Տարածաշրջանում դիրքավորումներ են․ Հայաստանը սեղմեց հնարավորության շրջանակը

Տարածաշրջանում դիրքավորումներ են․ Հայաստանը սեղմեց հնարավորության շրջանակը
ՌԴ արտգործնախարար Լավրովը հրաժարվել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի պաշտոնակիցների հետ Ուկրաինայի հարցով բանակցություններից։ Դա տեղի է ունեցել Դոնբասի անջատված շրջանների տնտեսության մասին ՌԴ նախագահի հրամանագիրը հրապարակելուց հետո։ Regnum գործակալության գլխավոր խմբագիր, պետական խորհրդական Մոդեստ Կոլերովն այդ առթիվ ասել է, որ «Վլադիմիր Պուտինը 99 տոկոսով ճանաչել է Դոնբասի անկախությունը»։
Իրավիճակի շուրջ հատուկ հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախկին արտգործնախարար Կլիմկինը։ Նրա գնահատմամբ՝ երկիրը «մի քայլ է միայն հեռու Դոնբասի վերջնական կորստից»։ Ըստ Կլիմկինի, Ռուսաստանը «հյուսիսային, արեւմտյան եւ հարավային ուղղությամբ Ուկրաինայի սահմաններին կենտրոնացրել է 114 հազար զինվորականներ, մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկա, հրթիռա-հրետանային կայանքներ»։ Ռուսաստանը Բելառուսի օդային տարածքում օգտագործում է ՏՈՒ -160 ռազմավարական ռմբակոծիչներ։
Լարվածությունը մեծանում է նաեւ Սեւ ծովում, որտեղ վերջերս ամերիկյան ռազմանավեր են հայտնվել։ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարել է, որ ռուսական կողմից դրանք «գտնվում են հեռադիտական դիտարկման տիրույթում»։ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը կրկին հաստատել է, որ նախապատրաստվում է Պուտին-Բայդեն տեսակոնֆերանս, որի օրակարգը հայտնի է՝ Ուկրաինա, ՆԱՏՕ-ի դեպի արեւելք ծավալում։ Հստակ չէ բանակցությունների օրը, քննարկումներ ընթանում են մի քանի աշխատանքային խմբերի ձեւաչափով։
Բրիտանական «Ֆայնեյնշլ թայմսը» հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, փոխպետքարտուղարի նախկին օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հոդվածը, որտեղ նա Ուկրաինայի շուրջ իրավիճակը համեմատում է 2008թ․ Վրաստանի հետ։ Բրայզան հիշում է, որ այն ժամանակ ռուս մի դիվանագետ իրեն ասել է, թե Ռուսաստանը «չի պատրաստվում ամերիկացիների հետ քննարկել Վրաստանի հարցը»։ Նախկին դիվանագետը նկատել է տալիս, որ այդ խոսակցությունից «մի քանի շաբաթ անց Ռուսաստանը ներխուժեց Վրաստան»։
Մեթյու Բրայզան ներկայումս փորձագիտական աշխատանք է կատարում՝ մշտապես բնակվելով Ստամբուլում։ Վրաստանի հիշատակումը բոլորովին էլ պատահական չէ։ Վրաստանի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքի փոփոխություն է նկատվում։ Ավելի վաղ մեր կողմից կանխատեսվել էր, որ Սաակաշվիլին Թբիլիսի է գործուղվել, որպեսզի իրավիճակի ազատականացմամբ հասնի նոր ընտրությունների նշանակման։ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը տպավորություն ունեն, որ «կորցնում են Վրաստանը»։
Այս տեսակետից չափազանց կարեւոր տեղեկություն է հրապարակել վրացական Tabula կայքը․ ընթացիկ տարվա անցած ամիսների կտրվածքով Վրաստանը ներմուծել է 8,4 միլիոն կիլովատ էլեկտրաէներգիա, որից 8,27-ը կամ ամբողջի 98 տոկոսը՝ միայն Ռուսաստանից, իսկ մնացած 2 տոկոսը՝ Ադրբեջանից։ ԽՍՀՄ փլուզումից ի վեր սա Վրաստանի համար աննախադեպ է։ Նախկինում Վրաստանը մեծածավալ ներկրումներ էր անում Թուրքիայից, Ադրբեջանից, մասնակիորեն՝ նաեւ Հայաստանից։ Ակնհայտ է, որ Ռուսաստանից նման ծավալի էլեկտրաէներգիայի ներկրումը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական որոշման տիրույթում է։
Ֆորմալ առումով Վրաստանը չի հրաժարվել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը մաս կազմելու ուղեգծից, բայց Ուկրաինայի օրինակը չափազանց խոսուն է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլստենբերգը հայտարարել է, որ ալյանսին Ուկրաինայի ներգրավման «հարցում կոնսենսուս չկա»։ Վրաստանի դեպքում՝ առավել եւս։ Վրաստանին որեւէ առարկայական բոնուս չի տալիս նաեւ Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը։ Եվրոպական քաղաքականությունն այս հարցում չոր-միանշանակ է՝ կամ ինտերգրվում են Արեւելյան գործընկերության անդամ բոլորը, կամ Ռուսաստանի հետ դիմակայության չեն գնում հանուն առանձին վերցրած որեւէ երկրի։
ԱլԳ անդամ երկրներից Բելառուսն արդեն իսկ Ռուսաստանի հետ ինտեգրման 28 ծրագիր է վավերացրել։ Բավական էր, որ «Գազպրոմը» Մոլդովային գազի եվրոպական գին առաջարկի, որպեսզի այդ երկիրն շտապի Կրեմլի հետ համաձայնության։ Ադրբեջանի դեպքում Եվրամիության հետ համագործակցության պայմանագիրն իսկ ստորագրված չէ, Հայաստանի մասին խոսելն իմաստ չունի։ Նման իրավիճակում Վրաստանը պարտադրված է մեղմել Ռուսաստանի հետ տարաձայնությունները։ Հակառակ քայլը շատ կնմանվեր ինքնասպանության՝ գոնե այս փուլում։
Տարածաշրջանի երկրներն, այսպիսով, անցնում են նոր դիրքավորումների՝ քանի դեռ չի ուրվագծվում, թե ինչ ընթացք կունենան ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Մեր դեպքում ՌԴ նախագահի կողմից հնչեցված՝ եռակողմ ձեւաչափով, հայ-ադրբեջանական սահմանազատման շուրջ համաձայնությունը որեւէ այլընտրանք չունի։ Խնդիրն այն է, թե Հայաստանի օրվա իշխանությունն ինչպես կկառավարի ներքաղաքական գործընթացները։ Հրամայական է, որպեսզի Ստեփանակերտը չներքաշվի։

նման նյութեր