Բայդեն-Սի Ծինփին գագաթաժողով․ աշխարհաքաղաքական միջավայրի փոփոխությու՞ն

Կայացել է ԱՄՆ-ի եւ Չինաստանի նախագահների տեսակապային գագաթաժողովը։ Այն տեւել է երեք ժամ, ընթացել նախագահների ավագ օգնականների դարձյալ հեռավար մասնակցությամբ։ ԱՄՆ-Չինաստան բարձր մակարդակի բանակցությունների հավանականությունը քննարկվում էր տեւական ժամանակ։ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնամուտի արարողության ելույթում Բայդենը գլխավոր մրցակից է հայտարարել Չինաստանին, ինչին հաջորդել էր ամերիկյան քաղաքագիտության «նահապետ» Քիսինջերի զգուշացումը, որ ԱՄՆ-ը պետք է ամեն ինչ անի, որպեսզի չձեւավորվի ռուս-չինական ռազմավարական դաշինք։
Ըստ երեւույթին, Չինաստանն էլ իր կողմից վերապահումներ ունի։ Թերեւս այդ պատճառով է, որ դիվանագիտական հարաբերությունների հոբելյանական տարեդարձի առթիվ ռուս-չինական ռազմավարական համագործակցության համաձայնագիր չստորագրվեց, թեեւ ակնկալիքները հատկապես ռուսական փորձագետների մոտ բավական մեծ էին։ Այս առումով Բայդեն-Սի Ծինփին բանակցությունները, հավանաբար, Ռուսաստանի համար ազդանշանային են, թեեւ տեւական քննարկումները որեւէ հստակ պայմանավորվածություններ չեն արձանագրել։
Ռուսաստանի Բարձրագույն տնտեսական դպրոցի պրոֆեսոր Լուկինի կարծիքով, որ նա փոխանցել է «Նեզավիասիմայա գազետա»-ին, այդ բանակցությունների կարեւորությունը «հենց բանակցություններն են»։ Այսինքն՝ եթե կողմերը բարձր մակարդակով տեւական քննարկումներ են ունենում, ապա դրանից պետք է եզրակացնել, որ գործնական խնդիրները բանակցվում են այսպես ասած՝ «աշխատանքային ռեժիմում»։ Իսկ դա նշանակում է, որ սկզբունքային՝ առճակատումից խուսափելու, հարցում երկկողմ պատրաստակամություն կա։
Բայդեն-Սի Ծինփին տեսախորհրդաժողովի զգայուն պահերը, որքանով կարելի է դիտարկել մամուլի հրապարակումներից, երկուսն են։ ԱՄՆ նախագահը, չհիշատակելով Թայվանը, չին պաշտոնակցին հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները «միակ օրինական իշխանություն շարունակում է ճանաչել Չինաստանի ժողովրդական հանրապետությունը»։- Բանակցություններից մի քանի օր առաջ Չինաստանի առաջնորդը հայտարարել էր, որ կդիմի «ծայրահեղ միջոցների, եթե Միացյալ Նահանգները Թայվանին ռազմական օգնություն ցուցաբերի»։ ՉԺՀ-ն որպես միակ օրինական իշխանություն ճանաչելու՝ ԱՄՆ նախագահի հավաստիացումը բոլոր հարցականները չի հանում, բայց Պեկինի համար չափազանց կարեւոր նշանակություն ունի։
Իր հերթին Սին Ծիփինը վստահեցրել է, որ Չինաստանը «ոչ ոքի չի պարտադրում իր ընտրությունը»։ The National Interest-ի մեկնաբանը, ինչպես թարգմանաբար փոխանցում է inosmi.ru կայքը, դիտել է տալիս, որ Չինաստանի առաջնորդը «նահանջել է երկրի կառավարող՝ կոմունիստական կուսակցական ԿԿ վերջին համաժողովի որոշումից, որտեղ ասված է, որ Չինաստանը ճանապարհ է առաջարկում տարածաշրջանի երկրներին»։ Հարավ-արեւելյան Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռազմա-տնտեսական դաշնակիցներ ունի նաեւ ԱՄՆ-ը։ Փաստացի Սի Ծինփինը Բայդենին վստահեցրել է, որ հակաամերիկյան դաշինք կազմավորելու աշխարհաքաղաքական նախագիծ Չինաստանը չունի։
Արձանագրվածը, հարկավ, ընդամենը դիվանագիտական նրբասացություններ են։ Գործնականում, ինչպես կարծում է պրոֆեսոր Լուկինը, ԱՄՆ-ը եւ Չինաստանը նախընթաց ավելի քան երկու տասնամյակներին հասել են տնտեսական համագործակցության մի մակարդակի, որ թույլ չի տալիս գնալ խզման կամ դիմակայության։ Դա կողմերից յուրաքանչյուրի համար ցավոտ կլինի։ Թե խոսքն ինչ ինտեգրացիայի մասին է՝ կարող են դատել համաշխարհային տնտեսությունից տեղյակ մասնագետները։
Մեզ համար առավել օրախնդիր է գործընթացի տրամաբանության դիտարկումը։ Այն է՝ Բայդեն-Սի Ծինփին տեսախորհրդաժողովին կհաջորդի՞ Պուտին-Բայդեն հեռավար բանակցություն՝ ինչպես նկատել են տալիս ռուսական փորձագիտական շրջանակները, թե Չինաստանի հետ առճակատումից խուսափելու վերաբերյալ պայմանավորվածությունը Միացյալ Նահանգներին կմղի Ռուսաստանին «անտեսելու» գայթակղությա՞ն։
Եթե Արեւելքում «էքզիստենցիալ ճգնաժամի» օբյեկտ դիտարկվում է Թայվանը, ապա Արեւմուտքում դա Ուկրաինան է։ Մի քանի օր առաջ Ռուսաստանի նախագահը Դոնբասի անջատված շրջանների տնտեսության աջակցության ծրագիր է հրամանագրել։ Փաստացի Դոնբասի ոչ ուկրաինական վերահսկողության շրջանի տնտեսությունն ինտեգրվում է ռուսականին։ Մեկ ամիս առաջ, երբ Մոսկվա էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդը, մամուլում տեղեկություն հայտնվեց, որ կողմերը Դոնբասի անջատված շրջաններում 10 միլիարդ հիմնադիր կապիտալով համատեղ բանկ ստեղծելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
Որքանո՞վ է այս տեղեկությունը մոտ ռուս-ամերիկյան իրական հարաբերությունների մասին ճշմարտությանը։ Հնարավո՞ր են ռուս-ամերիկյան այլ պայմանավորվածություններ եւս։ Մեզ համար սրանք չափազանց կարեւոր նշանակություն ունեն։ Հայ-ադրբեջանական, ԼՂ կարգավորման հարցերում ի՞նչ ռեսուսներ կարող են բացահայտվել կամ ընդհակառակը՝ «մարված խաղաքարտի»  վերածվել։ Չին-ամերիկյան «ձնհալը» Թուրքիայի համար դեպի Կենտրոնական Ասիա հնարավորությու՞ն է, թե՞՝ խոչընդոտ։ Ռուսաստանը կհամագործակցի՞ «Թուրքական աշխարհի» հետ, թե կգերադասի մեծ պայմանավորվածության գնալ ԱՄՆ-ի հե՞տ։ ԱՄՆ-ը կցանկանա՞ Ռուսաստանին եվրասիականությունից ուղղորդել դեպի եվրաատլանտյան բեւեռի հետ համագործակցություն։ Այս հարցերի շուրջ քիչ, թե շատ հավաստիությամբ դատողություններ հնարավոր են միայն Պուտին-Բայդեն հեռավար բանակցություններից կամ դրանք չեղարկելու մասին պաշտոնական տեղեկատվության տիրապետելուց հետո։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր