«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Սուրեն Սուրենյանցը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Սուրեն Սուրենյանցը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Հայաստանի սահմանային իրավիճակը, ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է

– Ամբողջական գնահատական տալու համար տեղեկությունները սահմանափակ են, բայց մյուս կողմից՝ քիչ առաջ կատարած նշանակմամբ Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն հաստատեց այն տեղեկությունները, որ երեկ ադրբեջանական կողմը որոշակի առաջխաղացում է ունեցել, այսինքն՝ սահմանային խնդիրներ ունենք:

Սա հաստատվեց Փաշինյանի շատ տարօրինակ կադրային որոշմամբ՝ իհարկե, Արշակ Կարապետյանը միայն փիարի մասին մտածող նախարար էր ու վաղուց պետք է պաշտոնանկ արված լիներ, խնդիրը դա չէ: Բայց շատ տարօրինակ է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվեց Սուրեն Պապիկյանը, որը բանակաշինության, ռազմական ոլորտից տասնյակ կիլոմետրերով հեռու անձնավորություն է:

– Իսկ այս նշանակմամբ սահմանային խնդիրները ու, առհասարակ, ոլորտում առկա խնդիրները կլուծվե՞ն:

– Իհարկե ո՛չ: Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ցուգցվանգի մեջ է և նույնիսկ անկանոն կադրային նշանակումներ է անում՝ փորձելով վերահսկելի պահել իրավիճակը: Ակնհայտ է, որ նրա քաղաքականության հետևանքով Հայաստանի սուբյեկտայնությունն այնպիսի մասշտաբային անկում է ապրել, որ, ըստ էության, Ադրբեջանը կա՛մ բանակցային սեղանի շուրջ ճնշում գործադրելով, կա՛մ ռազմական ճանապարհով կարողանում է լուծել այն նպատակները, որոնք հետապնդում է, որովհետև Սյունիքում արդեն մի քանի անցակետեր են տեղադրվել Ադրբեջանի կողմից:

Մի կողմ թողնենք, որ որոշ տարածքներ վիճելի են համարվում, բայց եթե դեմարկացիա, դելիմիտացիա տեղի չեն ունեցել, շատ տարօրինակ է, որ հայկական կողմի թողտվությամբ Ադրբեջանը տեղադրում է մաքսակետեր, ու սա դեռ քիչ չէ՝ հայկական մի շարք գյուղեր՝ Ճակատեն, Բարձրավան, Շուռնուխ, Որոտան, ըստ էության, արտաքին աշխարհից կտրվում են ու հայտնվում անկլավի կարգավիճակում՝ դրանից բխող տխուր հետևանքներով:

– Ոմանք նշում են, որ Ադրբեջանի կողմից օր օրի ավելացող անցակետերը Հայաստանի տարածքում նշանակում են, որ տեղի է ունենում սահմանազատման ու սահմանագծման աշխատանք: Համակարծի՞ք եք, պարո՛ն Սուրենյանց:

– Սահմանազատում ու սահմանագծում դեռևս տեղի չեն ունեցել, հետևաբար այն, ինչ անում է Ադրբեջանը, անում է կա՛մ Հայաստանի իշխանության չգոյության հետևանքով, կա՛մ այդ գոյություն չունեցող իշխանության հետ պայմանավորվածության հետևանքով: Երրորդ տարբերակ չկա:

Երկու տարբերակի դեպքում էլ գործող իշխանությունը ցույց է տալիս իր ապաշնորհ էությունը, ու նման իշխանության պարագայում ակնկալել, որ բանակցային գործընթացում կամ դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացում կարող ենք առաջընթաց ունենալ՝ ուղղակի ծիծաղելի է:

– Ի՞նչ ակնկալել, հնարավո՞ր է իշխանությունը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, քանի որ ադրբեջանական զորքերն արդեն հարձակվում են ՀՀ սահմանների վրա:

– Գործող իշխանության մեղքով Հայաստանի սուբյեկտայնությունն այնպիսի անկում է ապրել, որ Հայաստանի իշխանությունն առանց Մոսկվայի համաձայնության որևէ ինքնուրույն քայլ անել չի կարողանում: Երբ ճգնաժամ է լինում, մերոնք առավելագույնը դիմում են ռուսական կողմի օգնությանը ու փորձում այդ հարցը լուծել, բայց նույնիսկ այս հարցում առանձնապես մեծ հաջողությունների չեն կարողանում հասնել:

Գործող իշխանությունը, իմ խորին համոզմամբ, կադրային, քաղաքական այնպիսի սնանկ վիճակում է, որ նրանից որևէ արդյունավետ լուծում ակնկալելը, մեղմ ասած, լուրջ չէ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

նման նյութեր