Site icon politcom

Դարձս ի շրջանս «Յուրո՞»

Նոյեմբերի 8-ին «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը հանրահավաք է անցկացրել։ Մասնակիցների քանակի մասին տվյալները խիստ հակասական են։ «Դոյչե վելլե»-ի ռուսական ծառայության թղթակիցը հաղորդել է մոտ 12, իսկ տեղական աղբյուրները՝ 3,7 հազար մարդու ներկայության մասին։ Միջոցառմանը, չնայած նախօրեին արված հավաստիացմանը, չի մասնակցել «Պատիվ ունեմ» դաշինքը։
Հաջորդ օրը «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել։ Աչքի է զարնում, որ այդ բավական ծավալուն տեքստում քառասունչորսօրյա պատերազմի սանձազերծման, գործած ռազմական հանցագործությունների եւ շարունակվող հայատյացության ու ռազմատենչ հռետորաբանության համար Ադրբեջանի եւ Թուրքիայի հասցեին քննադատական ոչ մի խոսք, ինչպես նաեւ միջազգային հանրությանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին կամ գոնե դաշնակից Ռուսաստանին հղած որեւէ ուղերձ, անգամ ազդակ չկա։
Դաշինքը հայտարարել է, որ «դիմադրության» շարժում է սկսում ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Արցախում եւ Սփյուռքում։ Սա բավական երկիմաստ ձեւակերպում է։ Եթե շարժման նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հայկական կողմերի համար ոչ նպաստավոր, որեւէ համաձայնագրի ստորագրման կանխումն է, ինչպես մի քանի անգամ շեշտադրված է տեքստում, ապա անհայտ է մնում դրան հասնելու քայլերի հերթականության եւ գործիքակազմի ընտրության հարցը։
Ներհայաստանյան իրողության՝ իշխանությունների հետ «Հայաստան» դաշինքի կոշտ դիմակայության ուղեգծի պրոյեկտումը նաեւ Արցախում եւ Սփյուռքում թույլ է տալիս հետեւություն անել, որ հայտարարության հեղինակները սեփական ուժերով իշխանափոխության հասնելու վստահություն չունեն եւ այդ հարցում հայցում են Արցախի եւ Սփյուռքի աջակցությունը։ (Եթե դա ազգային համախմբման իմիտացիա չէ)։
Իսկ եթե «Հայաստան» դաշինքն իրոք նման առաջնահերթություն է բերում քաղաքական օրակարգ, ուրեմն Արցախում եւ Սփյուռքում արդեն իսկ ունի ազդեցության կենտրոններ կամ՝ այդպիսիք ստեղծելու նպատակադրվածություն։ Դատելով Սփյուռքից հնչող տեսակետներից, արտերկրի հայությունը միասնական չէ Հայաստանի իշխանության գնահատման հարցում։ Նույնը կարելի է ասել Արցախի պարագայում, որտեղ, ճիշտ է, հիասթափություն կա, բայց թե ով է հասցեատերը՝ քաղաքականապես  հստակ ձեւակերպված չէ։
Առկա բարդ իրավիճակում Արցախը ներգրավել «դիմադրության» շարժմանը՝ կնշանակի նախաձեռնել հանրային-քաղաքական բեւեռացում, բացել «պանդորայի արկղը» եւ դնել ներքաղաքական  դիմակայության «բարիկադներ»։ Այս առումով չափազանց մտահոգիչ է «Հայաստան» դաշինքի հայտարարության հենց առաջին պարբերությունը, որտեղ «դիմադրության» շարժումը  հիմնավորվում է Հայաստանի անկախության եւ ԼՂՀ հռչակման հռչակագրերով՝ որպես հայ ժողովրդի միասնական կամքի դրսեւորում։
Դժվար է պատկերացնել, որ տեքստի հեղինակներին անծանոթ է 1992թ․ հունվարի 6-ի՝ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված՝ ԼՂՀ անկախության Հռչակագիրը, որով իրավական ամրագրում են ստացել 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեի եւ նույն ամսի 28-ին անցկացված համապետական ընտրությունների արդյունքները։ Մինչդեռ 1991թ․ սեպտեմբերի  2-ին ԼՂ-ն հռչակվել է որպես հանրապետություն։ Եթե մինչ այդ ինքնավար մարզ էր, ապա այդուհետեւ իրեն վերապահել է հանրապետության կարգի պետական կազմավորման կարգավիճակ՝ ընդսմին բաց թողնելով «հանրապետությունների հետ հարաբերությունների որոշարկման» հարցը։
Կարելի է տպավորություն ունենալ, որ հայտարարության նախաբանում որպես հայ ժողովրդի միասնական կամքի դրսեւորում ընդգծելով ԼՂՀ հռչակման մասին Հռչակագիրը՝ ընդդիմադիր դաշինքն իրավիճակը քաղաքական առումով վերադարձնում է «1991թ․ սեպտեմբերի 2-ին»։ Եթե դրանից հետեւում է, որ «Հայաստան» դաշինքը Նիկոլ Փաշինյան-ՔՊ իշխանության ոչ լեգիտիմությունը տարածում է նաեւ Արցախի ներկայիս պետական-իրավա-քաղաքական համակարգի վրա, ապա մնում է ենթադրել, որ ներքին «դիմադրության» ռեժիմի է կոչում նաեւ արցախահայությանը։
Սոցիալական ցանցերի արցախյան տիրույթում արդեն իսկ արվում են «կրավորական վիճակից դուրս գալու» կոչեր։ Անցած մեկ տարում, շնորհիվ «Ազատ հայրենիք» եւ «Միասնական հայրենիք» խորհրդարանական խմբակցությունների պրագմատիզմի եւ սկզբունքային հարցերում պետականամետ կեցվածքի, հաջողվել է պահպանել ներարցախյան կայունություն եւ ապահովել պետական ինստիտուտների հիմնական գործառույթների իրականացում։ Դա Արցախի սուբյեկտության պահպանման անհրաժեշտ, բայց ոչ լիովին բավարար պայմանն է։ Նոր մարտահրավերը պահանջում է ավելի լայն կոնսոլիդացիա եւ քաղաքական ամուր կամք։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version