Yerevanlur–ի զրուցակիցն է Սուրեն Սուրենյանցը

Yerevanlur–ի զրուցակիցն է Սուրեն Սուրենյանցը

Yerevanlur–ի զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

– Երեկ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև հանդիպում նախատեսված չէ, թեպետ Կրեմլն արդեն իսկ հաստատել էր այս շաբաթ նախատեսվող հանդիպման մասին տեղեկությունները, դրանից առաջ Հայաստանի արտգործնախարարը ևս չէր բացառում հանդիպման և դրա ընթացքում համաձայնեցված հայտարարությունների ընդունումը։

– Պայմանականորեն ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դարձել է ֆեյք ֆաբրիկա, այսինքն՝ մենք արդեն սովորել ենք, որ ստախոսությունը, մանիպուլյացիան և կեղծիքը դարձրել են գործիք՝ օնլայն ռեժիմով։ Եթե Ռուսաստանի նախագահի խոսնակը հաստատել է տեսակապով հանդիպման փաստը, Նիկոլ Փաշինյանի ասածներին կարելի է նույնիսկ ուշադրություն չդարձնել, որովհետև Հայաստանի գործող վարչապետն առանց Պուտինի թույլտվությամբ կարծում եմ նույնիսկ զուգարան գնալ չի կարող, հետևաբար անիմաստ է քննարկել Պեսկովի հայտարարության համատեքստում Փաշինյանի պնդումները։ Ես ցանկանում եմ ավելի գլոբալ անդրադարձ կատարել․ հին սերնդի մարդիկ հիշում են 80-ականների սկզբին Բրեժնևի ծավալուն ելույթները, ով զառամյալ, անօգնական մարդու տպավորություն էր թողնում հիվանդությունների պատճառներով, բայց փաստն այն է, որ նրա ելույթներին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, եթե նույնիսկ 3-4 ժամ լսում և 30-40 անգամ ընդհատում էին ծափահարություններով։ Հիմա Բրեժնևի կարգավիճակում հայտնվել է Նիկոլ Փաշինյանը, նա, բարեբախտաբար, ոչ զառամյալ է, ոչ՝ հիվանդ, բայց սուբյեկտություն չունեցող երկրի ոչինչ չորոշող ղեկավար է, այս իմաստով՝ նրա ելույթները որևէ մեկին հետաքրքիր չեն, թերևս՝ բացի իրենից։

– Պարոն Սուրենյանց, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ գործընթացները պետք է կարգավորվեն Մինսկի խմբի շրջանակներում․ կարո՞ղ ենք ասել, որ այս ընթացքում չնայած «3+3» ձևաչափի շուրջ դիրքորոշում չցուցաբերելուն, իշխանությունը հստակեցրեց, որ լինելով տարածաշրջանային համագործակցությամբ հետաքրքրվող պետություն՝ «3+3»-ը չպետք է այլ ձևաչափի օրակարգն ունենա։

– Փաշինյանի ելույթի այդ հատվածի հետ համաձայն եմ, բայց միևնույնն է հստակություն չտեսա։ Գիտեք, հայկական կողմը շատ ցանկություններ կարող է ունենալ, որոնք որևէ կապ կարող են չունենալ իրականության հետ։ Նախ՝ «3+3» ձևաչափի ստեղծումը որևէ ձևով Հայաստանից կախված չէ, որովհետև եթե ռուս-թուրքական կոնսենսուս լինի, Մոսկվան Հայաստանի իշխանությանը կպարտադրի ինչ-որ ձևով մաս կազմել ֆորմատին, երկրորդը՝ դարձյալ հայկական կողմի ցանկությամբ չէ, թե այդ ֆորմատում կքննարկվի՞ Ղարաբաղի հարցը, թե ոչ։ Հայկական կողմի ցանկությունը շատ ռացիոնալ է, դրական է, բայց ո՞վ է ասել, որ դրանց հետ որևէ մեկն այս պահին հաշվի է նստում, ավելի ստույգ՝ չասեմ հայկական կողմի, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Հայաստանի սուբյեկտությունն այնքան սահմանափակված է, որ Հայաստանից ոչինչ կախված չէ․ բազմաթիվ ու բազմաշերտ զարգացումներ են տեղի ունենալու։ Ի վերջո ոչ ոք չի կարող ասել, թե «3+3» կստեղծվի, թե «3+3+2» ձևաչափ, որում ներգրավված կլինեն նաև Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը։

– Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին»՝ Փաշինյանը հայտարարեց, որ թեման դեռ 2020թ-ից էր փակ, սակայն Ադրբեջանն ու Թուրքիան մինչ օրս ակտիվորեն բարձրացնում են միջանցքի անհրաժեշտությունը, անգամ գործընթացում որոշակի հաջողություններ են իրենց վերագրում, ըստ էության՝ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կապում են հենց միջանցքի հետ․ ի՞նչ ընթացք կստանան զարգացումները։

– Սա այն հարցն է, որ մշտապես տարընթերցումների տեղիք է տալու։ Հայկական կողմը մշտապես ասելու է, որ ճանապարհ է տվել, իսկ Ալիևը հոխորտալու է, որ Հայաստանից միջանցք է ստացել, այսինքն անկախ կոմունիկացիայի բովանդակությունից և ձևաչափից՝ վստահ եղեք, որ հակառակորդ կողմերից յուրաքանչյուրը մինչև վերջ իրենն է պնդելու։ Իմ կարծիքով՝ ճշմարտությունը մեջտեղում է․ սա դասական իմաստով սովորական ճանապարհ չի լինելու, բայց նաև դասական իմաստով միջանցք չի լինելու, այսինքն միջանկյալ մի բան են գտնելու։ Այնուամենայնիվ, կարծում եմ, Հայաստանի սուվերենիտետն ինչ-որ տարածքի նկատմամբ գոնե մասնակի սահմանափակվելու է։

Մարիամ Ասատրյան

նման նյութեր