Իսկ եթե Մակրոնը ձախողի՞․ «փարիզյան սկզբունքների» դառը նախադեպը

Միջազգային վերլուծաբանական կենտրոնները քննարկում են «Միասնական Եվրոխայի առաջնորդության» թեման։ Շարժառիթը Գերմանիայում իշխանափոխությունն է։ Ելակետային է դիտվում, որ վերջին տասը-տասնհինգ տարիներին Եվրամիության արտաքին քաղաքական եւ անվտանգային հարցերը «կոնսենսուսով կարգավորել են Ֆրանսիան եւ Գերմանիան»։ Կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հեռանալը հարուցում է որոշակի մտահոգություններ։ Չնայած տարաձայնություններին, Մերկելին հիմնականում հաջողվել է «գործընկերային հարաբերություններ պահպանել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ»։
Այս փուլում, ինչպես, օրինակ, ուրվապատկերում է «Նյու-Յորք թայմսի» խմբագրականը, (հիմք ենք ընդունում inosmi.ru-ի թարգամանաբար ներկայացրած սեղմագիրը) Ռուսաստանի համար «գայթակղություն է դառնում Ուկրաինայի հետագա մասնատումը կամ այնպիսի իրավիճակի ստեղծումը, երբ Կիեւը պարտադրված կլինի կայացնել Կրեմլի ազդեցությանը ենթարկվելու որոշում»։ Նոյեմբերի 19-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Չավուշօղլու-Լավրով հեռախոսազրույց։ Այդ մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ առկա են Թուրքիայի հասցեին կոշտ դիտողություններ՝ կապված այդ երկրի կողմից Ուկրաինային հարվածային ԱԹՍ-եր վաճառելու եւ տեխնոլոգիական համատեղ նախագծեր իրականացնելու մտադրության հետ։ Կողմերն անդրադարձել են նաեւ «Անդրկովկասի իրավիճակին»։
Ռուսաստանյան փորձագիտական աղբյուրները չթաքցրած անհանգստությամբ են անդրադառնում Թուրքիայի արտգործնախարարի Թեհրան այցելությանը։ Կարելի է հասկանալ այնպես, որ ռուսական կողմը թուրք-իրանական ենթադրվող համաձայնությունների մասին ինչ-որ տեղեկություններ ունի։ Դա ուղղակի առնչվում է հայ-ադրբեջանական չդադարող լարվածությանը։ Տպավորություն կա, որ Թուրքիան Իրանին փորձում է համոզել «Նախիջեւանի միջանցքի» հարցում։
Իրանական կողմի պատասխանը հայտնի չէ, բայց անցյալ շաբաթավերջին Բաքվում ԻԻՀ դեսպանը հանդիպել է փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին։ Իրանցի դիվանագետը Twitter-ում կատարել է գրառում, որ ադրբեջանցի պաշտոնյայի հետ քննարկել են «համատեղ ծրագրերի նախագծեր»։ Այլ պարագայում այդ գրաոումը, գուցե, սրված ուշադրության արժանի չլիներ, բայց Շահին Մուստաֆաեւը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի ադրբեջանական կողմից համանախագահն է, եւ Իրանի դեսպանի հանդիպումը նրա հետ տրամաբանական հարց է առաջ բերում՝ Իրան-Ադրբեջան ձեւաչափով քննարկվու՞մ է «Նախիջեւանի միջանցքի» հարցը։
Եվրամիության «առաջնորդության» խնդիրը մեզ համար նույնպես վերացական չէ։ Փորձագիտական մակարդակում բավական լայն շրջանառվում է վարկած, որ Ֆրանսիան «քննարկում է ԼՂ խնդրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ նոր բանաձեւ ներկայացնելու հնարավորությունը»։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ՝ կայացել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լե Դրիանի ուղղակի նախագահությամբ։ Դրան հաջորդել է Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպում։
«Մոնդ» թերթին հարցազրույցում Ֆրանսիայի ԱԳ նախարարը հրապարակայնացրել է, որ Ռուսաստանի հետ հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ քննարկումներ ընթանում են, առկա է «համագործակցության հնարավորություն»։ Երկու օր անց նույն թերթը հարցազրույց է կազմակերպել Հայաստանի արտգործնախարարի հետ։ Վերջինս գրեթե սենսացիոն հայտարարություն է արել, որ «ԼՂ հարցում պայմանավորվել են առաջ շարժվել փոքր քայլերով»։ Հայաստանի ԱԳ նախարարի այս հավաստիացումը ոչ մի կերպ չի ներգրվում նոյեմբերի 16-ի էսկալացիայի եւ դրանից հետո ստեղծված իրավիճակին։ Մյուս կողմից Բրյուսելում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման անոնսը հուշում է ինչ-որ գործընթացի մասին։
Ակնհայտ է Թուրքիայի դժգոհությունը։ Պաշտպանության նախարար Աքարը վերստին հայտարարել է, որ «Թուրքիան Ադրբեջանի կողքին է»։ Սա ուղղակի ազդակ է Իլհամ Ալիեւին՝ պահպանելու եւ որեւէ հարմար իրավիճակում ավելի մեծացնելու լարվածությունը հա-ադրբեջանական շփման գծում։ Եվրամիության, բայց հատկապես Ֆրանսիայի որեւէ նախաձեռնություն Թուրքիան չի կարող ողջունել։ Նման ոչ ուղղակի, բայց ենթատեքստով զգաստացնող շեշտադրումներ են անում նաեւ ռուսաստանցի փորձագետները։
Հռոմում G-20-ի գագաթաժողովից անջատ՝ բանակցություններ են վարել Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Ֆրանսիան «ամենավաղեմի եւ վստահելի դաշնակիցն է»։ Կողմերն ստորագրել են կոմյունիկե, որտեղ ԱՄՆ-ը ճանաչել է եվրոպական արագ արձագանքման ուժեր ձեւավորելու ֆրանսիական նախաձեռնությունը՝ համարելով, որ «դրանք համադրելի են ՆԱՏՕ-ին»։- Ֆրանսիայի համար սա կարեւոր համաձայնություն է։
Այդուհանդերձ, հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի գործնական կառավարելությունը մնում է Ռուսաստանի ռազմա-քաղաքական որոշումների տիրույթում։ Ֆրանսիան եւ Ռուսաստանը խոր տարաձայնություններ ունեն Հյուսիսային Աֆրիկայում։ Ֆրանսիայի արտգործնախարարը բաց տեքստով պահանջել է, որպեսզի «Վագներ» ռազմական մասնավոր խմբավորումը, որի կապը Ռուսաստանի կառավարության հետ Մոսկվան ժխտում է, դուրս բերվի Հյուսիսային Աֆրիկայից։
Հայ մի շարք փորձագետներ վտանգ են տեսնում, որ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը գործնականում «ոչ մի արդյունք չի տա», բայց փոխարենն Ալիեւը հնարավորություն կունենա անցկացնել լայն շփումներ, հրապարակայնացնել Ադրբեջանի մոտեցումները։ Քառասունչորսօրյա պատերազմին հաջորդած մեկ տարում դա Ալիեւի առաջին շփումը կլինի եվրոպական հեղինակավոր հարթակում։
Խնդրի զգայունությունը նրանում է նաեւ, որ եթե հայ-ադրբեջանական շփումների հարթակը Եվրամիություն տեղափոխելու կամ առնվազն այլընտրանքային ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը Ֆրանսիայինն է, ապա այդ երկիրն արդեն իսկ նախընտրական ռեժիմի մեջ է։ Չի բացառված, որ Մակրոնի կողմից դա ընդամենը հայազգի ընտրողների համակրանքը շահելու նպատակ է հետապնդում, իսկ նախագահական ընտրությունները կարող են բոլորովին այլ արդյունք ունենալ։ Ֆրանսիան մեկ անգամ էլ 2000-ականների սկզբին է ԼՂ կարգավորման նախաձեռնություն ցուցաբերել՝ «փարիզյան սկզբունքների» տեսքով, բայց՝ ապարդյուն, իսկ իշխանափոխությունից հետո Փարիզն առհասարակ ստանձնել է դիտորդի դեր։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում Subscribe

նման նյութեր