Վատիկանը ԼՂ հարցում միջնո՞րդ է

Վատիկանը ԼՂ հարցում միջնո՞րդ է

Ռուսաստան է այցելել Վատիկանի պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Գալաքերը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցը նախատեսված էր անցյալ տարի, բայց «համավարակային իրավիճակով պայմանավորված հետաձգվել է»։ Համաճարակային իրավիճակը Ռուսաստանում անցյալ տարվա համեմատ ոչ միայն չի բարելավվել, այլեւ ավելի վատթար է, ուստի  ճիշտ կլինի ասել, որ Վատիկանը Ռուսաստանի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների հետ երկխոսությունը կապել է միջազգային քաղաքականության հետ։
Այս եզրակացությունը մոտ է թվում իրականությանը, եթե նկատի ունենանք, որ վերջերս Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի հանդիպումը Վատիկանի պատվիրակության հետ, որի կազմում էր նաեւ արքեպիսկոպոս Գալաքերը։ Մոսկվայում Վատիկանի «արտաքին գործերի նախարարն» առաջին հանդիպումն անցկացրել է Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական կապերի պատասխանատու մետրոպոլիտ Իլարիոնի հետ։ ՌՈՒԵ պաշտոնական տեղեկատվությամբ՝ «կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»։
Առաջին հայացքից սա ոչինչ չասող ձեւակերպում է, բայց հարկ է ուշադրություն դարձնել Հռոմի պապի բանագնացի հետագա հանդիպումներին։ Հաջորդիվ նրան ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս բանակցությունների մասին տեղեկատվությունը համեմատաբար «բաց է»։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ կողմերի քննարկել են իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ Լեռնային Ղարաբաղում։ Բանակցությունների ավարտին արքեպիսկոպոս Գալաքերը եւ արտգործնախարար Լավրովը շփվել են մամուլի ներկայացուցիչների հետ։
Ըստ պաշտոնական տեղեկատվության, այդ ընթացքում ԼՂ-ին վերաբերող հարց չի բարձրացվել։ Փոխարենը շոշափվել է քրդական թեման։ Հայկական որոշ լրատվամիջոցներ ՌԴ արտգործնախարարի պատասխանում Թուրքիային «սատարելու» երանգ են արձանագրել՝ այդ մոտեցումը զուգահեռելով ԼՂ հարցում Ռուսաստանի «պաշտոնական դիրքորոշմանը»։ Լավրովն, իրոք, Սիրիայի քրդերին զգուշացրել է տուրք չտալ ամերիկյան կողմի ազդակներին, չծավալել անջատողական շարժում, որը կարող է ընդգրկել նաեւ սահմանակից երկրները։
Այս փուլում, սակայն, առավել հետաքրքրական է, որ Վատիկանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Դրանից վստահաբար կարելի է եզրակացնել, որ խնդիրը քննարկվել է նաեւ ՌՈՒԵ արտաքին կապերի պատասխանատու մետրոպոլիտ Իլարիոնի հետ արքեպիսկոպոս Գալաքերի հանդիպմանը։ Վատիկանի բանագնացը Մոսկվա է այցելել Վատիկանում Հռոմի պապի հետ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ․-ի հանդիպումից, ՌՈՒԵ Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջեւ բանակցություններից հետո։ Իսկ դրանք չեն շրջանցել Լեռնային Ղարաբաղի հարցը։
Պետք է նկատի ունենալ նաեւ, որ արքեպիսկոպոս Գալաքերի Մոսկվա այցելությունից կարճ ժամանակ առաջ Երեւանում բացվել է Վատիկանի նվիրակի նստավայրը, այսպես ասած՝ Սուրբ աթոռի դեսպանատունը, իսկ ավելի վաղ ՌՈՒԵ-ն կազմավորել է Երեւանի եւ Հայաստանի թեմ։ Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսը համաձայնություն է տվել Վատիկանում դեսպանատուն բացելու կառավարության նախաձեռնությանը։ Ներկայումս Սուրբ աթոռի հետ Ադրբեջանը հարաբերություններ է պահպանում Փարիզում դեսպանատան միջոցով։
Միջազգային քաղաքականության հարցերում Վատիկանի ոչ հրապարակային, բայց բավական ազդեցիկ ներկայությունը հայտնի իրողություն է։ Դրանում կասկածի տեղ չի թողնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ արքեպիսկոպոս Գալաքերը եւ արտգործնախարար Լավրովը շոշափել են նաեւ միջուկային զենքի տարածումը կանխելու եւ կիբերանվտանգության հետ կապված հարցեր։ Այս իմաստով նույն ձեւաչափում ԼՂ խնդրին անդրադարձը ստանում է առանձնահատուկ կարեւորություն։
Ակնհայտ է, որ Արցախում հայ պատմա-մշակութային եւ հոգեւոր ժառանգության պահպանումը գերխնդիր է։ Ադրբեջանը էքսպանսիա է նախաձեռնել՝ կազմավորելով «ուդի-աղվանական քրիստոնյա համայնք» կառույցը, որի ղեկավար Մոբելին անցյալ շաբաթ ոչ կանոնական ծիսակատարություններ է կատարել Հադրութի շրջանի եկեղեցիներից մեկում։ Այդ «համայնքի օրինականացման» հարցով Ադրբեջանը բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի հետ, բայց ամենայն հավանականությամբ՝ ապարդյուն։
Հայ հանրությունը որոշակի անհանգստություն ունի, որ Ադրբեջանը կարող է «ուդի-աղվանական եկեղեցու» խնդիրը քննարկել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքարանի հետ։ Այդ հավանականությունը բացառել չի կարելի։ Բայց Պատրիարք Կիրիլը նույնիսկ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի կրոնական ինքնությունը չի ճանաչել, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ՌՈՒԵ կողմից համարվել եւ համարվում են Վրաց ուղղափառ եկեղեցու կանոնական տարածք։
Վատիկանի «արտաքին գործերի նախարարի» մոսկովյան այցի արարողակարգային այցն ավարտվել է ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպմամբ։ Սա արդեն ՌԴ-Վատիկան հարաբերություններում աննախադեպ շփում է, որի մասին, ցավոք, տեղեկատվությունը դարձյալ չափազանց սուղ է։ Փորձագիտական որոշ աղբյուրներ միայն ենթադրում են, որ Վատիկանի եւ ՌՈՒԵ միջեւ Մերձավոր Արեւելքի քրիստոնեական ժառանգության եւ քրիստոնյա համայնքների նկատմամբ «վերահսկողության» հարցում «ուժեղ մրցակցություն է ծավալվել»։ Արդյոք դա կպրոյեկտվի նաեւ Հարավային Կովկասու՞մ, թե կողմերը կգտնեն համագործակցության ընդհանուր դա՞շտ։
Regnum-ի հոգեւոր-մշակութային հարցերով մեկնաբանը կարծում է, որ Վատիկանի բանագնացի Մոսկվա այցը կայացել է հունիսին Ժնեւում Պուտին-Բայդեն բանակցությունների համատեքստում։ Կրեմլում չեն բացառել, որ մինչեւ տարեվերջ հնարավոր է ՌԴ-ԱՄՆ բարձր մակարդակի նոր հանդիպում։ Արքեպիսկոպոս Գալաքերն, ինչպես ասվեց, վերջերս ներկա է գտնվել Սպիտակ տանը Միացյալ Նահանգների եւ Վատիկանի պատվիրակության հանդիպմանը։

նման նյութեր