Site icon politcom

Հետխորհրդային «սիմֆոնիա»

Երեսուն տարի առաջ փլուզվեց «չարիքի կայսրություն» (ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի որակավորմամբ) ԽՍՀՄ-ը։ Միութենական նախկին երեք հանրապետություններից Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան այսօր Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ են։ Ֆորմալ գոյություն ունի Եվրամիության արեւելյան գործընկերության կառույց, փաստացի ԵՄ հետ ասոցացման պայմանագիր կնքել են Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը։
ԽՍՀՄ փլուզման 30-ամյակի նախօրեին Ռուսաստանը եւ Բելառուսը բարձր մակարդակով ստորագրեցին «Դեկրետ»։ Միջազգային վերլուծաբանական կենտրոններն ամենից առաջ կարեւորում են երկու երկրների կողմից «ընդհանուր սահմանի» արձանագրումը։ Եւ դա ռուս-բելառուսական սահմանը չէ, այլ՝ Բելառուսի արեւմտյան, ՆԱՏՕ-ի հետ աշխարհաքաղաքական «շփման գիծը»։ Եթե պայմանականություններից վերացարկվենք, ապա պիտի ընդունենք, որ բելառուսական Բրեստն այդուհետեւ ռուս-ՆԱՏՕ-ական սահմանային քաղաք է։ Հարավում Ռուսաստանն ունի Ղրիմ եւ Սեւաստոպոլի ռազմածովային ուժերի հզոր հենակայան, եւ պաշտպանության նախարար Շոյգուն ասում է, որ Սեւ ծով մուտք գործած ամերիկյան հածանավը «հեռադիտակային տեսանելիության տիրույթում է»։
Հետխորհրդային «սիմֆոնիայի ուվերտյուրան» օրերս հնչել է նաեւ Մոլդովայում։ Որպեսզի երկիրը ձմռանը չսառչի՝ նախագահ Մայա Սանդուն պարտադրված է եղել վերցնել ընկալուչը եւ հեռախոսազրույց «պատվիրել» ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հետ։ «Հաջորդ օրը «Գազպրոմը» փոխընդունելի գներով (ոչ միջազգային-շուկայական) վերականգնել է Մոլդովայի գազամատակարարումը, իսկ ռուս խաղաղապահները կմնան Մերձդնեստրում»,-մի քիչ՝ քնարականորեն, հիմնականում՝ իրոնիկ, բայց իրավիճակը «հաշվետարի պարտաճանաչությամբ» փաստագրել է «Նեզավիսիմայա գազետա»-ն։
Եւ, կարծես, մի «կախարդական փայտիկի հրահանգով»՝ հաջորդ օրն Ուկրաինայի Գերագույն ռադայում նախկին խոսնակ Ռազումկովը հայտարարել է միջֆրակցիոն պատգամավորական խումբ ստեղծելու մասին, որին տրվել է «Խելացի քաղաքականություն» անվանումը։ Ռազումկովը «Ժողովրդի ծառա»՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկու կազմավորած  եւ խորհրդարանում մեծամասնություն կազմող խմբակցությունից էր, բայց մեկ ամիս առաջ հեռացվեց Գերագույն ռադայի նախագահի պաշտոնից՝ նախագահի հետ սուր տարաձայնությունների պատճառով։ Ուկրաինական հանրությունը կայծակնային արագությամբ է արձագանքել Ռազումկովի քաղաքական հայտին․ եթե մինչ այդ Ուկրաինայի նախագահի պաշտոնում նրան տեսնում էր ընտրողների միայն մեկ տոկոսը, ապա այսօր նախկին կոմերիտական քաղգործչի վարկանիշը մոտենում է տասը տոկոսին։ Այն դեպքում, երբ նախագահական կուսակցության հանրային աջակցությունը բացարձակ մեծամասնությունից իջել է 27 տոկոսի, իսկ անձամբ Զելեսնկուն պաշտպանում է ընտրողների միայն 43 տոկոսը։ Սա այն դեպքում, երբ Զելենսկին ոչ մի քայլ չի նահանջում Ղրիմը եւ Դոնբասը վերադարձնելու ուղեգծից։ Սոցհարցումներով՝ ուկրաինացիների շուրջ քառասուն տոկոսն իրեն համարում է «ռուսական ինքնության կրող»՝ չհաշված Դոնբասի անջատված շրջանների բնակիչներին, որոնց մեծ մասն արդեն Ռուսաստանի քաղաքացի է։
Իրավիճակը բարդացել է նաեւ Վրաստանում, որտեղ իշխող կուսակցության եւ երկրի փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին նախկին նախագահ Սաակաշվիլիի կուսակիցներից որակվել է «Պուտինի կամակատար»։ Վրաստանում, ըստ էության, Սաակաշվիլին մի պայքար է սկսվել, որի ենթատեքստը հստակ աշխարհաքաղաքական է։ Քառասունչորսօրյա պատերազմի տարելիցին ընդառաջ՝ ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության առանցքային ընդգծումներից մեկն այն էր, որ Ռուսաստանի եւ Հայաստանի համար «Հյուսիս-հարավ միջազգային զարկերակի» գործարկման նոր հնարավորություն է ստեղծվում։ Ակնարկը չափազանց թափանցիկ է եւ զուգահեռվում է նախագահ Պուտինի ավելի վաղ ձեւակերպած մտքին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման միջնորդ միայն Ռուսաստանը կարող է լինել։ Առաջնահերթություն հռչակելով «Հյուսիս-հարավ միջազգային զարկերակը»՝ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, ուղերձ է հղում Վրաստանին։ Խոսքը ռուս-վրացական հաղորդակցությունների օգտագործման, արդիականացման եւ, հավանաբար, նորերի ստեղծման մասին է։ Ըստ երեւույթին, Սաակաշվիլին Վրաստան է գործուղվել, որպեսզի խաթարի այդ հարցում ռուս-վրացական հավանական համաձայնությունները։ Միացյալ Նահանգները 6+1 ձեւաչափի տարածաշրջանային համագործակցություն է առաջարկել։ Հայաստանում արդեն իսկ կարծիքներ են հնչում, որ դա «3+3 ծուղակից խուսափելու հնարավորություն է»։ Հնարավորությունը՝ հնարավորություն, բայց ինչպե՞ս համադրել անվտանգության ռուսական «հովանոցը» եւ կոմունիկացիոն ամերիկյան «գրավչությունը»։ Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ Խորհրդային Միության վերականգնման նախագիծն «արդեն արդիական չէ»։ Բայց դա չի նշանակում, թե Ռուսաստանը հետխորհրդային տարածքում «կուրատորությունը» պատրաստ է զիջել կամ կիսել ուժի որեւէ բեւեռի հետ։ Հետխորհրդային քաղաքական «սիմֆոնիան» բարդ, բազմապլան, բազմասյուժե «ստեղծագործություն» է, որի նախերգանքն արդեն հնչեցրել են Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Խաղադրույքները չափազանց բարձր են, ֆինալը՝ մեծ մասով անկանխատեսելի։ Միջազգային վերլուծաբանական կենտրոնները կանխատեսում են «ռեգիոնալ պատերազմներ»։ Իսկ որպես «կազուս բելի» դիտարկվում են արեւմուտքում՝ Ուկրաինան, արեւելքում՝ Թայվանը։ Բայց ոչ մի երաշխիք չկա, որ Ուկրաինայի եւ Թայվանի հարցում Միացյալ Նահանգները պայմանավորվածության կգա մի կողմից՝ Ռուսաստանի, երկրորդ դեպքում՝ Չինաստանի հետ։ Գուցե թե՝ ի հաշիվ «մինի-ռեգիոնալ պատերազմների՞»։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version