Այլ հնարավորություն չենք ունենալու

Վարչապետ Փաշինյանի եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ քննարկվում է  Սյունիքում Ադրբեջան-Նախիջեւան-Թուրքիա երկու «ճանապարհի»  հնարավորությունը․ հարավում՝  երկաթուղային, հյուսիսում՝ ավտոմոբիլային։ Վաղնջական ժամանակներից  կոմունիկացիաներն ունեն ոչ այնքան տնտեսական, որքան՝ ռազմա-քաղաքական նշանակություն։ Դեպի Նախիջեւան եւ Թուրքիա երկու «ճանապարհի» տրամադրումը փաստացի Սյունիքը ենթակառուցվածքային «աքցանի մեջ առնել» է նշանակում։
«Փոխհատուցումը», որ առաջարկվում է՝ Իջեւանով կամ Բերդով անցում Ադրբեջան՝ դեպի Ռուսաստան ելքի հնարավորությամբ կամ Խնձորեսկով՝ Հորադիզ, ապա՝ Բաքու-Ղուբա մայրուղով՝ Դաղստան-Ռոստով, որտեղից տրանսպորտային մի քանի երակներ են ճյուղավորվում, Հայաստանի համար որեւէ տնտեսական, առավել եւս՝ քաղաքական եւ անվտանգային շահ չի ապահովում։ Վրաստանով բեռնա-ուղեւորափոխադրումներ ավելի քան երեսուն տարի է՝ իրականացվում են։ Վրաստանը նոր ճանապարհ  է կառուցում, որի ավարտից հետո Լարսի խնդիրը գործնականում կվերանա։
Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան  տեսանելի ապագայում ուղեւորների շարժ հնարավոր չէ։ Համենայն դեպս՝ ավտոտրանսպորտային միջոցներով։ Ոչ ոք այդ երթուղով չի ճամփորդի, իսկ բեռնափոխադրումները, եթե դրանք մեծ ծավալի հասնեն, կարելի կլինի իրականացնել երկաթուղով։ Դա ավելի երաշխավորված կլինի  այնքանով, որ հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման են հանձնված Ռուսաստանին։ Բեռնափոխադրողը փաստացի Ռուսաստանը կլինի։
Այս նկատառումով Սյունիքի հյուսիսում Ադրբեջանին ավտոմոբիլային հաղորդակցություն տալ, իսկ փոխարենը գործնականում ոչինչ չստանալ, որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում բոլոր առումներով։ Չխոսած այն մասին, որ այդ դեպքում Թուրքիա-Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային ուղեւորա-բեռնափոխադրումների մեծ մասն ուղղորդվելու է այդ ճանապարհի վրա, ինչը զգալիորեն թուլացնելու է Վրաստանի տրանզիտային նշանակությունը։ Դա չի կարող բացասաբար չազդել հայ-վրացական հարաբերություններին։ Այդ երթուղու վրա կամ մերձակա համայնքների հայ բնակչության վրա հոգեբանական ներգործությունը «դեռ կարելի է անտեսել»։
Եթե Ադրբեջանն իր տարածքով Ռուսաստանին ավտոմոբիլային «միջանցք» է տրամադրում դեպի Հայաստան եւ Թուրքիա՝ դա Բաքվի եւ Մոսկվայի միջեւ քննարկումների հարց է։ Հայաստանը, բնականաբար, չի խոչընդոտի, որ իր տարածքով Ռուսաստանը դեպի Թուրքիա բեռնափոխադրումներ իրականացնի կամ ռուս զբոսաշրջիկներն ընտրեն Անթալիա հանգստի մեկնելու էկզոտիկ ճանապարհ։ Դա Հայաստանի համար շահեկան կլինի այնքանով, որ ռուսները որոշակի գումար էլ Հայաստանում կծախսեն։ Բայց ի՞նչ կապ ունի Ռուսաստան-Թուրքիա «միջանցքը» հայ-ադրբեջանական խնդիրների հետ։
Բանակցություններում, աշխատանքային քննարկումներում Հայաստանը պետք է առաջնորդվի բացառապես իր եւ Արցախի գերակա շահերով։ Հայկական որոշ շրջանակներ, ցավոք, ստանձնել են Ալիեւի «փաստաբանի առաքելություն» եւ պնդում են, որ եթե Ադրբեջանը Սյունիքում «միջանցք չստանա, ապա օրակարգ կբերի Լաչինի հարցը»։
Ինչպե՞ս։ Լաչինի միջանցքը միջազգայնորեն ճանաչված է, այդ իրողությունը տեղ է գտել անգամ նոյեմբերի 9/10-ի «կապիտուլյացիայի» փաստաթղթում։ Այնտեղ սեւով սպիտակին գրված է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին, եւ ռուս խաղաղապահները տեղաբաշխվում են դրա ամբողջ երկայնքով։ Այդ փաստաթղթի տակ ստորագրել է նաեւ Իլհամ Ալիեւը։ Ընդ որում՝ մեծագույն հաճույքով, ցնծությամբ։
Բայց չափազանց կարեւոր է նաեւ մի նրբություն․ երբ 2000-ականների սկզբին բանակցվում էր «սուվերեն միջանցքների փոխանակման» տարբերակը, սեղանին էր նաեւ նախկին ԼՂԻՄ-ի եւ Լաչինի միջանցքի տարածքով  Արցախը Հայաստանին միավորելու հակակշիռը։ Այսինքն, «միջանցքների» կարգավիճակը նույնացվում էր Նախիջեւանի առկա եւ Արցախի հավանական կարգավիճակին։ Այսօր կամ Ալիեւը պետք է ընդունի, որ Արցախը Հայաստանի պրոտեկտորատի տակ էքսկլավ է, ինչպես Նախիջեւանը՝ Ադրբեջանի, կամ Լաչինի եւ իր երազած «Զանգեզուրի միջանցքի» հավասարազորության մասին խոսք լինել չի կարող։
Ալիեւն, իհարկե, հազիվ թե Արցախը ճանաչի Հայաստան։ Մնում է մի հնարավորություն․ Սյունիքով կամ Հայաստանի որեւէ այլ տարածքով Ադրբեջանը կարող է Նախիջեւանի-Թուրքիայի հետ ճանապարհ ունենալ, այն էլ՝ հայկական սուվերեն վերահսկողությամբ, եթե․
-ապառազմականացնի Նախիջեւանի ամբողջ տարածքը
-հեռանա Սեւ լճի եւ Գեղարքունիքի որոշ հատվածներից, ապառազմականացնի հայ-ադրբեջանական սահմանը
-զորքերը հեռացնի Արցախի օկուպացրած տարածքներից, այդ թվում ու, թերեւս, առաջին հերթին՝ Շուշիից  եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ հաստատվի նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմաններով։
Ընդսմին, հայկական կողմերը, անկախ այն բանից՝ Արցախը ֆորմալ ներգրավված է քննարկումներում, թե՝ ոչ, պետք է օրակարգ բերեն Ստեփանակերտ-Երեւան երկաթուղային կապի, դեպի Իրան ելքի եւ Արցախում օդանավակայանի գործարկման հարցերը։ Հասկանալի է, որ սա դժվար օրակարգ է, բայց այլ հնարավորություն մենք  հազիվ թե ունենանք։ Ի վերջո, ստեղծված իրավիճակում նախաձեռնողականությունը շատ ավելի արդյունավետ կարող է լինել, քան՝ կատարվելիքի մասին ընդդիմության սեւ գուշակություններն են կամ իշխանության անհոգ հաշտվողականությունը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր