Site icon politcom

Սոչիի մերձավորարեւելյան «ուրվականը»

Միջազգային մամուլում քննարկվում է Իսրայելի կառավարական «ճգնաժամի» թեման։ Գործող վարչապետ Բենետը խորհրդարանում «տեխնիկական մեծամասնություն» ունի, որին մաս են կազմում նաեւ արաբ  պատգամավորներ։ Իրավիճակին առանձնակի զգայունություն է տալիս այն, որ արտաքին գործերի նախարար Լապիդը կոալիցիոն համաձայնությամբ որեւէ ժամկետով պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը, մինչդեռ Իսրայելի համար հասունանում է «կրիտիկական որոշում կայացնելու անհրաժեշտություն», ինչպես ձեւակերպել է արեւմտյան դիվանագետներից մեկը՝ ըստ իսրայելական «Հաարեց» պարբերականի, որին հղում է անում inosmi.ru կայքը։
Նոյեմբերի 29-ին Վիեննայում վերամեկնարկում են Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները։ Համաձայնության հավանականությունը չափազանց նվազ է։ Իսրայելում այդ հարցը գնահատում են որպես «էքզիստենցիալ», քանի որ Իրանն ունի «հրեական պետությունը ոչնչացնելու ծրագիր»։ Թեհրանում, ընդհակառակը, Իսրայելն են համարում Մերձավոր Արեւելքի «գլխավոր սպառնալիքը»։ Միացյալ Նահանգները սատարում է Իսրայելին։ Վերջերս Սոչիում Իսրայելի վարչապետը հաջող հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։
Այդուհանդերձ, ինչպես գտնում է իսրայելական «Մոսադի» նախկին տնօրեն Կոենը, հրեական պետությունը «պետք է գործի առանձին»։ Նրա կարծիքով՝ Իրանի միջուկային կենտրոնների «ոչնչացումը բարդ, բայց ամենեւին էլ անհնարին չէ»։
Հետախուզական ծառայության նախկին տնօրենի տեսակետը կիսում է նաեւ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Էշելը եւ ավելացնում, որ Իսրայելը «պատրաստ է Իրանի դեմ գրոհել հենց այսօր»։ Ըստ արեւմտյան աղբյուրների՝ Միացյալ Նահանգները զգուշացրել է Իսրայելի վարչապետին՝ չդիմել «կրիտիկական քայլերի»։
Արաբական աշխարհի մամուլը համոզված է, որ հարձակման ենթարկվելու դեպքում Իրանը ոչ միայն սեփական, այլեւ Լիբանանի եւ Իրաքի տարածքից «ավերիչ հրթիռային հարվածներ կհասցնի Իսրայելին, ինչի հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում մեծ կորուստներ կլինեն՝ չխոսած ենթակառուցվածքների եւ տնտեսական օբյեկտների ոչնչացման մասին»։ Իսրայելի արտաքին գործերի նախարարը զուսպ դիրքորոշում է արտահայտել, որը հանգում է հետեւյալին․ Իրանը կարող է միջուկային խաղաղ ծրագրերի իրականացրել՝ ՄԱԳԱՏԷ-ի խիստ վերահսկողության ներքո։
Ըստ երեւույթին, դա մոտ է ամերիկյան տեսակետին։ Խնդիրն այն է, թե պատժամիջոցների մեղմացման դիմաց Իրանը կհամաձայնի՞ հրաժարվել ուրանի հարստացման եւ միջմայրցամաքային հրթիռաշինության իր ծրագրերից։ Փորձագիտական ոչ մի հեղինակավոր աղբյուր  որեւէ հավանական կանխատեսում չի անում։ Վիեննայում նոյեմբերի 29-ին վերամեկնարկող բանակցությունների ընթացքից եւ ենթադրյալ արդյունքից կամ ձախողման հետեւանքներից, անկասկած, համապատասխան եզրակացություններ են անելու առաջին հերթին Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի երկրները։
Մոտ երկու ամիս առաջ մեր կողմից կանխատեսվել էր Իրան-Ադրբեջան մերձեցում։ Այդ հավանականությունը պահպանվում է նաեւ այսօր՝ Թուրքիայի ներգրավմամբ։ Նկատվում է, սակայն, որ իրանական կողմը պաուզա է պահում․ չի կորցնում հնարավորությունը, բայց եւ «գրկաբաց» չի ընդառաջում ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին։ Անկասկած, դա պայմանավորված է Վիեննայի բանակցություններից ակնկալիքներով։ Եթե Իրանին հաջողվի Ռուսաստանի եւ եվրոպական որոշ երկրների օգնությամբ «կոտրել» Միացյալ Նահանգների չափազանց կոշտ դիրքորոշումը, ապա նա Թուրքիայի հետ բանակցություններում կստանա բոնուս, իսկ եթե երկխոսությունը խզվի, ապա Թեհրանը, հավանաբար, կփորձի «Թուրքական աշխարհի» հետ հարաբերություններին ներգրավել նաեւ ռուսական կողմին։
Տարածաշրջանային ֆորս-մաժորի դեպքում, եթե Իսրայելը սպառնալիքներից անցնի գործնական քայլերի, լարվածությանը ներգրավվելու է նաեւ Ադրբեջանը։ Արդեն ավելի քան երկու տասնամյակ է՝ Իսրայելը հետախուզական ներկայություն ունի Ադրբեջանում, ինչպես նաեւ՝ դիտարկման տեխնոլոգիական կենտրոններ։ Իրանի միջուկային թիրախները խոցելու համար Իսրայելն Ադրբեջանի տարածքում ունեցած հնարավորությունները գործի է դնելու։
Դեպքերի նման ոչ ցանկալի զարգացումը սպառնալիք է նաեւ Հայաստանին։  Հայաստանի դեմ նոր ագրեսիվ քայլերի դիմելու համար նման իրավիճակն Ադրբեջանին ձեռնտու է բոլոր առումներով։ Ի՞նչ պայմանավորվածություններ ունեն Ռուսաստանը եւ Իսրայելը։ Բավական խորհրդանշանական է, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը կազմակերպվում է Սոչիում, որտեղ մինչ այդ ՌԴ նախագահն ընդունել է Իսրայելի վարչապետին։
Անոնսավորված է, որ եռակողմ ձեւաչափից զատ ՌԴ նախագահն առանձին քննարկումներ կունենա Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։ Դա վկայում է, որ բանակցությունները շոշափելու են ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ տարածաշրջանային ավելի լայն օրակարգին առնչվող խնդիրներ։ Սոչիի բանակցություններից երկու օր հետո Դուշանբեում, հնարավոր է, կկայանա Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում։ Կհաջորդի՞ դրան հայ-իրանական բարձր մակարդակի շփում։

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version