Site icon politcom

Վտանգավոր իրավիճակ

Քառասունչորսօրյա պատերազմի տարելիցին ընդառաջ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հայկական որոշակի շրջանակներում սպասելի ոգեւորություն է բորբոքել։ Առանձնացվում է հատկապես այն, որ Ռուսաստանը «չի պատրաստվում Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ վերածել պրոտեկտորատի»։ Համարվում է, որ «դա ապտակ է Բաքվի բռնապետ» Ալիեւին։
Մինչդեռ, թվում է, նման ձեւակերպումը պետք է առաջին հերթին մտահոգության տեղիք տար։ Ի՞նչն է ՌԴ ԱԳՆ-ին դրդել նման «բացախոսության»։
Թվում է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բացառիկ միջնորդությունից «հրաժարվելը» պարզ ուղերձ է ԵԱՀԿ ՄԽ արեւմտյան համանախագահ երկրներին, առաջին հերթին, իհարկե՝ Միացյալ Նահանգներին, որ կարելի է «թարգմանել» մոտավորապես այս տեսքով․ «Մենք անցյալ տարի կանգնեցրինք արյունալի պատերազմը, մեր խաղաղապահ զորախմբի միջոցով ապահովեցինք Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը, թույլ չտվեցինք սրացումներ, կանգնած ենք հայ-ադրբեջանական շփման գծի առավել վտանգավոր հատվածներում, հնարավորինս կառավարելի ենք պահում իրավիճակը, բայց մեր որոշ առաջարկություններ կողմերի համար ընդունելի չեն, իսկ լուծում պարտադրել չենք ուզում։ Գնահատեք իրավիճակը եւ առաջարկեք ձեր մոտեցումը, պատրաստ ենք համագործակցել»։
Ինչպիսի՞ն կլինի Վաշինգտոնի եւ Փարիզի արձագանքը՝ թողնենք առավել իրազեկված եւ մասնագիտական բարձր պատրաստություն ունեցող փորձագետների, վերլուծաբանների, քաղաքական դիտորդների գնահատման տիրույթում։ (Մեզ կոնկրետ թվում է, որ թե ԱՄՆ-ը, թե Ֆրանսիան առարկայական առաջարկություն չունեն եւ «հեծանիվ հայտնագործելու» չափ թեթեւամիտ չեն՝ ինչպես երբեմն-երբեմն ներկայացնում են մեզանում)։ Մեզ առավել հուզում է ՌԴ ԱԳՆ հայտարարության ներհայաստանյան, ներհայկական ուղղությամբ արված «ուղերձը»։ Ասել, թե Ռուսաստանը մտադրություն չունի Լեռնային Ղարաբաղը «վերադարձնել Ադրբեջանին»՝ նշանակում է հայ իրականություն մուծել «վարդագույն երազանքներ»։
Ռուսաստանն, այդպիսով, «բոնուս է տալիս», բայց՝ ու՞մ։ Ահա հարցը։ Եթե դրա «տերը» գործող իշխանությունն է, ապա պետք է ընդունել, որ Մոսկվան «ամուր կանգնած է» Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքական թիմի թիկունքին։ Նկատի առնելով, թե հայ հանրությունը որքան զգայուն է Մոսկվայից հնչող տեսակետների նկատմամբ, ՔՊ-ական իշխանությունը կարող է «Ռուսաստանը մտադիր չէ Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին» ձեւակերպումը գրանցել իր «արտաքին քաղաքական ձեռքբերումների ակտիվում» եւ տեղեկատվա-քարոզչական տիրույթում ճնշել ընդդիմության՝ «Փաշինյանի հողատվության» եւ «կապիտուլյանտության» մասին պնդումները։ Այս դեպքում ընդդիմությունը ստիպված պիտի լինի (եթե նա անկեղծ է իշխանափոխության իր նպատակադրվածության մեջ) հակադարձել, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունն «ընդամենը մխիթարանքի խոսք է»։ Բայց ամենահավանականն այն է, որ ընդդիմությունը կշրջանառի քարոզչություն, որ, այո, Ռուսաստանը «չի պատրաստվում Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին կամ Հայաստանը վերածել պրոտեկտորատի, բայց դա հնարավոր է միայն իշխանափոխությունից հետո, պարտության խորհրդանիշ Փաշինյանի հետ ոչ ոք նման հեռանկար չի քննարկի»։ Բացառված չէ, որ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը որոշակի լարվածություն հրահրի նաեւ Ադրբեջանում։ Այնտեղ էլ խմբեր եւ անհատներ կան, որ Ալիեւին սուր քննադատում են «մինչեւ վերջ չգնալու, Ղարաբաղը լիովին չմաքրելու» եւ հատկապես «ռուսներին Ադրբեջան վերադարձնելու, երկրի ինքնիշխանությունը սահմանափակելու, Թուրքիայի հետ լիակատար ինտեգրացիան չեղարկելու» մեջ։ Բայց Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական «տուրբուլենտության հավանականությունը» ոչ մի առումով համադրելի չէ։ Մոսկվայում, ըստ երեւույթին, դրանում համոզված են, այլապես այդքան չէին «բացախոսի»։ (Մեզանում հո չե՞ն գտնվի ռոմանտիկներ, որ կներշնչվեն եւ հանրությանը կներշնչեն, թե Ռուսաստանը գնում է Ադրբեջանի հետ հարաբերությունների էքզիստենցիալ վերանայումների)։ Իսկ ահա Հայաստանում, Արցախում՝ հատկապես բոլորովին այլ զարգացումներ կարող են սկզբնավորվել։ Ինչպես պատերազմի հենց առաջին օրերին էր տարածված, որ «եթե Փաշինյանը հրաժարական տա, ապա Պուտինը կկանգնեցնի» այն, այսօր էլ շատ մեծ հավանականությամբ կարող է շրջանառվել տեսլական, որ «Փաշինյանից հետո Ռուսաստանը ԼՂ հարցում բոլորովին այլ մոտեցում կունենա»։
ՌԴ ԱԳՆ հայտարարությունն, այսպիսով, «նենգամտության» շատ որոշակի ենթատեքստ ունի։ Չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել, որ, գուցե, Ռուսաստանը նաեւ ԼՂ կարգավորման հարցում է եռակողմ՝ Մոսկվա-Երեւան-Բաքու քննարկումների հարթակ առաջարկել։ Չգիտենք, թե այդ հարցում ո՞րն է Ադրբեջանի դիրքորոշումը։ Գիտենք միայն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունից ի վեր ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է «միակողմանի զիջումների գնալու, Հայաստանի ինքնիշխանությունը վտանգելու» մեջ։ ՌԴ ԱԳՆ հայտարարության՝ մի քանի անգամ արդեն մեջբերված, ձեւակերպումը ներհայաստանյան նոր, սկզբունքորեն այլ որակի բանավեճի եւ քաղաքական դիմակայության համար շատ պարարտ հող կարող է դառնալ կամ իշխանության ձեռքին «մուրճ»՝ կոշտ քայլերի գնալու մրցակիցների դեմ։ Երկու դեպքում էլ հեռանկարը մեկն է՝ ներհայաստանյան (Արցախի որոշակի ներգրավմամբ) դիմակայություն, քաղաքացիական անհանդուրժողականության հետագա խորացում։ Նման իրավիճակում բոլոր «սկզբունքային պայմանավորվածությունները» կդրվեն «դիվանագիտական գզրոցներում», եւ կհասունանա «առանց Հայաստանի մասնակցության հայ-ադրբեջանական նոր ստատուս-քվոյի իրավական լեգիտիմացման հնարավորություն»։
Հայաստանի թե իշխանության, թե ընդդիմության համար փորձության շատ վտանգավոր պահ է։ Եւ եթե այն հնարավորինս ոչ ավելի ցավոտ հանգուցալուծման դեռեւս առկա հնարավորությունը չօգտագործվի, ապա քառասունչորսօրյա պատերազմի երկրորդ կամ երրորդ տարելիցին մենք, շատ հավանական է, Հարավային Կովկասում վերջնականապես վերածվենք «տոնախմբությանն աղքատ ազգականի»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version