝ նրա ներկայությամբ։
Էրդողանի առողջական վիճակի թեման լայնորեն քննարկվում է սոցիալական ցանցերում։ Ռուսաստանյան Regnum-ը գրառումների բավական լայն «ծաղկաքաղ» է ներկայացրել։ Առանձին ոչ հայտնի օգտատերերի տեսակետները մի կողմ թողած, կարելի է առանձնացնել երեք գնահատական։
Առաջինը Թուրքիայի նախկին գլխավոր դատախազի հետեւյալ տեսակետն է․ «Բարեկամս, ինչ հավակնություններ են քեզ առաջնորդում։ Դու արդեն ոտքի վրա կանգնելու ուժ չունես, բայց դեռ մտածում ես միանձնյա կանգնել ղեկի մոտ։ Մի՞թե դու կարծում ես, որ երբեք չես մեռնի»։ Գրառման հեղինակն, ի դեպ, պաշտոնազրկվել է Թուրքիայում 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձից հետո։
Երկրորդ հետաքրքիր տեսակետն արտահայտել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սալիհ Քուկը․ «Էրդողանի առողջական վիճակը որոշակի փուլում է․ երկարատեւ քայլքի ժամանակ նա ունենում է հավասարակշռության խնդիրներ։ Պետականից բացի այլ լրատվամիջոցների հետ հարաբերությունները նույնպես նոր փուլ են մտել, որպեսզի չհայտնվեն անվերահսկելի պատկերներ եւ տեսագրություններ։ Ոչ ոք նրան նկարելու իրավունք չունի»։
Պաշտոնաթող զինվորականներից մեկը, որ սոցցանցերում հանդես է գալիս ծածկանունով, ուղղակի հայտարարել է, որ Էրդողանի առողջությունը նրա եւ ընտանիքի համար է թանկ, թուրք ժողովրդին հուզում է Թուրքիայի՝ որպես պետության, առողջությունը։ «Տեսագրությունները (Էրդողանի մամուլի ծառայության տարածած) կարող են նորմալ երեւալ, բայց պարզորոշ է, որ նա առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի»։ Որոշ օգտատեր նույնիսկ տեսակետ են հայտնել, որ Էրդողանի համար «հատուկ պատվերով կոշիկներ են կարվել, որպեսզի քայլելու ժամանակ կարողանա պահպանել հավասարակշռությունը»։
Թեմայի այս ծավալով եւ շեշտադրումներով արծարծումը, կարծես, հաստատում է Էրդողանի առողջական վիճակի վատթարացման մասին տարածված տեղեկատվությունը։ Գրառումներում նաեւ այն կարծիքն է արտահայտված, որ Էրդողանն «այլեւս վերածվել է խամաճիկի, որի կառավարման թելերը գտնվում են մերձավոր շրջապատից մի քանի հոգու ձեռքում»։ Առանձնահատուկ շեշտվում է նրա նկատմամբ գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի բացարձակ ազդեցությունը։
Այս համապատկերին ուշագրավ է եւս մի տեղեկատվություն։ Ըստ այդմ, Թուրքիայից տասը երկրների դեսպանների արտաքսման մասին Էրդողանի հայտարարությունից հետո նրա հետ Սեուլից շտապ կապվել է արտգործնախարար Չավուշօղլուն եւ սպառնացել հրաժարականով, եթե Էրդողանը ետ չկանգնի որոշումից։ Չավուշօղլուն պնդել է, որ այս փուլում Արեւմուտքի եւ հատկապես Միացյալ Նահանգների հետ նոր դիմակայության գնալ՝ «կնշանակի ինքնասպանություն գործել»։ «Դեսպանների արտաքսման որոշումն այդ «բավական ծանր խոսակցությունից հետո առկախվել է»,- իրավիճակը բնութագրել է «Միլլիեթ» պարբերականը։
Առավել ինտրիգային տեղեկատվություն է տարածել Բաքվի Gafgazinfo կայքը, որի դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ «արտաքսման սպառնալիքի ենթակա երկու դիվանագետ ապաստան է գտել» Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի մոտ։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը եւ հետախուզությունը «ձեւավորում է հակաէրդողանական կոալիցիա»։ Նշվում է, որ արդեն իսկ կազմավորվել է «եռյակ»՝ նախկին նախագահ Գյուլի եւ երկու նախկին արտգործնախարարի՝ Դավութօղլուի եւ Բաբաջանի ներգրավմամբ։
Էրդողանին ոչ մի կերպ չի հաջողվում առաջընթացի հասնել ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հարաբերություններում։ Տեսակետ է տարածված, որ Միացյալ Նահանգներն ունի «Էրդողանի դարաշրջանը փակելու նախագիծ»։ Gafgazinfo-ի մեկնաբանը կասկածում է, որ այդ հարցում «հնարավոր է՝ կա ռուս-ամերիկյան գաղտնի համաձայնություն»։ Նա հիմք է ընդունում Իսրայելի հետ Ռուսաստանի սերտ հարաբերությունները եւ, կարծես արդարացիորեն, եզրահանգում, որ Իսրայելի վարչապետ Բենետը չէր կարող ՌԴ նախագահ Պուտինի հետ «ռազմավարական կարեւորության հարցեր քննարկել, եթե չունենար ԱՄՆ-ի համաձայնությունը»։
Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը, որ լուրջ խնդիրներ է հարուցել եւ հարվածել երկրի տնտեսական վիճակին, վաղուց սուր քննադատության է արժանանում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական (քեմալական) կուսակցության կողմից։ ԺՀԿ առաջնորդ Քըլըչդարօղլուն կողմ է Լոզանի պայմանագրի սահմաններով Թուրքիայի եվրաատլանտյան ընտրությանը։ Վերջին մոտ երկու տասնամյակներին Էրդողանը բազմիցս հրապարակային դժգոհություն է արտահայտել Լոզանի պայմանագրի սահմաններից։
Սոցիոլոգիական հարցումներով Էրդողանի եւ նրա գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցության վարկանիշն իջել է նվազագույնի եւ մոտավորապես երեսուն-երեսուներկու տոկոսի սահմաններում է։ 2023 թվականին Թուրքիայում տեղի կունենան նախագահի եւ խորհրդարանի միաժամանակյա ընտրություններ։ Եթե Էրդողանի առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունները մոտ են իրականությանը, ապա բացառված չէ, որ Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Մամուլում անհանգստություններ են արտահայտվում, որ մինչ այդ Էրդողանը «կարող է գնալ անհավասարակշիռ քայլերի»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր