Site icon politcom

Իրանը «դասավորվում է» թուրքական աշխարհու՞մ

Բրիտանական The Spectator պարբերականը, ինչպես փոխանցել է inosmi.ru-ն, դիտարկել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում Թուրքիայի նոր ռազմական գործողության հավանականությունը։ Նման ծրագրի պատրաստության մասին հոկտեմբերի սկզբներին հայտարարել էր Էրդողանը։ Ֆորմալ առիթն այդ շրջանում երկու թուրք ոստիկանի սպանությունը եւ մի քանիսի վիրավորում ստանալն էր։ Թուրքիան, սակայն, առայսօր գործնական քայլի չի դիմել։ Ինչպես բրիտանական լրատվամիջոցին ասել է Սիրիայում քրդական զինված դիմադրության ղեկավարներից մեկը՝ Էրդողանը «չի գնա հարձակման, եթե չունենա ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի համաձայնությունը»։
Սիրիական Իդլիբ եւ Աֆրին քաղաքների շուրջ թուրքական «անվտանգության գոտին», ինչպես գտնում են տեղաշրջանին քաջածանոթ դիտորդները, ստեղծվել է ռուս-թուրքական եւ թուրք-ամերիկյան, ենթադրաբար՝ նաեւ ռուս-ամերիկյան համաձայնությամբ։ Սիրիայի այդ շրջաններում գործում են նաեւ Իրանի հովանավորությունը վայելող զինված խմբավորումներ։ Անցած երկու ամիսներին Թուրքիայի նախագահը երկու կարեւորագույն հանդիպում է ունեցել․ Սոչիում՝ ՌԴ, Հռոմում՝ ԱՄՆ նախագահի հետ։ Երկու դեպքում էլ, երեւում է, Սիրիայի հյուսիսի եւ քրդական հարցում նա սկզբունքային ձեռքբերում չի ունեցել։
Նոյեմբերի 15-ին Թեհրան է այցելել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն։ Նա բանակցություններ է վարել իրանցի պաշտոնակից Անդոլահիանի հետ, որից հետո մամուլին հայտնի է դարձել, որ նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի այցը Իրան։ Առավել ուշագրավ է, որ Չավուշօղլուին ընդունել է նաեւ Իրանի նախագահ Ռեիսին։ Այդ առթիվ Irna լրատվական գործակալության տարածած պաշտոնական հաղորդագրությունից կարելի է առանձնացնել երկու շեշտադրում։
Իրանի նախագահը Թուրքիայի արտգործնախարարին ասել է, որ եկել է երկու երկրների միջեւ հարաբերությունները «ներկա վիճակից համակողմանի դարձնելու եւ տարածաշրջանայինից միջազգային համագործակցության անցնելու ժամանակը»։ Իրան-Ադրբեջան սահմանային լարվածության ամենաբուռն շրջանում մեր կողմից կանխատեսվել էր, որ կողմերը կարող են տեսանելի ապագայում հաղթահարել տարաձայնությունները եւ սերտ դաշնակցել։ Այդ ենթադրության համար հիմք էր ծառայել ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակում թուրք-իրանական մերձեցման գրեթե անխուսափելիությունը։
Մեզ համար այս իմաստով հետաքրքրություն է ներկայացնում Իրանի նախագահի երկրորդ միտքը, որ «տարածաշրջանում չպետք է լինեն օտար ուժեր»։ Ռեիսին բերել է Աֆղանստանում ԱՄՆ-ի քսանամյա ներկայության օրինակը։ Սա հնարավոր է դիտարկել իբրեւ այլախոսություն։ Իրանը խիստ մտահոգ է Ադրբեջանում իսրայելական ռազմա- լրտեսական ներկայությամբ։ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները գրեթե ճգնաժամային են, Ադրբեջանում Թուրքիայի ազդեցությունը՝ հսկայական։ Չի բացառված, որ Իրանի նախագահը հենց այդ իրողությունն է ակնարկել՝ Թուրքիային հորդորելով ազդել, որպեսզի Ադրբեջանը սահմանափակի Իսրայելի հետ ռազմա-տեխնոլոգիական համագործակցությունը։
Եթե գործ ունենք իրանական կողմի նման նախաձեռնողականության հետ, ինչի դիմաց, հավանական է, Թեհրանը Սիրիայում ձեռնպահ մնա Անկարային ուղղակի հակազդող քայլերից, ապա Ադրբեջանը կարող է հայտնվել արտաքին քաղաքական «եղանի մեջ»։ Ալիեւը չի կարող դեմ գնալ Թուրքիային, բայց հրաժարվել Իսրայելի հետ սպառազինությունների ձեռքբերման եւ տեխնոլոգիաների ներդրման նոր գործարքից, կնշանակի ամբողջովին ընկնել Ռուսաստանի հայեցողության տակ։ Ռուսաստան-Բելառուս նոր մակարդակի ռազմական համագործակցությունը շատ որոշակիորեն կասկածելի է դարձնում Բաքու-Մինսկ՝ Մոսկվայի շրջանցմամբ, համաձայնությունների կնքումը։
Զուգահեռաբար աշխուժացել են Բաքու-Թեհրան դիվանագիտական շփումները։ Իրանը քառասունչորսօրյա պատերազմի տարելիցին շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիեւին։ Իրանը նաեւ հայտարարել է, որ աջակցում է հարավկովկասյան 3+3 պլատֆորմին, որը թուրք-ադրբեջանական նախաձեռնություն է։ Թուրքիայի եւ Իրանի համագործակցությունը ներկա՝ տարածաշրջանայինից, միջազգայինի հասցնելու մասին նախագահ Ռեիսիի անոնսը, թերեւս, նաեւ դրան է վերաբերում՝ նկատի ունենալով, որ ներգրավված կողմեր են ենթադրվում նաեւ Ռուսաստանը եւ Վրաստանը։
Ավելի մեծ է թվում «Աստանայի ձեւաչափը» վերագործարկելու նախաձեռնությունը։ Դա սիրիական կարգավորման ռուս-թուրք-իրանական համաձայնություն է, որ ներկայումս գրեթե դադարել է։ Փորձագիտական հեղինակավոր աղբյուրների տպավորությամբ՝ Ռուսաստանը ձգտում է Սիրիայի, Հարավային Կովկասի եւ առհասարակ միջազգային քաղաքականության բոլոր հարցերում համաձայնությունների հասնել «բարձրագույն լիգայում»՝ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ։
Բայց դա առայժմ տեսական հնարավորություն է։ Տեղեկություններ են շրջանառվել, որ մինչեւ տարեվերջ տեղի կունենա ՌԴ եւ ԱՄՆ նախագահների տեսակապով գագաթաժողով, իսկ եկող տարեսկզբին նրանք կանցկացնեն առկա հանդիպում։ Եթե դիվանագիտական այդ ջանքերը հաջողությամբ չպսակվեն, ապա, ըստ երեւույթին, միջազգային քաղաքականությունը մտնելու է «տարածաշրջանային դաշինքների» ձեւավորման փուլ։ Թուրքիա-Իրան-Ադրբեջան կամ, պայմանականորեն ասած՝ «Իրան-Թուրան» ալյանսը կարող է դրանցից մեկը լինել՝ ուղղակիորեն ազդելով մեր տարածաշրջանում հավանական լուծումների կամ չբացառելի լարվածությունների վրա։

Զուգահեռաբար աշխուժացել են Բաքու-Թեհրան դիվանագիտական շփումները։ Իրանը քառասունչորսօրյա պատերազմի տարելիցին շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիեւին։ Իրանը նաեւ հայտարարել է, որ աջակցում է հարավկովկասյան 3+3 պլատֆորմին, որը թուրք-ադրբեջանական նախաձեռնություն է։ Թուրքիայի եւ Իրանի համագործակցությունը ներկա՝ տարածաշրջանայինից, միջազգայինի հասցնելու մասին նախագահ Ռեիսիի անոնսը, թերեւս, նաեւ դրան է վերաբերում՝ նկատի ունենալով, որ ներգրավված կողմեր են ենթադրվում նաեւ Ռուսաստանը եւ Վրաստանը։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version