Մոսկվա-Նյու-Դելի․ Սյունիքը՝ «խաչմերու՞կ»

Մոսկվա-Նյու-Դելի․ Սյունիքը՝ «խաչմերու՞կ»

Կրեմլի պաշտոնական կայքը լայն լուսաբանել է ՌԴ նախագահի այցը Հնդկաստան։ Նշանակալի է, որ Վլադիմիր Պուտինը Նյու-Դելի է մեկնել ԱՄՆ նախագահի հետ հեռավար «գագաթնաժողովի» նախօրեին։ Բանն այն է, որ Հնդկաստանը Միացյալ Նահանգների, Ավստրալիայի եւ Ճապոնիայի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում քաղաքական եւ որոշակի իմաստով նաեւ ռազմական համագործակության մեջ է՝ միանալով Չինաստանի «զսպման» ամերիկյան ծրագրավորումներին։
ՌԴ նախագահի Հնդկաստան այցը տեղի է ունենում այդ երկրին C-400 ՀՕՊ հրթիռային համակարգ վաճառելու պայմանավորվածության մասին տեղեկատվության պաշտոնական հաստատման համապատկերին։ Գործարքն իրականություն կդառնա մինչեւ տարեվերջ եւ կարժենա ավելի քան հինգ միլիարդ դոլար։ Ուշագրավ է, որ ամերիկյան մի խումբ կոնգրեսականներ եւ սենատորներ դիմել են նախագահ Բայդենին՝ հորդորելով Հնդկաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառել։
Այս առթիվ ծավալուն վերլուծական է հրապարակել թուրքական Anadolu պետական գործակալությունը։ Հեղինակը, որ, անկասկած, արտահայտում է Թուրքիայի կառավարության տեսակետը, համարում է, որ ԱՄՆ-ը Հնդկաստանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառի, քանի որ «այդ համակարգը Նյու-Դելին ձեռք է բերում Պակիստանի դեմ, իսկ վերջինս իսլամական երկիր է»։ Խնդիրն, իհարկե, Պակիստանի իսլամադավանությունը չէ։ Այլ դեպքերում, մասնավորապես՝ Աֆղանստանի հարցում, ԱՄՆ-ը Պակիստանի հետ երկարմյա եւ արդյունավետ համագործակցության հարուստ ավանդույթներ ունի։
Հնդկաստանի պարագայում Միացյալ Նահանգների շատ հավանական լոյալությունը պայմանավորված է նրանով, որ Չինաստանը եւ Պակիստանը բազմաթիվ հարցերում հանդես են գալիս համաձայնեցված դիրքերից, իսկ Հնդկաստանը եւ Չինաստանը սուր, այդ թվում՝ սահմանային հարցերում, տարաձայնություններ ունեն։ Վերջին անգամ 2020թ․ ամռանը ճգնաժամից հաջողվել է խուսափել Ռուսաստանի միջնորդությամբ։ Սկզբունքորեն ԱՄՆ-ին ձեռնտու է Հնդկաստանի ազդեցության մեծացումը ոչ միայն Ասիա-խաղաղօվկիանոսյան, այլեւ Հարավա-արեւելյան եւ նույնիսկ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։
Միջազգային վերլուծաբանական շրջանակները տպավորություն ունեն, որ Ռուսաստանի նախագահի Հնդկաստան այցի արդյունքներով կողմերի «հարաբերությունների ավելի սերտացման մտադրությունների մասին հայտարարությամբ աշխարհաքաղաքական հավասարակշռության հեռանկար է ստեղծվում»։ Իբրեւ նախանշան՝ ի ցույց է դրվում, որ Նյու-Դելիում Վլադիմիր Պուտինին ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Սերգեյ Շոյգուն։ Հնդկական կողմից նույնպես վարչապետի հետ միասին բանակցություններին մասնակցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները։
Դիտարժան է, որ Հնդկաստան ՌԴ նախագահի այցից ընդամենը մեկ շաբաթ առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ «Ռուսաստանը եւ Չինաստանը «Թուրքական աշխարհի» ավանդական մասն են»։ Սրանով Չավուշօղլուն, կարծես, մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին։ «Թուրքական աշխարհին» Ռուսաստանի մասնակցության մասին քաղաքագիտական մակարդակի տեսակետներ նաեւ ռուսական մամուլում են դրսեւորվել։
Anadolu-ի վերլուծականի տոնայնությունից հետեւում է, որ ռուս-հնդկական հնարավոր ավելի սերտ համագործակցությունը Թուրքիայի իշխանությունների համար խիստ մտահոգիչ է։ Թուրք մեկնաբանը վկայակոչել է Հնդկաստանի պաշտպանության փոխնախարարի այն միտքը, որ առանց Ռուսաստանի հնդկական նավերը չեն կարող լողալ, ինքնաթիռները՝ թռչել; Հնդկաստանը բավական արագ զարգացող երկիր է, նրա Զինված ուժերի սպառազինության ավելի քան 60 տոկոսը ռուսական արտադրության է։
Ռուս-հնդկական ռազմավարական համագործակցության հեռանկարը բավական կայունացնող ազդեցություն կարող է թողնել նաեւ մեր տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա։ Ոչ ոք այլեւս չի թաքցնում, որ «Նախիջեւանի միջանցք» նախագծով հավասարապես շահագրգռված են թե թուրք-ադրբեջանական, թե չին-պակիստանյան կողմերը։ Եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանի նախագահը Հնդկաստան է այցելում այդ երկրի արտաքին գործերի նախարարի Հայաստանում վարած բանակցություններից հետո, ապա, թերեւս, կարելի է զգուշավոր լավատեսությամբ գնահատել Պարսից ծոց-Սեւ ծով հաղորդակցության նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխությունը։
Այդ դեպքում Հայաստանը «Նախիջեւանի միջանցքի» եւ առհասարակ տարածաշրջանում հաղորդուղիների բացման կամ նորերի ստեղծման բանակցություններում, ամենայն հավանականությամբ, կունենա դիվանագիտական հավելյալ հնարավորություն։ Ըստ երեւույթին, նման հեռանկարը նկատի ուներ Իլհամ Ալիեւը, երբ Աշխաբադում «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը» գնահատում էր որպես «հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք հաղորդակցության խաչմերուկ»։ Ռուսաստանի նախագահի եւ Հնդկաստանի վարչապետի բանակցությունների մասին պաշտոնական տեղեկատվության մեջ այդ մասին ոչինչ հիշատակված չէ, բայց դրանից անվերապահորեն չի հետեւում, թե խնդիրը չի քննարկվել։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ կողմերը մտադրված են մոտ ապագայում ապրանքաշրջանառության ծավալները հասցնել տարեկան 30 միլիարդ դոլարի։

նման նյութեր