Site icon politcom

Նոր Գեղի համայնքի հանրակացարանների քարանձավային վիճակը․․․

Նոր Հաճն խոշորացված համայնքի ընտրությունների ընթացքում իրականացված ընտրարշավը ինձ համար համայնքային խնդիրների բացահայտումների փուլ դարձավ։ Ես հասկացա և անձամբ տեսա, թե ինչպիսի պայմաններում են ապրում Բաքվից գաղթած մեր հայրենակիցները։ Ինձ մոտ տպավորություն էր, որ գտնվում եմ գետտոյացած մի տարածքում, ուր տիրում էր այնպիսի անմխիթար վիճակ, որ ցանկություն էր առաջանում վարկյան առաջ տարածքը լքել։ Մութ ու քանդված միջանցքներում կախված էին հոսանքի լարեր, քայլելն առանց հեռախոսի լուսավորության հնարավոր չէր։ Ամենազավեշտալին սկսվեց, երբ մեր ձայներին արձագանքեց տիկին Էմման, որն արցունք աչքերին պատմում էր և ցույց տալիս իր ապրած պայմանները։ Տիկին Էմման բացեց իր բնակարանի դուռը, մեզ ներս հրավիրեց։ Առաջինն աչքի ընկավ առաստաղը, որն այնքան էր անձրևաջրերից խոնավացել, որ ամբողջովին կախվել էր և տան տերերը հեռուստացույցը ծածկել էին մոմլաթով։

Տպավորություններս, մեղմ ասած, մտահոգիչ էին և դրանք վերջնականապես հաստատվեցին նույն համայնքում գտնվող, անտեսված ու մոռացված «գեոլոգների շենքեր» այցելելով՝ հանրակացարանային շենքերի շարունակությունը, ուր ապրում էին դարձյալ փախստականներ։

Ընտրարշավից արդեն անցել են օրեր, բայց անկախ արդյունքներից մեր թիմը չի դադարելու այդ քաղաքացիների հետ կապված հարցերը դարձնել օրակարգային, լուսաբանել դրանք և հասցնել հասցեատերերին։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը անելու է ամեն ինչ, որ այս քաղաքացիները իրենց բնակավայրում իրենց չզգան լքված, մոռացված ու անտեսված։ Մենք անպայման նրանց կրկին կայցելենք, քանի որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում․․․

Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում

Exit mobile version